Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲԿ-ի ղեկավար Վազգեն Մարգարյանը որակավորում չունի, բայց մրցույթում հաղթել է

Հոկտեմբեր 04,2013 12:29

Այս տարվա սեպտեմբերի 27-ին կայացավ «Իջեւանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի հերթական մրցույթը, որը կայանում է հինգ տարին մեկ անգամ: Ըստ ՀՀ կառավարության 2011թ.-ի հուլիսի 21-ի 992-Ն որոշման մրցույթի օրինակելի կարգի 3 կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության՝ տնօրենի ընտրության մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից է առողջապահության կազմակերպչի որակավորման առկայությունը: Սակայն վերոնշյալ մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել Իջեւանի ԱԱՊԿ ՓԲԸ-ի սոնոգրաֆիստ Վազգեն Մարգարյանը, որը չունի առողջապահական կազմակերպչի որակավորում եւ չի համապատասխանում կառավարության համապատասխան որոշման պահանջներին: Այդ անհամապատասխանության մասին մրցութային հանձնաժողովի նախագահ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին մրցույթից առաջ հայտնել է մրցույթի մյուս մասնակից, կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ներսիսյանը: Հարկ է նշել, որ կառավարության նույն որոշման 19 կետի համաձայն. «Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» եւ «բ» պարբերություններով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են»: Մրցութային հանձնաժողովը, սակայն, շրջանցել կամ խախտել է կառավարության նշյալ որոշումը եւ Ներսիսյանի հայտարարությունը նույնպես թողել է անարձագանք: Արդյունքում՝ Վազգեն Մարգարյանը նույնպես մասնակցել է տնօրենի հաստիքի համար կայացված մրցույթին: Մարզի համար այս կարեւոր՝ ամենամեծ բուժհաստատության ղեկավարի մրցույթի անցկացմանը ներկա չեն եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, որը նաեւ կառավարության լիազոր մարմնի ներկայացուցիչն է, եւ փոխմարզպետները: Մրցույթին ներկա չի եղել նաեւ առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ինչը նույնպես հակասում է մրցույթի կարգի պահանջներին: Մրցույթը կայացել է, եւ 2 մասնակիցներն էլ՝ Հրաչյա Ներսիսյանը եւ Վազգեն Մարգարյանը, ստացել են հանձնաժողովի վեց անդամների վեց ձայները, ասել է թե՝ հավասար միավորներ:

