Էս ընթացքում երևի դուք էլ նկատեցիք, որ էս վերնագիրս առանձնապես չի համապատասխանում էս վերնագրի ներքո գրածներիս էությանը: Երևի ավելի ճիշտ կլիներ էս շարքը վերնագրել` «Ո՞վ կդառնա Հայաստանի չորրորդ նախագահ», բայց էս տարբերակից խուսափեցինք, որովհետև վստահ չենք, որ Հայաստանը չորրորդ նախագահ կունենա. այսինքն, միանգամայն հնարավոր է, որ արդեն եղած երեք նախագահներից մեկնումեկը վերստին նախագահ դառնա, և չորրորդ ընդհանրապես չլինի: Ասվածն, իհարկե, գործող նախագահին չի վերաբերում, որովհետև Սերժ Սարգսյանը լավագույն դեպքում կավարտի իր նախագահության երկրորդ ժամկետը և ստիպված կլինի իր տեղը զիջել որևէ ուրիշի, և եթե էդ ուրիշը լինի Տեր-Պետրոսյանը կամ Քոչարյանը, նրանցից հաջողակին չորրորդ նախագա՞հ ենք անվանելու, թե վերստին` առաջին կամ երկրորդ:
Սա, իհարկե, ձևական ու մակերեսային հարց է, և էականն այն է` Սերժ Սարգսյանից հետո մենք միանգամայն նոր նախագա՞հ ենք ունենալու, թե՞ նախկիններից մեկն է վերադառնալու` ինչպես որ տեղի ունեցավ Ռուսաստանում Պուտինի վերադարձով:
Համեմատությունն, իհարկե, տեղին ու համարժեք չէ, որովհետև Մեդվեդևի նախագահության օրոք Պուտինը ոչ միայն վարչապետ, այլև, կարելի է ասել, դե ֆակտո նախագահ էր:
Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ է: Նախկիններից Տեր-Պետրոսյանն արմատական ընդդիմություն է, իսկ Քոչարյանը` կիսաընդդիմադիր: Համենայն դեպս, երկրորդ նախագահի ելույթներն ու հարցազրույցներն իրենց մեջ Սերժ Սարգսյանի հանդեպ որևէ հաճոյախոսություն չեն պարունակում:
Այսուհանդերձ, առայժմ անպատասխան է մնում բոլորին մշտապես հուզող հետևյալ հարցը. գործող նախագահն ու Քոչարյանն իրականում հակառակորդնե՞ր են, թե, ընդհակառակը, բարեկամներ ու համախոհներ:
Կարդացեք նաև
Բոլոր դեպքերում, Քոչարյանն իր երկրորդ ժամկետից հետո կարծես թե դեմ չէր վերստին Հայաստանի վարչապետ աշխատել, բայց Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին նշանակեց, և եթե վերջինիս հաջողվի մինչև նախագահական ընտրություններ մնալ վարչապետի աթոռին, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը բառի բուն իմաստով չորրորդ նախագահ ունենա, մանավանդ որ` նախկինում արևմտամետ համարվող ներկայիս վարչապետը մանրից համակերպվում է Մաքսային միության հեռանկարի հետ:
Այս ամենն ընդամենը ենթադրություններ են, որովհետև դեռևս պարզ չի ամենակարևորը, այն է` Հայաստանի նախագահի հաջորդ ընտրությունը միանգամայն խաղաղ իրավիճակո՞ւմ տեղի կունենա, թե, ընդհակառակը, հեղափոխական կամ կիսահեղափոխական պայմաններում:
Ենթադրում ենք, որ երկու դեպքում էլ Հայաստանի նախագահի հաջորդ ընտրությունն էապես է տարբերվելու նախորդներից, անկախ էն հանգամանքից` հաջորդը հերթակա՞ն է լինելու, թե` արտահերթ:
Եթե նույնիսկ Մաքսային միությունը Հայաստանի մասնակցությամբ կայանա ու վերջնական տեսք ստանա, չենք կարծում թե` Արևմուտքը հեշտությամբ ձեռ կքաշի Հայաստանից և Հարավային Կովկասում թեկուզև Հայաստանի չափով կզիջի իր դիրքերը:
Մենք մշտապես դժգոհել ու դժգոհում ենք Հայաստանի աշխարհագրական դիրքից, մինչդեռ կարելի է ենթադրել, որ հենց մեր աշխարհագրական դիրքի շնորհիվ է, որ աշխարհի հզորները մեզ մշտապես հիշում ու մեզնով հետաքրքրվում են:
Պարզապես, մեզ առայժմ չի հաջողվում մեր աշխարհագրական դիրքն ի նպաստ մեզ օգտագործել: Ահա այդ մասին պիտի մտածենք, ընդ որում` նաև նախագահ ընտրելիս:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
YES