Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դումանյանը հրամայել է բոլոր նորածիններին «Վիտամին Կ» ներարկել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2013 16:14

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ բոլոր նորածիններին կյանքի առաջին 4 ժամվա ընթացքում պետք է «Վիտամին Կ» ներարկեն: Սա լինելու է անվճար, այսինքն` ծնողների գրպանից ոչ մի դրամ չի ծախսվի, «Վիտամին Կ»-ի խմբաքանակը բուժհաստատություններն են ձեռք բերելու տենդերի միջոցով:

Aravot.am-ի հետ զրույցում Ան մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ասաց, որ աշխարհում «Վիտամին Կ»-ի միջոցով հնարավոր է կանխել միլիոնավոր երեխաների հաշմանդամությունն ու մահը. «Վիտամին Կ»-ի շնորհիվ երեխաների մոտ արյան մակարդելիության համակարգը գործում է լիարժեք, երբ առաջանում է այդ վիտամինի դեֆիցիտը, որովհետեւ ներարգանդային կյանքում այդ պաշարը բավարար չի լինում, երեխաների ծննդից հետո լինում է արյան զեղում, առաջին հերթին` ուղեղում, որը կարող է հանգեցնել կամ մահվան, կամ 100 տոկոսանոց հաշմանդամության»:

Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ էր հրատապ խնդիրը եւ կա՞ն տվյալներ թե Հայաստանում որքան նորածնային մահ է լինում «Վիտամին Կ»-ի պատճառով, տիկին Սարիբեկյանն ասաց, որ Հայաստանում «Վիտամին Կ»-ի ներարկման, այսպես ասած` ծրագրի անհրաժեշտությունը հենց նեոնատալ բժիշկներն են բարձրացրել եւ հորդորել նախարարությանը քայլեր ձառնարկել. «Նախկինում մանկական մահացության մեջ հանկարծամահությունը մեծ տոկոս էր. երեխան քնեց, չարթնացավ, հանկարծամահ եղավ: Շատ հաճախ այս երեւույթները կարող էին կապված լինել արնազեղության հետ: Հիմա, վերջին տարիների ընթացքում ախտորոշվում է, եւ տեսնում ենք մոտ 90 դեպք այս 5-6 տարիների ընթացքում, արնազեղության պատճառ է. սա դեռ ախտորոշված դեպքերն են, կան նաեւ ոչ ախտորոշվածները` տնային դեպքեր, եւ մոտ 10 տոկոս մահվան դեպք: Եթե անգամ երեխան կենդանի է մնում, ապա կյանքն ուղեկցվում է հաշմանդամությամբ: Ուստի, այս խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է բոլոր նորածիններին ներարկել «Վիտամին Կ»:

Մեր այն դիտարկմանն էլ, որ բազմաթիվ ծնողներ գուցե ընդդիմանան, ինչպես եղավ պատվաստումների ժամանակ, տիկին Սարիբեկյանն ասաց,որ եթե ծնողը հրաժարվի «Վիտամին Կ»-ի ներարկումից, ապա ոչ ոք չի կարող ստիպել նրան, սակայն ծնողներին պետք է բացատրել այս վիտամինի անհրաժեշտությունը, որովհետեւ, հնարավոր է կյանքի առաջին շրջանում չերեւա այս վիտամինի բացակայության հետեւանքով առաջացած խնդիրը, բայց երեւա ավելի ուշ, իսկ խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է ծննդյան առաջին 4 ժամվա ընթացքում ներարկել:

Aravot.am-ի այն հարցին, թե դա բուժհաստատությունների համար ավելի՞ ծախս է եւ հնարավոր է մերժեն, կամ իրենց ծառայությունները թանկացնեն, տիկին Սարիբեկյանն ասաց, որ նման բան չի լինի, իսկ դեղամիջոցի մեկ ամպուլան, ըստ մասնագետի, մոտ 1 դոլար է. «Սա այնքան էլ մեծ ծախս չէ հիվանդանոցի համար»: Իսկ թե որ ընկերություններն են ներկրելու դեղամիջոցը, մեր այս հարցին էլ, մասնագետն ասաց, որ նախարարությունը թույլ է տվել «Ռոշ» ընկերությանը պետպատվերի շրջանակում գրանցել «Վիտամին Կ»-ն, այսինքն` պետտուրք չի վճարվել, իսկ ներկրելու են «Նատալի ֆարմը»,«Վագա ֆարմը» եւ «Ալֆա ֆարմը»:

Այսօր առողջապահության նախարարությունը, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի հետ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում «Վիտամին Կ»-ի կիրառումը նեոնատալ բժշկության մեջ» թեմայով խորհրդաժողով էր կազմակերպել բժիշկների եւ առողջապահության կազմակերպիչների համար:

Խորհրդաժողովում հարց հնչեց «Վիտամին Կ»-ի գնումներով ձեռք բերման մասին, թե արդյոք հնարավո՞ր է տարվա կեսից էլ մրցույթ հայտարարել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031