Ըստ կարգի՝ մրցույթի արդյունքները հանձնաժողովը ներկայացնում է լիազոր մարմնի ներկայացուցչին, տվյալ դեպքում՝ Տավուշի մարզպետին, որն էլ կայացնում է որոշում, թե ով կշարունակի ղեկավարել բուժկենտրոնը: Այս պարագայում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշել է, որ կենտրոնը կշարունակի ղեկավարել առողջապահական ոլորտում ղեկավարման փորձ եւ առողջապահության կազմակերպչի որակավորում չունեցող Վազգեն Մարգարյանը, որն անգամ մրցույթին մասնակցելու իրավունք չուներ: Մարգարյանը ընդամենը մեկ տարի՝ 1997թ.-ին աշխատել է որպես Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ եւ աշխատանքից ազատվել է նախկին մարզպետ Պավլիկ Ասատրյանի հրամանով՝ ոչ սթափ վիճակում աշխատանքի ներկայանալու պատճառով: Մարզպետարանի՝ այն ժամանակվա աշխատակիցները հիշում են, թե ինչպես էր Մարգարյանը աշխատանքային գրքույկը ձեռքին մարզպետարանի կաբինետից կաբինետ մտնում եւ վիրավորված ցույց տալիս իր «խայտառակությունը»: Ի դեպ, քանի որ Մարգարյանը եղել է նաեւ իր մրցակից Հ. Ներսիսյանի ղեկավարած հիմնարկի աշխատակիցը, փորձեցինք վերջինից ճշտել, թե որքանով է հավաստի Մարգարյանի կենսագրության՝ ոչ փառավոր էջը: Ներսիսյանը հավաստեց, որ իր ղեկավարման տարիներին ինքն անձամբ աշխատանքային գրքույկում տեսել է, թե Մարգարյանը ինչի համար է ազատված եղել պաշտոնից, եւ որ նա երկու ամսից ավելի որեւէ փոքր հաստատություն անգամ, ասենք՝ ախտորոշիչ կենտրոնը, չի կարողացել ղեկավարել եւ ազատվել է աշխատանքից: «Առավոտի» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր նման աշխատակցի պահում իր ղեկավարած հիմնարկում, պարոն Ներսիսյանը պատասխանեց. «Մտածում էի, որ մարդը սխալական է, եւ նրան պետք է ուղղվելու հնարավորություն տալ, բժիշկ է, իմ կոլեգան, թող անգործ չմնա: Բայց դրանից հետո նա ամեն անգամ փորձում էր անհիմն, այսպես ասած՝ կլյաուզաներով վարկաբեկել ինձ, ինչի արդյունքում շատ անգամ են իմ ղեկավարած հիմնարկը եկել եւ ստուգել տարբեր գերատեսչություններ, բայց ոչինչ չեն գտել: Եվ հենց այդ նույն ստուգողներն են ինձ հորդորել ազատվել այդ մարդուց: Ես չեմ ցավում իմ պաշտոնը կորցնելու համար, այլ ափսոսում եմ իմ 15 տարվա աշխատանքի արդյունքը, որ իմ աշխատակիցների հետ միասին կարողացանք դժվարություններ հաղթահարել եւ կենտրոնը դարձրինք մարզային առաջնային հիմնարկներից մեկը: Ուրախ կլինեի, եթե Մարգարյանի փոխարեն մի փորձառու, ոլորտի բանիմաց կազմակերպիչ, լուրջ մարդ լիներ»: Ներսիսյանն իր տարակուսանքն արտահայտեց առողջապահության նախարարությունից, որի աչքի առաջ կայացավ «նման ապօրինի մրցույթ». «Ես 15 տարի ղեկավարել եմ Իջեւանի հիվանդանոցը, երբեք որեւէ բացթողում, խնդիր չեմ ստեղծել, հիմնարկը ոչ մի լումայի պարտք չունի, ֆինանսական մուտքերը տարեցտարի ավելանում են: Ես մարզի միակ վիրահատող վնասվածքաբանն եմ: Բայց չգնահատվեցի ոչ ես, ոչ էլ իմ այս տարիների աշխատանքը»: Իջեւանում լուրեր են շրջանառվում, թե Մարգարյանի «թիկունքում» կանգնած է սպորտի նախարար Յուրի Վարդանյանը, եւ որ այս պաշտոնի համար Մարգարյանը մեծ գումարներ է «ֆռռացրել»: Այս առնչությամբ «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ Հ. Ներսիսյանը պատասխանեց, որ ինքն էլ է բազմիցս նման խոսակցություններ լսել, որ այդ մասին լուրերը Մարգարյանը հենց ինքն է տարածում. «Մինչեւ մրցույթն անգամ Մարգարյանը ինքնավստահ է արտահայտվել, որ հաղթելու, է քանի որ Յուրին իր մեջքին է, եւ իր հարցերը վերեւներում լուծված են: Իսկ թե վերեւներ ասելով ո՞ւմ ի նկատի ունի՝ ես չեմ կարող ասել»:

Նկատենք, որ վերջերս Իջեւանում մի հետաքրքիր միտում է նկատվում. տարաբնույթ ընտրություններում հաղթում են ընդդիմության կամ ոչ ՀՀԿ-ական ներկայացուցիչները: ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ական Հ. Ներսիսյանին հաղթեց ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, նախագահական ընտրություններում Իջեւանում նախնական տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասել է թե՝ մինչեւ «թվանկարչությունը», Ր. Հովհաննիսյանն ուներ ձայների եռակի առավելություն գործող նախագահի հանդեպ: Հիմա էլ անգամ այս ոչ քաղաքական ու փոքրամասշտաբ մրցույթում՝ Բ/Կ տնօրենի պաշտոնի ընտրությունում, հաղթեց ՀՀԿ-ի մանդատից հրաժարված եւ խիստ ընդդիմադիր հայացքներով, ընտրությունների ժամանակ ընդդիմության օգտին ակտիվորեն աշխատող Վազգեն Մարգարյանը: Այս ամենը վկայում է, որ Իջեւանում այլեւս չեն վստահում ՀՀԿ-ին ու նրա ներկայացրած թեկնածուներին:

Հավանաբար, իրականանում է «Առավոտի» 15.11.11-ի «ԲՀԿ-ն գրավեց Իջեւանը» հրապարակմամբ արված կանխատեսումը, թե՝ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա Հայաստանում իշխանափոխությունը սկսվում է Իջեւանից:

 ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Vahe says:

    Բոլոր ժամանակներում Վազգեն Մարգարյանը հայտնի է որպես ,,կլյաուզնիկ,, կերպարանք,բոլորը գիտեն այդ մասին,անգամ նրանք,ովքեր հիմա քծնվում են:Ինչ է մտածել 15տարվա առողջապահության կազմակերպիչին նման կերպարով փոխարինողը՝ հավանաբար միայն ինքը գիտի:

  2. Հրաչյա Ներսիսյան says:

    Ըստ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի բժշկական կենտրոնի տնօրենին ներկայացվող պահանջները (չահանաիշները)
    Տնօրենը պետք է,
    պարտադիր ունենա տվյալ բուժհաստատության իր աշխատած ժամանակահատվածի բոլոր ղեկավարների նկատմամբ ոստիկանություն և դատախազություն գրավոր դիմած անհիմն բողոքներ (կլյաուզաներ):
    հանդիսանալ ՀՀԿ անդամ և կուսակցական տոմսը ղեկավարների երեսին շպրտելով հեռանալ կուսակցությունից:
    աշխատած լինել մարզպետարանում և ոչ սթափ վիճակում աշխատանքի ներկայանալու պատճառով հեռացված լինել աշխատանքից:
    չունենալ տվյալ ոլորտի կառավարման որակավորում և խստիվ արգելվում է ունենալ հատկապես երկարամյա ղեկավարման փորձ:
    չհանդիսանալ Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայրը կամ մտերիմը:
    ունենալ ԱՄՆ արտարժույթով կուտակած միջոցներ և ունակություն պահանջված ժամանակ և պահանջված քանակ ներկայացնել ըստ պահանջի:
    Առաջարկություն ՀՀ Կառավարությանը.
    Առողջապահության կազմակերպիչների որակավորման դասընթացները այլևս դադարեցնել `անհրաժեշտության բացակայության պատճառով: ՀՀ Կառավարության 07.07.2011թ. –ի 992-Ն որոշումը համարել կասեցված ,քանի որ մարզպետը առանց դրա էլ տնօրեն կնշանակի:

  3. Armen says:

    Հենց այդպիսի որոշում պետք է կայացներ այն ՞ղեկավարը՞, ով բանակում չի ծառայել, մարտական գործողություններին չի մասնակցել, անհասկանալի և անիմաստ պատճառաբանություններով խաղաղ պայմաններում գնդապետի կոչում է ստացել, ում համար հայրենիքը սոսկ տարածք է, որտեղ կարելի է միայն պաշտոնական դիրքն օգտագործելով գումար է աշխատել: Ժամանակն է հեշեցնել այդ չարացած մարդում, որ ինքը մարզպետ է, այլ ոչ թե գրավված տարածքի ՞նամեստնիկ՞:

