Հետաքրքրված անձանց առաջին ընդհանուր ժողով
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում
Նախաձեռնող խմբի կողմից կներկայացվի հեռուստաընկերության հայեցակարգի նախագիծը, իրավակազմակերպչական տեսակը, տեխնիկական լուծումները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրներն ու եղանակները, բովանդակության մասին պատկերացումները եւ այլն:
Արբանյակային հեռուստահաղորդումները տարածվելու են ամբողջ Հայաստանի տարածքում եւ սփյուռքում: Բացի այդ, հաղորդումները տարածվելու են համացանցում, իսկ կաբելային հեռարձակողների եւ Հայաստանի վերգետնյա` սովորական եղանակով հեռարձակող ընկերությունների ցանկության դեպքում, նաեւ` այդ ալիքներով:
Գաղափարը նոր չէ եւ հենվում է այս ոլորտում Հայաստանի պատմության վերջին 15-18 տարվա փորձառություն ունեցող մարդկանց ու մասնագետների մտահղացումների, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության Ժողովրդական հեռուստատեսության գաղափարի, իսկական հանրային բովանդակությամբ հեռուստաարտադրության կարիքի մասին մի քանի տասնյակ մասնագետների արտահայտած մտահոգությունների վրա: Ժամանակը ցույց տվեց, որ անգամ սրընթաց զարգացող համացանցային մեդիան եւ սոցիալական ցանցերը չեն կարող փոխարինել իսկական հանրային հեռուստատեսությանը:
Հայաստանի արբանյակային իսկական հանրային հեռուստաընկերության հիմնադրման միանվագ եւ գործունեության առաջին տարվա մոտավոր ծախսերը կազմում են 850.000-1.200.000 դոլար:
Ակնկալվում է, հանրության, ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, կազմակերպությունների եւ հիմնադրամների լայն ներգրավումը ֆինանսահայթայթման եւ ռազմավարության կառուցման գործում: Բոլոր գործողությունները եւ օժանդակությունները լինելու են հրապարակային:
Հոկտեմբերի 10-ի ժողովից կկազմակերպվի ուղիղ ինտերնետային հեռարձակում, հասցեն կհաղորդվի լրացուցիչ: