«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ինքը չի լուսանկարել եւ չի լուսանկարի իր քվեն երբեւէ, որպեսզի ապացուցի, որ իր խոսքն ու գործը նույնական են. «Մարդ չպիտի ապացուցի, որ ինքը ուղտ չի»:
Պարոն Հակոբյանին ուղղված հարցերը հիմնականում պտտվում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի շուրջ: Պարոն Հակոբյանն ասաց, որ դեռ չի խոսել տիկին Փոստանջյանի հետ, այդուհանդերձ, նորից կրկնեց, որ կարծում է, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չպետք է շտապեր եւ Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու մասին հայտարարություն աներ: «Ամեն ինչից զատ՝ ես խորհուրդ տվեցի չշտապել եւ նման հայտարարությամբ հանդես չգալ, որպեսզի դա չօգտագործվի պետության դեմ, չասեն, որ քաղաքական հետապնդումներ են իրականացվում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