  4. Lyusi says:

    Փոխարինել երկարամյա առողջապահության կազմակերպչին, փորձառու տրավմատոլոգին. անեսթեզիոլոգիայի-ռեանիմացիայի բոլոր մանրամասներին տիրապետող տնօրենին, նրան կազմակեպչական ունակություններով քիչ զիջող,անսահման պատասախանատվության զգացում ունեցող,փորձառու մանկաբարձ-գինեկոլոգ փոխտնօրենին դեռևս նախորդ դարից հայտնի ,,կլյաուզնիկ,, սոնոգրաֆիստով, որը բացարձակ կառավարման ունակություն չունի,ինչպես նաև նշանակել մի փոխտնօրեն, որը ոչինիչ չի հասկանում առողջապահության ոլորտի հրահանգներից ու չափորոշիչներից, կարծում եմ այդքան էլ մարդկային չէ: Բայց մի գուցե պարոն մարզպետին պետք է անկազմակերպ հիվանդանոց, առանց պատշաճ ղեկավարման ու կանոնակարգման? Հետաքրքրվող կա թե ոչ, թե այս երկրում ով ինչ ուզում է անում է ու մնում է առանց պատասխան տալու?

  5. Drain says:

    Գենետիկ աղբը բուժման կարրիք չունի:Անգլուխ երկիր է:Գլխի դերը քթին եք տվել:Նախագահի ու մարզպետի տարբերությունը չի երևում:Երկուսն էլ թեթև քաշային են,աթոռի գերի:Երկուսի համար էլ թուքն անձրև է:Բորենիների խրախճանքը երկար չի տևելու:ՀՀ դժոխքն արվելու է , իսկ պարոնայք Ոչինչները նույնիսկ աթոռ չեն տանելու իրենց հետ:
    ՀՀ-ն այրվելու է ամենից առաջ հենց նրանց մեղքերից:ՀՀ մարզպետ Սերժի և հենց հիշյալ մարզպետի համաշխարհային մեղքերից:
    Համբերություն:

  6. Արմեն says:

    Սրտանց շնորհավորում եմ Վազգեն Մարգարյանին Իջեւանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվելու առթիվ և խորին շնորհակալությունս եմ հայտնում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին` ճիշտ և անկողմնակալ ընտրության համար

    Ուշադիր կարդացի վերը նշված բոլոր 5 անձանց մեկնաբանությունները , որոնք անսահման թույնով և թարախով էին լցված Վազգեն Մարգարյանի նկատմամբ և ակամայից պարզ է դառնում նրանց պարտված և դժգոհ կեցվածքը փաստի առթիվ , իսկ այն ինչ մեկնաբանում էն` ավելի շատ է զրպարտություն, ( “Կլյավուզիա” ինչպես իրենք են ասում) պարունակում իր մեջ : Այս մակաբույծները, երկար տարիներ ` շուրջ 15 տարի , սնվել են զուտ ժողովրդի արյան և արդար քրտնքի հաշվին , ծծել նրանց արյունը պարազիտի նման` ինչպես տիզը մարդու մարմնին կպած : Իսկ երբ առողջացնում ես միջավայրդ , հատկապես մարմինդ և հայտնաբերելով այդ տիզը , պոկում ես և դնում ” երկու բութ մատերի եղունգների արանքում ” (մնացածը չեմ ուզում գրել , զզվելի է , բայց և հաճելի ) , իսկույն երկարամյա քար լռության խորքից լսվում է նրանց սարսափած ճիչը, բայց ինչ արած ` մեզ մնում է ընդամենը սեղմել և այսպես ասած `ճտտացնել : Ճիշտ այնպես ` ինչպես անցած ՏԻՄ ընտրություններում և այլն : Իջևանյան անցած 15 տարիների գարշահոտ և ճահճացաց կյանքն այլևս գոյություն չունի իր բոլոր վատ և անմարդկային դրսևորումներով : Ժամանակը փոխվում է , փոխվում է մարդը , մտածելակերպը և անարժանիներին գալիս են փոխարինելու արժանիները , ինչպես դա արդեն բոլորս տեսնում ենք և նպաստում այդ կենսական նշանակություն ունեցող փոփոխություններին : Մնացածը թողնում եմ ձեր գնահատականներին:

