Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային ազատությունը շրջանակ չունի

Հոկտեմբեր 04,2013 12:20

Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի դիտարկումները

«Առավոտի» հետ զրույցում մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը նշեց, որ պետությունը չպետք է միջամտի մշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, ավելին՝ պետությունը չպետք է որոշի՝ ինչն է առաջնային կամ ինչը՝ ոչ, այլ նրա հիմնական խնդիրը պետք է լինի այդ ոլորտի կառավարումը: «Ինչ վերաբերում է, թե ինչու է պետությունը ներկայանում անցյալի մշակութային արժեքներով, ապա պատճառներից մեկը գուցե այն է, որ պետական կառավարման «դեղին» օղակներում գտնվող մարդիկ իրենց հայացքներով պահպանողական են ու չեն ներկայացնում առաջադեմ ուժեր: Նրանցից շատերը չեն էլ գիտակցում՝ ինչ ասել է մշակութային դիապազոն ու փորձում են դա ներկայացնել այն չհասկանալով ու մշտապես առաջնորդվելով մշակույթի հանդեպ կարծրատիպային վարքով: Այսինքն, դա դեռեւս խորհրդային ժամանակներում ձեւավորված այն մտայնությունն է, որ ազգային մշակույթը գլխավորապես անցյալում ստեղծված արժեքների համապարփակ ամբողջություն է»,- հայտնեց մեր զրուցակիցը: Չնայած սրան, Թադեւոսյանը հակված չէ կարծելու, որ Հայաստանում այսօր չեն ձեւավորվում մշակութային նոր արժեքներ, պարզապես վերջիններս դուրս են իշխանության բարեկրթության դիապազոնից: Պարոն Թադեւոսյանի խոսքով. «Կարիք չկա ուղղորդելու մշակութային ոլորտում ստեղծագործական գործունեություն իրականացնող մարդկանց: Նրանք պետք է ձեւավորեն նոր արժեքներ, գաղափարներ… Հենց այս ոլորտը նոր ձեւերի ստեղծման ազատության ասպարեզ է»: Մեր զրուցակիցն ավելացրեց, թե մշակութային գրաքննությունը անթույլատրելի է. «Եթե ստեղծագործողները հանկարծ ենթարկվեն ցենզուրայի, ապա համաշխարհային մշակույթի առումով մենք ոչ մի արժեք չենք ունենա: Չէ՞ որ մշակույթը առաջ է ընթանում հենց կարծրատիպերը կոտրելու ու դրանց պատկերացումները փոխելու ճանապարհով: Հակառակ դեպքում բարձրակարգ ստեղծագործություններ չեն ծնվի»: Դիտարկմանը, թե մեր օրերում «մշակութային» ազատությունը հաճախ ընկալվում է որպես բարձիթողի վիճակ, Աղասի Թադեւոսյանը նշեց, թե մշակութային ազատությունը շրջանակ չունի, այն անձի ինքնահաստատման եւ ներկայանալու ներքին մղում է:

Հարցին՝ իրեն իբրեւ մասնագետ, մեծ հաշվով, ի՞նչ չափով է բավարարում պետության կողմից հրամցվող մշակույթը, պարոն Թադեւոսյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ խնդիր եմ դրել գլոբալ առումով մշակութային գործընթացներից բավարարվել: Այլ հարց է՝ Հայաստանում կա՞ն մշակութային գործընթացներ, թե՞ ոչ, ինչը մեզ թույլ կտար խոսելու մշակութային զարգացումների բազմազանության մասին: Մենք խնդիր ունենք մշակույթի միջոցով արտացոլելու մեր հասարակության ներսում առկա բազմազանությունները, իսկ այն, ինչը մեզ պետական կառույցների կողմից ներկայացվում է իբրեւ «պաշտոնական» մշակույթ, որ քարոզվում է ԶԼՄ-ների կողմից, չափազանց միակերպ է եւ ոչ բարենպաստ՝ մշակութային գործընթացներ ապահովելու առումով: Ցավոք, պետական մշակութային քաղաքականությունը ուղղորդված չէ նպաստելու այնպիսի պրոցեսների ձեւավորմանը, ինչը կարող է տանել համամարդկային ու համաշխարհային մշակութային գործընթացների»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031