Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:
Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանում բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ:
Արտակ Վերանյանի փաստաբան Մհեր Դավթյանը եւս միացավ բացարկին:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ոչ մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանը եւ ոչ էլ Լոռու մարզի դատախազության այլ դատախազ չեն կարող մասնակցել սույն քրեական գործով վարույթին որպես մեղադրող:
Կարդացեք նաև
«Քրեական գործի նույնիսկ մեկ փաստաթղթի, մեղադրական եզրակացությանը ծանոթանալով ակնհայտ է, որ քրեական գործով մինչդատական վարույթը ընթացել է քրեադատավարական օրենքի էական եւ ոչ էական բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ նյութական իրավունքի ակնհայտ խախտմամբ: Այդ ընթացքում` մինչեւ գործը դատարան ուղարկելը, հսկողություն իրականացնող դատախազը հետաքննության, հետաքննական եւ դատաքննական մարմինների կողմից թույլ տված խախտումներին որեւէ ձեւով չի արձագանքել: Խախտվել է նույնականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, ապացույցների ազատ գնահատման եւ այլ սկզբունքներ, որոնց ես առանձին-առանձին մանրամասն անդրադառնալու եմ փաստաթղթերի հրապարակման փուլում»,-ասաց փաստաբանը:
Նա նկատեց, որ նախաքննական մարմինը, բնականաբար, դատախազության թույլտվությամբ, այդպես էլ չի ապահովել իր պաշտպանյալների հակընդդեմ հայցման իրավունքը, ավելին, դեպքին ականատես վկաներից մեկի պարագայում մոտ 5 ամիս չի կատարել առերեսումը, մինչեւ որ այդ վկան, իրենց համոզմամբ, մեղադրանքի կողմի աջակցությամբ, հեռացել է Հայաստանից:
«Ապօրինությունների շարանը կարելի է թվարկել շատ երկար, եւ այդ ամենը ընթացել է մեղադրող Գրիգորյանի ուշիմ հսկողության ներքո: Նախաքննության ընթացքում խախտումները, թերացումները, նաեւ ապօրինությունները, դրանց նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որեւէ արձագանք չտալու դեպքերը հիմնավորում են, թե ինչ սկզբունքով են ղեկավարվել դատախազությունը եւ մեղադրողը դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն իրականացնելիս: Պաշտպանության կողմի մոտ Լոռու մարզի դատախազության վերը նշված մոտեցումները ողջամիտ կասկած են հարուցում տվյալ քրեական գործում ամբաստանյալ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի վերաբերյալ անկողմնակալության մեջ: Նման դիրքորոշումը բացառում է մեղադրող Գրիգորյանի եւ Լոռու մարզի դատախազության ցանկացած դատախազի հետագա մասնակցությունը սույն քրեական գործով վարույթին` որպես մեղադրողի»,-ասաց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը չառարկեց փաստաբանի բացարկին`թողնելով դրա բավարարումը դատարանի հայեցողությանը:
«Եթե դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի ներկայացված հիմքերը բացարկ հայտնելու առումով համապատասխանում են, եւ գտնի, որ նման խախտումներ տեղի են ունեցել, ես չեմ կարող առարկել»,-իր խոսքում նշեց իրավապաշտպանը:
Մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանը դատարանից ժամանակ խնդրեց պատշաճ կերպով պատասխանելու փաստաբանի բացարկին:
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