  7. ԽԱԺԱԿ ԹԱՆԱՆՅԱՆ says:

    Շնորհավորում եմ Վազգեն Մարգարյանին, Իջեւանի ԲԿ ՓԲԸ -ի տնօրենի պաշտոնը ստանձնելու համար , մաղթում եմ նրան առողջություն և պտղաբեր աշխատանք , ինչում ես անձամբ խորը համազված եմ , բարձր եմ գնահատում Ձեր մարդկային արժեքները և աշխատանքային փորձը : Կրկին անգամ իմ և իմ ընտանիքի կողմից շնորհավորում եմ, առողջ եղեք , դուք մարդկանց հույս և առողջություն եք սփռում , թանկագին ընկեր !!!

  8. Մարինե Շարանբեկյան says:

    Ցավոք մենք կրկին մեր երկրում գերիշխող, իշխող ապօրինության ականատեսն ենք:Օրենքի տառը շրջանցելով, խախտելով և անտեսելով օրենսդիր իշխանության կողմից ընդունված 07.07.2011 992-Ն որոշումը`մարզկենտրոնի հիվանդանոցի տնօրեն է նշանակվում աշխատանքային փորձի նմանատիպ պատմություն ունեցողը, փոխարինելով մեծ պատասխանատվություն,երկար տարիների փորձ ունեցող տնօրենին և փոխտնօրենին, որոնց ջանքերով բառի բուն իմաստով Տավուշի մարզի, Իջևան քաղաքի հիվանդանոցը դարձավ առաջադեմ Բուժկենտրոն:
    Տավուշի մարզի ՏԻՄ ղեկավարի որոշումից արդեն բոլորիս համար պարզ է դառնում, որ անիմաստ է ակնկալել տվյալ նշանակման վերանայում և Կառավարության որոշմանը համապատասխանեցում:Պարզ է դառնում, որ մարզպետը առանց Կառավարության հետ համաձայնեցման նմանատիպ օրինազանցություն թույլ չէր տա իրեն, իսկ մենք`հասարակ մահկանացուներս, անզոր ենք:
    Ցավում եմ ԵՐԿՐԻՍ համար, որ սրանց նմանների ձեռքերում է…

  9. Սողոմոն Տեհլերյան says:

    Անշուշտ , իհարկե ցավալի է տեսնել , թե ինչպես է Իջևանի հիվանդանոցը զրկվել նման առաջատար մասնագետից , ինչպիսին Հրաչյա Ներսիսյանն է , Ամենայն Հայոց օրթոպեդ-վնասվածքաբանն ու անեսթեզիլոգիա-ռեանիմատոլոգիայի գիգանտը , ով այնքան մեծ վաստակ ունի Տավուշի մարզում և ինչու չէ ամբողջ աշխորհում : Իջևան Բ.Կ. զրկվեց մի առաջնորդից , ով առաջին անգամ աշխարհում կատարեց շնչափողի տրանսանալ ինտուբացիա , ով բազմիցս այնպիսի լուրջ վիրահատական միջամտություններ իրականացրեց , ինչպիսիք են ազդրոսկրի գլխիկի պրոթեզավորումը Դեգեներատիում նոր մետաղով պատրաստված պրոթեզներով , որն հենց այս հանճարի գյուտն էր հանդիսանում : Եվ հավել եմ , որ այժմ Գերմանիայում հենց իր մեթոդներով են վիրահատում : Երեվի մի քիչ տարվեցի , անցնենք ֆանտաստիկ սատիրայից դառը ճշմարտության : Նշենք , որ Իջևան Բ.Կ.- ում իր ղեկավարման տարիների ոչ մի լուրջ վիրահատական միջամտություն չի իրականացվել , թե վիրաբուժական և թե վնասվածքաբանական պրոֆիլի , որ Իջևանի հիվանդանոցը դարձել ուղարկի պահեստավորման և տարհանման հրապարակ , որտեղից բոլոր փոքր ինչ լուրջ հիվանդություն ունեցող անձիք ուղարկվում էին Երևան բուժումը շարունակելու : Այդ տարիների ընթացում Իջևանի հիվանդանոցը դարձել էր ծիծաղի առարկա , որտեղ ոչ ոք չէր ուզում բուժում ստանալ , որտեղ գրանցված հղիները գերադասում էին ծծնդալուծվել Դիլիջանի հիվանդանոցում , իսկ վիրաբուժական հիվանդները դիմում էին կամ Երևանի կամ Բերդի հիվանդանոցներ վիրահատվելու համար : Դե մնացած պրոֆիլների մասին էլ չխոսեմ : Հավել եմ , որ այդ ուրիշ հիվանդանոցները գերադասած անձանց է պատկանում նաև հենց ինքը , Հրաչյա Ներսիսյանը , ով այնքան չէր վստահում իր բուժ. անձնակազմին , որ գերադասեց վիրահատվել Նաիրի Բ.Կ.-ում : Իսկ այժմ հանդես է գալիս ամպագորգոռ արտահայտություններով իր ստեղծած առողջապահության համակարգի մասին , ով անընդմեջ նշում է որ Տվուշի մարզպետը Իջևան Բ.Կ.-ի գլխավոր բժիշկ է նշանակել <> , բայց մոռանում է նշել , որ ինքը ղեկավարել է հիվանդանոցը այն պատճառով , որ Վարուժան Ներսիսյանի եղբայրն է :
    Հ:Գ: Եվ վերջիվերջո բոլորն էլ գիտեն իրականությունը , բոլորն ել գիտեն , թե ով ինչ վաստակ ունի մարզի համար , բոլորն էլ լավ գիտեն նախկին և ներկա տնօրենների թե մարդկային , և թե մասնագիտական որակների մասին : Եղեք համբերատար , և Իջևան Բ.Կ.-ի ակնհայտ փոփոխությունը կեսնեք ինքներդ :

  10. Lyusi says:

    Հարգելի Սողոմոն.Հրաչյա Ներսիսյանի մասնագիտական ունակությունները ոչ մի պարագայում չի կարելի համեմատել վաշխառու սոնոգրաֆիստի ունակությունների, նրա չունեցած իրավունքով նշանակված անգրագետ բուժումների,հիվանդներին պատճառած անհարկի վնասի,էլ չեմ ասում կատարած ծախսերի հետ:

  11. Սողոմոն Տեհլերյան says:

    Գիտեք այդ փուչ և անհիմն արտահայտությունները ծիծաղից և խղճահարությունից բացի ուրիշ ոչինչ չեն առաջացնում , ցանկացած մարդ արտահայտում է իր կարծիքը կամ անձնական , կամ իրական ,և դա նրա իրավունքն է , բայց ցանկացած դեպքում ցանկալի է , որ այդ կարծիքի մեջ հորինված հեքիաթները քիչ լինեն

  12. Արտակ says:

    Ցավալին այն է, որ նախկին տնօրենը չի կարողանում արժանապատվորեն ընդունել այն իրողությունը, որի ինքը այլևս տնօրեն չէ, քանի որ պարտվել է մրցույթում, քանի որ դոգմա չէ, որ պաշտոնը հավիտյան է: Ներկա տնօրենին վազգեն Մարգարյանին քննադատողներին էլ խորհուրդ կտամ հետևել Իջևանի ԲԿ-ի հետագա վիճակին ու համոզված եմ, որ Իջևանի ԲԿ-ի խայտառակված անունը(որը , ի դեպ, “ձեռք է բերվել” հենց Հրաչյա Ներսիսյանի տնօրինության օրոք) շուտով վերականգնվելու է: Ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը:
    Շնորհավորում եմ Ձեզ պարոն Մարգարյան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031