Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ռիմա Դեմիրճյանը բացահայտում է Հոկտեմբերի 27-ի զոհերի կանանց զրույցը՝ Քոչարյանի եւ Ջհանգիրյանի հետ

Հոկտեմբեր 04,2013 12:49

Նա անհեթեթ է համարում Ռոբերտ Քոչարյանի բացատրությունը, թե Կարեն Սերոբիչը եթե վեր չկենար, չխոսեր, նրան չէին սպանի

Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, երբ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանում էր Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքի որոշ նախադասություններ, բացահայտեց այդ ժամանակաշրջանում կատարված մի դրվագ՝ որոշ մանրամասներով: Նա պատմեց, թե 2000-ի մայիսի 7-ին նախագահականում Հոկտեմբերի 27-ի զոհերի կանայք Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ ինչ հանդիպում են ունեցել, եւ ինչ ծանր խոսակցություն է եղել: Այդ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հարցախեղդ է արել հատկապես Կարեն Դեմիրճյանի կինը՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը:

«Առավոտի» հետ զրույցում այս անգամ տիկին Դեմիրճյանը բացահայտեց, թե մասնավորապես ինչ են խոսել Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ վերջինս ինչ «անհեթեթ» բացատրություն է տվել Կարեն Դեմիրճյանի սպանության վերաբերյալ. «Հոկտեմբերի 27-ից հետո մենք մեկ անգամ հանդիպեցինք իր հետ: Ընդհանուր լռության մեջ ես շատ սուր խոսեցի: Այնտեղ Գագիկ Ջհանգիրյանն էր՝ այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը, իր անվտանգության աշխատակիցները եւ մենք: Նա փորձեց բացատրել, որ եթե Կարեն Սերոբիչը չխոսեր, վեր չկենար, նրան չէին սպանի: Ոտքի վերքը պատահականություն էր, մնացածը իր ոչ ճիշտ պահվածքի արդյունք: Իհարկե, դա բանականությունից դուրս է: Կարեն Սերոբիչը չէր կարող, այն մարդը չէր, որ պատգամավորների նման մտներ սեղանի կամ աթոռի տակ: Բայց խփելը… անհեթեթ է նման բացատրությունը, որովհետեւ ուղեծիրը պարզ նկարի վրա ցույց է տալիս, որ կրակում են իր վրա, դա էլ քիչ է՝ ստուգողական կրակոց է լինում: Արդեն մահացած մարդու վրա ինչո՞ւ եք ստուգողական կրակոց անում, այդ էլ՝ մյուս եղբայրը: Ես այն կարծիքին եմ, որ այդ բացատրությունը շատ անհեթեթ բացատրություն էր: Այդտեղ հիմնական թիրախը Կարեն Սերոբիչն էր, դրա համար էլ եկել էին ԱԺ, դրա համար էլ շատ երկար այդ տարբերակը թողել էին, որ պատահական են նրան խփել: Երկար ժամանակ այդ վարկածն ուժի մեջ էր մնում, բայց ոչ մի պատահականություն չկա: Հենց նրա համար են մտել այնտեղ խփել: Որովհետեւ Վազգենին կարող էին առանձին ուրիշ տեղ էլ խփել, բայց Կարեն Սերոբիչին  խփելը չէր բացատրվում ոչ մի կերպ: Դրա համար հատուկ պատրաստված էր այդպես ասել՝ պատահականություն: Չաշխատեց: Երբ որ ամփոփեցին, դատախազը հարցրեց Քոչարյանին, թե վերջապես ինչպե՞ս կարելի է ձեւակերպել այս ակտը, ասաց՝ դե, հեղաշրջում եւ այլն: Ես ասացի՝ ոչ, դա հեղաշրջում չի: Հեղաշրջո՞ւմ, ատրճանակը մարդասպանի մոտ էին թողել, եւ Քոչարյանը մենակ հանդիպել էր նրան: Նա կարող էր Քոչարյանին էլ խփել, չէ՞: Չեղավ: Եթե 3 ճյուղը վերացներ, դա էր իսկական հեղաշրջումը: Ասացի՝ ոչ, դա հեղաշրջում չի, դա քաղաքական սպանություն է»:

Այդ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել էր, որ Կարեն Դեմիրճյանը թող թիկնապահներ ունենար: Տիկին Դեմիրճյանի մեկնաբանությամբ՝ «Ի՞նչ պետք է աներ թիկնապահն այդ պահին: Վազգենն ուներ: Կարեն Սերոբիչը եթե ունենար էլ, նա համարում էր, որ ԱԺ-ում՝ օրենսդրական մարմնում նիստ վարելը զինված մարդկանց ներկայությամբ էթիկայի կանոններից, օրենքից դուրս է: Նա երբեք թույլ չէր տա: Եվ Վազգենն էլ իր թիկնապահներին հանե

լ էր: Ուրիշ բան, որ պաշտպանված չէր շենքը: Ի՞նչ իրավունք ունեին կողմնակի, փողոցից պատահական մարդիկ դարպասից էլ անցնեին, ներս էլ մտնեին: Բա իրավունք կա՞ր: Պատահական թափթփուկներ: Այնպես չի, որ ասենք ինչ-որ պաշտոնյա են եղել՝ թափթփուկներ, որոնք ազատ անցել են, մտել են դահլիճ: Դա լինելո՞ւ բան է: Շատ նուրբ, կազմակերպված գործ էր»:

Տիկին Դեմիրճյանը չի կասկածում, որ Նաիրի Հունանյանի սպանության զենքերը նախապես են մտցրել խորհրդարանի շենք. «Ինչպե՞ս կարող էին դրանք անցկացնել այդքան մարդկանց միջոցով: Ուրեմն կամ այդ պահակներն իրենց կողմնակիցներն են եղել, կամ էլ այդպես չի անցել զենքը շենք, նախապես է անցել: Թե ով է կազմակերպել՝ դժվար է ասել: Դժվար է, որովհետեւ այստեղ այնպիսի հարցեր կան, ընդհուպ մինչեւ աշխարհաքաղաքական վերաբաշխում: Այստեղ արտաքին ուժերն էլ են դեր խաղացել, բայց կատարել են հայերի ձեռքերով: Ամենացավալին դա է»:

Ռիմա Դեմիրճյանը հաստատեց Անահիտ Բախշյանի այն պատմածը, որ Գագիկ Ջհանգիրյանն ասել է՝ իմ ձեռքերը կապում են, ինձ չեն թողնում աշխատել. «Նույնը մեզ է ասել: Բայց ինչի՞ են կապած, թող գործեր: Չի կարող չբացահայտվի այդ գործը, բացահայտված է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Կա՞ Հայաստանում մեկ անձ,որը չի կասկածում,որ Ռոբն ու Սերժն են կազմակերպել այդ սպանդը…Միայն տկարամիտ անձանց համար է դա անհասկանալի…Համոզված եմ,որ վերջ,թե՝ շուտ, էդ մերօրյա Թալեաթն ու Էնվերը պատասխան են տալու դրա համար:

    • Lena says:

      անխոս կասկածող չկա, բայց հույս էլ չկա որ երբևէ դրանք պատասխան են տալու միգուցե իրանց երեխաները, հետագա սերունդները, բայց սրանք լավ էլ մարսեցին գնաց

  2. Maxim says:

    Երբեք չեն մարսի, իսկ եթե մարսեցին, ապա գլխավոր ոճռագործի ասածը իրականություն կդառնա,
    որ,՝ ,,սաղ Հայաստանումը մին տղամարդ չկա,, և այս նախադեպերը կհաստատեն, որ Հայաստանցու
    հետ կարելի է վարվել ցանկացած ձև, քանի որ այնտեղ իրոք տղամարդ չկա, բայց թե որտեղի՝ տղամարդ ազատամարտիկները ազատագրեցին Ղարաբաղը, դա արդեն մոռացվեց, գնաց: Դրա համար էլ այսօր ազատամարտիկների հետ վարվում են իրենց տրամաբանությամբ, իսկ ազատամարտիկները իսկական տղամարդ են, և իրենց թույլ չեն տա՝ իրենց ձեռքով, իրենց երկրում
    արյուն թափվի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031