Լրահոս
Օրվա լրահոսը

Կմեկնարկի «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը

Հոկտեմբեր 04,2013 15:12

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության մամուլի ասուլիսը` նվիրված հայկական երկրորդ միջազգային համաժողովի` «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ի մեկնարկին:

Ողջունելով ներկաներին` «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասաց. «Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը՝ «Վիքիմեդիա» հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում է երկրորդ միջազգային համաժողովը` նվիրված Հայաստանում Վիքի մշակույթի տարածման և հայերեն կրթական ու մշակութային բովանդակության զարգացման խնդիրներին»: Նա նաև հայտնեց, որ կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Ուկրաինայի Վիքիմեդիա կազմակերպությունների խորհրդի անդամներ և տարբեր Վիքի նախագծերի հեղինակներ: Նրանք ներկայացնելու են իրենց երկրներում Վիքի նախագծերի զարգացման խնդիրներն ու ձեռքբերումները, «Վիքիմեդիա» տարածքային կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև Վիքի աշխարհի վերջին զարգացումներն ու նորույթները:

Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն կոնֆերանսը դարձնելու ամենամյա, իսկ կոնֆերանսի նպատակը գիտական ներուժի ներգրավումն է Վիքի նախագծերում:

Ասուլիսին մասնակցում էր նաև «Վիքիմեդիա» հիմնադրամի ավագ ծրագրավորող, «Վիքիպեդիա Զերո», Media Viki API և այլ նախագծերի հեղինակ Յուրի Աստրախանը, որը, «Վիքիպեդիայի» գոյության փաստը համարելով մեծ ռեսուրս, ասաց. «Ինչպես գիտենք, այսօր բջջային հեռախոսներ ունեն անգամ ամենաաղքատ երկրները, բայց, ցավոք, «Վիքիպեդիա»-ն ոչ բոլորին է հասու ֆինանսական պատճառներով, և մենք փորձում ենք տարբեր կազմակերպությունների հետ համատեղ այնպես անել, որ բջջային հեռախոսի միջոցով այն հասանելի լինի բոլորին»:

Կոնֆերանսը կանցկացվի բաց քննարկումների ձևաչափով: Վիքի խմբագիրները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները, մտահոգությունները և առաջարկները: Բացի օրակարգում ընդգրկված ելույթներն ու քննարկումները, տեղի կունենան զուգահեռ աշխատաժողովներ` նորեկների և փորձառու վիքիպեդիստների համար:

Կոնֆերանսը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում` հոկտեմբերի 5-ին և 6-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031