ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանն այսօր իր լիազորությունները հանդիսավոր պայմաններում հանձնեց սեպտեմբերի 14-ին 4 տարի ժամկետով փաստաբանների պալատի նախագահ ընտրված Արա Զոհրաբյանին:
913 փաստաբան նշյալ օրը մասնակցել էր ընտրություններին, իսկ նրանցից 713-ը իրենց ձայնն էին տվել Արա Զոհրաբյանին:
Այս ընտրություններում Ա.Զոհրաբյանն ուներ երկու մրցակիցներ՝ Կրոմվել Գրիգորյանն ու Տիգրան Աթանեսյանը:
Ռուբեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, իր աշխատակազմի ղեկավար Լեւոն Տեր-Ավետիքյանին, սակայն սխալվեց եւ շնորհակալությունը հնչեց այսպես. «Շնորհակալություն Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Կարդացեք նաև
Երբ դահլիճը «քարացավ», նա «ուղղեց» սխալը…հետեւեցին ծափերը:
Ռուբեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ համագործակցության համար, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, կապված փաստաբանի նկատմամբ կատարվածի եւ ոստիկանության ներողության համար, միջազգային հասարակական կազմակերպություններին:
Արա Զոհրաբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց փաստաբաններին, նա ասաց, որ իր եւ փաստաբանների միջեւ հարաբերությունները պայմանագիր են, որը պետք է կատարվի:
Նրա առաջին որոշումն էր Ռուբեն Սահակյանին պարգեւատրել ոսկե մեդալով, իսկ փաստաբանների հիմնի, որը գրել է փաստաբան Կարեն Մանուչարյանը, ներքո էլ դահլիճ բերվեց Գոշի «Դատաստանագիրքը», որը հանձնվեց Արա Զոհրաբյանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