Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այսօր շրջայց կատարեց քաղաքում, ծանոթացավ իրականացվող ծրագրերին:
Փոխվարչապետն այցելեց նաեւ այն հաստատություններ, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Ընկերության միջոցներով ներկայումս հիմնանորոգվում են Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում են եղել:
Ընկերության պատասխանատուները տեղեկացրեցին, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի կեսերին` մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն դրամ է, եւս 26 մլն դրամ փոխանցվել է Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամին: Բացի այդ, կառուցվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա մարզական համալիրը, նախատեսվում է կառուցել թիվ 1 դպրոցի սանհանգույցը:
Ընկերության ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ազդակիր մյուս` Գնդեվազ, Սարավան եւ Գորայք համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների բարելավման, համայնքների զարգացման, կրթական եւ առողջապահական տարբեր ծրագրերի մասին: Ընկերությունը նախատեսում է շարունակել ու ընդլայնել դրանք եւ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաշվի կառնեն նաեւ տվյալ համայնքի առանձնահատկությունները. մասնավորապես Գնդեվազում նախատեսվում է առաջիկայում ստեղծել չրերի պատրաստման կոոպերացիա, Գորայքում իրականացվում է գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման ծրագիր: Ջերմուկում եւ նշված երեք գյուղական համայնքներում ընկերության կողմից տարեկան կատարվում է շուրջ 350 հազար դոլարի ներդրում:
Կարդացեք նաև
Փոխվարչապետը կարեւորեց մարզերում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների կողմից շրջակա համայնքների աջակցության ծրագրերի իրականացումը` ընդգծելով
սոցիալական պատասխանատվության բաղադրիչի անհրաժեշտությունը: Ըստ նրա` պետական, մասնավոր եւ համայնքային միջոցների համախմբումն ու թիրախային օգտագործումը հնարավորություն կտա լուծել համայնքներում առկա մի շարք խնդիրներ եւ նպաստել համայնքների հետագա զարգացմանը:
Փոխվարչապետն այնուհետեւ մասնակցեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովի «Տեղական ինքնակառավարման ոլորտ. համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասության շրջանակը, ընթացիկ խնդիրներն ու լուծման առաջարկները» խորագրով թեմատիկ քննարկմանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին