Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վճարում է Մոսկվայի եւ Բրյուսելի հակասությունների պատճառով

Հոկտեմբեր 04,2013 12:40

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի՝ խնդիրը Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ է, ոչ թե Հայաստանի ու ԵՄ-ի

– Պարոն Մինասյան, ի՞նչ գործընթացների արդյունքում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը մտադրություն ունի անդամակցել Մաքսային միությանը:

– Սերժ Սարգսյանի հայտարարությունն անակնկալ չէր, նկատվում էր, որ նա իր վերաբերմունքը Մաքսային միության հանդեպ փոխել է, երբ քննադատեց ԵՄ-ին՝ հայտարարելով, թե անիմաստ է Ասոցացման գործընթացը, եթե Թուրքիայի հետ սահմանը փակ է: Սեպտեմբերի 3-ի հայտարարության համար հիմք են ծառայել երեք գործոններ, երեք պատճառներ կան: Առաջինը՝ Եվրոպան հաշվի չառավ այն հանգամանքը, որ Հայաստանի ամենագլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն է: 2008թ. օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, ականատես դարձանք, որ ԵՄ-ն չկարողացավ փրկել, պաշտպանել Վրաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Երկրորդը՝ Հայաստանի մեղքն է: Ինչո՞ւ էր պետք այդքան երկար բանակցություններ վարել ԵՄ-ի հետ, եթե վերջում որոշումը «ոչ» պետք է լիներ: Դեպի ԵՄ ուղին ենթադրում է ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության հարցերում իրավիճակի փոփոխություն: Բայց ֆեոդալային, օլիգարխիկ համակարգը Հայաստանում դեմ է այդ ուղղությանը, եւ ամեն ինչ արեցին, որպեսզի խոչընդոտեն եվրոպական ուղղությանը, այսինքն՝ նպատակ են հետապնդում, որպեսզի հետխորհրդային կարգը շարունակի պահպանվել Հայաստանում: Երրորդը՝ Ռուսաստանի կողմից ահռելի ճնշումներն էին Հայաստանի նկատմամբ: ՌԴ-ն շարունակում է իշխել նախկին խորհրդային հանրապետությունների վրա, նրանց վերաբերվում է ոչ թե որպես ինքնիշխան պետությունների, այլ որպես վասալների: Սա իմպերիալիստական մոտեցում է, որը, կարծես թե, չի փոխվում եւ հնարավոր չի փոխվի: Ռուսաստանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, բայց չի հարգում Հայաստանի Հանրապետությունը, ԵՄ-ն հարգում է, սակայն չի ապահովում անվտանգությունը: Կարծում եմ, որ Հայաստանի կողմից անիմաստ էր Մոսկվայում նման հայտարարությամբ հանդես գալ, ավելի ճիշտ կլիներ, եթե Ս. Սարգսյանը վերադառնար Հայաստան, որից հետո որպես ինքնիշխան պետության ղեկավար՝ հայտարարեր այն, ինչ ասվեց Մոսկվայում սեպտեմբերի 3-ին: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանի կողմից հայտարարվեր, ամրագրվեր, որ Հայաստանը ոչ մի խնդիր չունի Մոսկվայի եւ Բրյուսելի հետ, որ խնդիրը Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ է: Նման իրավիճակում պրոցեսը կարող էր այլ ուղղությամբ գնալ: Բայց նման բան չեղավ, լռություն պահպանվեց, եւ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը այժմ վճարում է Մոսկվայի եւ Բրյուսելի հակասությունների պատճառով: Այսինքն՝ գործընթացը գնաց ամենաանցանկալի ուղղությամբ:

– Ի՞նչ ուղերձներ ուներ օրերս Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում, երբ նա հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթնաժողովին, ակնկալվում է մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում, եւ որ ՀՀ-ն պատրաստ է ամբողջովին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը այլ կարգավիճակով փաստաթուղթ ստորագրվի ԵՄ-ի հետ:

– Հայաստանը պետք է փորձի համոզել ԵՄ երկրներին, մասնավորապես՝ Ֆրանսիային, Գերմանիային, որպեսզի Վիլնյուսում ավելի մեղմ տարբերակ ստորագրվի ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ, որը չի խոչընդոտի Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններին, այսինքն՝ կոմպլեմենտար քաղաքականություն տարվի երկու ուղղություններով: Բայց կան եվրոպական ուժեր, որոնք հակառուսական տրամադրություններ ունեն եւ ակնկալում էին, որ ՀՀ-ն կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը՝ ապտակ հասցնելով Մոսկվային: Կարծում եմ՝ եթե Հայաստանի դիվանագետների կողմից ճիշտ աշխատանք տարվի, եւ փորձեն համոզել Ֆրանսիային կամ Գերմանիային՝ որպես ԵՄ-ում բանակցողներ, այն հարցում, որ հակասություններ չկան ՄՄ-ի եւ Ասոցացման համաձայնագրի միջեւ, ապա կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն կարող է դառնալ այն երկիրը, որը կստորագրի այդ պայմանագիրը՝ լինելով ՄՄ անդամ: Կարծում եմ՝ հենց սրա հիմքում պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի հայտարարությունները Ստրասբուրգում՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Նշանակում է, որ Ֆրանսիայի կողմից երաշխիքներ եղել են, որ այս հարցում Ֆրանսիան կաջակցի Հայաստանին, այսինքն՝ աջակցեն, որպեսզի Հայաստանի նկատմամբ ԵՄ-ն յուրահատուկ մոտեցում ցուցաբերի՝ չվնասելով ՌԴ-Հայաստան հարաբերություններին: Մյուս կողմից՝ այս մոտեցումը կնպաստի նաեւ ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններում դրական համագործակցությանը: Բայց եթե առավել հակառուսական երկրները խոչընդոտեն Հայաստանի կողմից փաստաթղթի ստորագրմանը ԵՄ-ի հետ, արդեն խնդիրներ կստեղծվեն ԵՄ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Այսինքն՝ կրկնվեմ, խնդիրը Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ է, ոչ թե ՀՀ-ի ու ԵՄ-ի կամ Հայաստանի ու Ռուսաստանի: Բացի այդ, ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կապված էր նաեւ Իրանի խնդրի հետ:

