Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ:
Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. ««Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային և հոգևոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջ: Այս օրերին անգամ ճապոնացու, գերմանացու և թուքի շուրթերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները»:
Սեպտեմբերի 26-ից մեկնարկած «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները, ովքեր Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում ելույթներ են ունեցել բազմաթիվ բեմերում, փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես եկան կոմիտասյան կատարումներով:
Աշխարհի 9 երկրից և Արցախից ժամանած մասնակիցները հիացրին հանդիսատեսին կոմիտասյան ինքնատիպ կատարումներով: Տպավորիչ ելույթով հանդես եկավ Ասուկա Յոշիզակը Ճապոնիայից, ով հազարամյա պատմություն ունեցող ճապոնական կոտո նվագարանով նվագում էր Կոմիտասի ստեղծագործությունները: Ավստրիայի ներկայացուցիչ Յուհեի Ծուչիդան կատարեց «Հով արեք սարեր ջան» երգը: Կատարումներով հանդես եկան նաև Աննա Մայիլյանը, Շահե Քեշիշյանը Սիրիայից, Գևորգ Հաճյանը Լիբանանից, «Արարատ» երգչախումբը Իրանից, «Օվսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերը Ռուսաստանից: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործող Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց Հայկ Սայադյանի՝ Կոմիտասին նվիրված ալեգորիկ ֆիմը:
Հայ երգարվեստի մի խումբ նվիրյալներ իրենց վաստակի, ինչպես նաև «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի կայացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեցին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, «Կոմիտաս» մեդալով պարգևատրվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանը: ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը:
Փառատոնի մասնակից երգչախմբերին և անհատ կատարողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