Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը երկու անգամ զրուցել է վարչապետի հետ, բայց այդպես էլ չի կարողացել պարզել՝ գազի գնի վերաբերյալ պայմանագիր կա՞, թե՞ ոչ (տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2013 15:50

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հերթական անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանից խնդրեց՝ ցույց տալ, ներկայացնել, տրամադրել այն պայմանագիրը, որի համաձայն Հայաստանում գազի գինը բարձրացել է:

Բոլորի համար անակնկալ էր վարչապետի պատասխանը, որ պայմանագիրը դեռ ստորագրված չէ:

Մինչեւ հիմա տարբեր գործիչներ փորձում են գլուխ հանել՝ արդյոք թյուրըմբռնո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ իսկապես գազի գինը թանկացրել են՝ առանց որեւէ իրավական հիմք ունենալու:

Այսօր խորհրդարանում Արամ Մանուկյանը այս հանելուկի լուծման համար խնդրանքով դիմեց լրագրողներին: Նա ասաց, որ ինքն էլ էր կարծում, թե ինչ-որ տարըմբռնում է տեղի ունեցել, ինքն ու վարչապետն իրար ճիշտ չեն հասկացել, բայց, պարզվում է, չորեքշաբթի օրը, հարցուպատասխանից հետո ինքը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ, եւ հասկացել են, որ ոչ մի թյուրընկալում էլ չկա: «Ինքը ինձ բացատրեց, թե ինչպես է հնարավոր եւ ինչ ձեւերով են գազի գինը ձեւավորում՝ առանց պայմանագրի, լուրջ, սթափ խոսակցություն էր: Ես իրավունք չունեմ, կոռեկտ չի լինի, որ բոլոր մանրամասներն ասեմ, բայց նա դրա մասին էր խոսում: Հովիկ Աբրահամյանն էլ էր շփոթված, զարմանում էր, թե՝ ո՞նց է հնարավոր, որ գազի գինն առանց պայմանագրի թանկանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ հետաքրքրվեցինք, ասացին, բացառված է, Ռոբերտ Նազարյանն էն մարդը չի, որ առանց պայմանագրի գազի գին բարձրացնի»:

Հարցը մինչեւ վերջ չի պարզաբանվել, պարոն Մանուկյանը մինչեւ վերջ էլ չի հասկացել, թե ինչի՞ մասին է խոսքը, եւ այս ի՞նչ հանելուկ է: Նրա խոսքերով՝ երեկ երեկոյան իրեն է զանգահարել վարչապետը. «Հարցնում էր, թե ես գրավոր հարցում ուղղե՞լ եմ: Ասացի՝ Տիգրա՛ն, ես վեց ամիս է՝ պատռվում եմ պառլամենտում, գազի գնի պայմանագիր եմ ուզում ձեզնից, բոլոր հարցուպատասխանների, հայտարարությունների ժամին դա եմ խոսում, ի՞նչ գրավոր: Ասաց՝ ես գիտեի, թե դու պետական պայմանագրի մասին ես հարցնում: Ես ասացի՝ նայենք բոլոր սղագրությունները, ամեն ինչ, ոչ մի տեղ «պետական» բառը չկա»:

Խոսակցության վերջում պարոն վարչապետը խոստացել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ ճշտել եւ զանգել: Դեռ չի զանգել: Այդուհանդերձ, այս հանելուկից պարոն Մանուկյանը երկու ենթադրություն է ունեցել՝ կամ պայմանագիր չկա, կամ ինչ-որ բան կա, բայց այնպիսի վատ բաներ կան, մեջը, որ չեն ուզում հրապարակել: Ոչ թե պետական գաղտնիք, այլ պայմաններ, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ բաներ է խոստացել, իրեն խեղճացրել են, դրա համար չեն ուզում հրապարակել»:

Ու չնայած պարզ չի, թե որ վարկածն է ճիշտ, եզրահանգումը, ըստ ՀԱԿ պատգամավորի՝ մեկն է՝ «Երկու սարգսյաններն էլ անլուրջ մարդիկ են»:

Պարոն Մանուկյանի ողջ պարզաբանումները կարող եք դիտել տեսանյութում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031