IDeA հիմնադրամը, որը միավորում է հայտնի գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, ընկերներին ու համախոհներին, որոշել է աջակցել «Վիկիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը:
Ս.թ. օգոստոսին ստորագրված պայմանագրի համաձայն, IDeA հիմնադրամը աջակցում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի այն նախագծերին, որոնք ուղղված են Սյունիքի եւ Տավուշի մարզերում վիքի-նախագծերի առաջխաղացմանը եւ ազատ հանրագիտարանի նախագծերում մարզերի երիտասարդության ներգրավվմանը: Համագործակցության գլխավոր նպատակը հայերեն Վիքիպեդիայի որակական եւ քանակական ընդլայնումն է:
«IDeA հիմնադրամի հովանու ներքո իրագործվում են ռազմավարական բարեգործական նախաձեռնություններ` ուղղված կրթության եւ տուրիզմի զարգացմանը, ազգային ավանդույթների եւ հոգեւոր վերածննդի ապահովմանը: Այս լույսի ներքո մենք կարեւորում են հայերեն Վիքիպեդիայի զարգացումը՝ հայկական ժառանգությունը ցանցային տիրույթում արժանի կերպով ներկայացնելու համար»,- ասել է IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
«Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասել է, որ «IDeA հիմնադրամի հետ համագործակցության այս կարճ ժամանակահատվածում Գորիսում սեմինար էր կազմակերպվել «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի շրջանակներում, որի շնորհիվ երիտասարդները վիքի- նախագծերին մասնակցելու որոշակի հմտություն են ձեռք բերել, իսկ ազատ հանրագիտարանը հարստացել է Սյունիքի եւ Տավուշի մասին պատմող հոդվածներով ու լուսանկարներով»:
Կարդացեք նաև
Սյունիքի եւ Տավուշի մարզերի ընտրությունը պատահական չէ. այս մարզերում IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախագծեր՝ Դիլիջանի միջազգային դպրոցը եւ «Տաթեւի վերածնունդը»:
Հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում կկայանա «Վիքիկոնֆերանս Երեւան 2013»-ը, որը կամփոփի հայկական վիքի համայնքի տարեկան ձեռքբերումները եւ կմշակի վիքի-նախագծերի եւ ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ:
Մամուլի հաղորդակցություն