– Ի՞նչ առումով, կբացատրե՞ք:

– Այսինքն՝ եթե Իրանը միջազգային հանրության հետ ապագայում լուծի իր խնդիրները՝ Հայաստանը կհայտնվեր առաջնային դիրքերում՝ որպես կամուրջ, այսինքն՝ նոր ճանապարհ կբացվեր Իրանի համար դեպի Արեւմուտք՝ առանց Թուրքիայի եւ Միջին Արեւելքի: Իրանը չի ցանկանում, որ այդ գործընթացներին միջամտի Թուրքիան, Իրանի համար ավելի դյուրին է համագործակցել Վրաստանի ու Հայաստանի հետ: Նույնն էլ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դեպքում է՝ ավելի հեշտ է համագործակցել փոքր Հայաստանի ու Վրաստանի հետ, քան Թուրքիայի կամ արաբական աշխարհի հետ: Թերեւս այս վտանգը գիտակցելով՝ Մոսկվան ստիպեց Հայաստանին դեպի Մաքսային միություն քայլ անել, որպեսզի Արեւմուտքը չհաստատվի Հարավային Կովկասում ու չհասնի Իրանին:

– Ի՞նչ կասեք Մաքսային միության գործունեության հեռանկարների մասին: Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ստացվում, որ ՌԴ-ն ինչ-ինչ առեւտրային լուրջ խնդիրներ է ստեղծում Բելառուսի, Ղազախստանի համար:

–  Պարզ է, որ ՀՀ հասարակությունը, ՀՀ-ն, որպես երկիր, ավելի մոտ են ՌԴ-ին, քան ԵՄ երկրներին՝ պատմության, աշխարհագրական գործոնները հաշվի առնելով: Սակայն խնդիրը հետեւյալն է՝ ի՞նչ նպատակ ունի Հայաստանը. զարգացնե՞լ պետությունը, իրավունքի գերակայություն ունեցող երկիր դարձնե՞լ, թե՞ ցանկանում է մնալ որպես հետխորհրդային հանրապետություն եւ մնալ այսօրվա կարգավիճակում՝ թույլ տնտեսությամբ, անվստահության մթնոլորտով, չլուծված Ղարաբաղի խնդրով… Կարծում եմ՝ ընդհանրապես հստակ չէ, թե Մաքսային միությունը ինչ է իրենից ներկայացնում: Որեւէ մեկը չգիտի, թե դա ինչ հեռանկարներ ունի: ԵՄ Ասոցացման պայմանագրի դեպքում գոնե ակնհայտ է, թե ինչ էր դա ենթադրում, մինչդեռ ՄՄ-ի դեպքում…

– Իսկ մեզ մոտ էլ հիմա ՄՄ-ի կողմնակիցները պնդում են հակառակը, որ՝ ոչ ոք չգիտի, թե ԵՄ Ասոցացման պայմանագիրն ինչ է իրենից ներկայացնում, իբր ԼՂ-ի վերաբերյալ անբարենպաստ ձեւակերպումներ կային եւ այլն…

–  Չեմ կարծում, որ որեւէ բան չկա ԼՂ-ի վերաբերյալ, որովհետեւ քսան տարի ի վեր եվրոպական փաստաթղթերում, որոնք ստորագրվում են Հայաստանի հետ, շեշտը դրվում է ինքնորոշման իրավունքի վրա, իսկ Ադրբեջանի հետ՝ տարածքային ամբողջականության վրա, եւ հետեւաբար չեմ կարծում, թե այս դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել նոր փաստաթղթի դեպքում: Այս առումով ես հանգիստ եմ, իսկ այն հայտարարությունները, թե հայտնի չէ՝ ինչ է գրված Ասոցացման համաձայնագրում, դա պրոռուսական դիրքորոշում է, որի նպատակը հասարակության մեջ վախի ու անվստահության մթնոլորտ ձեւավորելն էր, իսկ Հայաստանի հասարակությանը հեշտ է վախեցնելը, որովհետեւ դրա փորձը կա: Բայց այստեղ խնդիրը ավելի խորքային է՝ ՌԴ-ն չի ցանկանում, որ Հայաստանն այլ ուղով առաջ ընթանա, զարգանա, մանավանդ, որ Սիրիայի եւ Իրանի խնդիրները կան: Այսինքն՝ վարվել այնպես, ինչպես վարվեց Պուտինը Հայաստանի նկատմամբ, դա իշխանության դեմ էր, ոչ թե պետության: Ռուսաստանի համար Հայաստանը կարեւոր է որպես ռազմաքաղաքական տարածք, բայց ոչ իբրեւ իշխանություն, այսինքն՝ հզոր ռազմաքաղաքական տարածք՝ թույլ քաղաքական իշխանությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031