Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր «ֆինանսական փուչիկներ» են «պայթելու» կամ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլը

Հոկտեմբեր 04,2013 11:08

Կապիտալիզմի կամ նեոկապիտալի փուլն աշխարհում ավարտվեց: Մարդկությունը կանգնած է նոր ձեւավորվող ֆորմացիայի առջեւ, որը, սակայն, հայտնի չէ, թե ի՞նչ կամ ինչպիսի՞ն է լինելու: Այս հարցերի շուրջ էին այսօր քննարկումները Հռոդոսում մեկնարկած «Քաղաքակրթությունների երկխոսություն» 11-րդ համաժողովում: Ավստրիայի նախկին կանցլեր Ալֆրեդ Գուզենբաուերը, որը «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային ֆորումի համանախագահներից է, այս հարցերի շուրջ իր ելույթում նկատեց, որ թյուր է տպավորությունը, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հանգեցրած «ֆինանսական փուչիկների» ճանապարհն ավարտվել է: «Նորից են ֆինանսական փուչիկներ փչվում եւ նրանց, ովքեր դա անում են՝ դա շատ ձեռնտու է»,- ասաց բանախոսը`միաժամանակ նկատելով. «Անհավասարության պայմաններում, հատկապես բնակչության եկամուտների անհավասարության, հնարավոր չէ պետության զարգացում: Զարգացում կարող է ապրել միայն այն հասարակությունն ու պետությունը, որտեղ չկա բեւեռացում: Տասը տոկոս կազմող միլիարդատերերն ինչքա՞ն պահանջարկ պետք է ձեւավորեն, որ կարողանան հավասարակշռել 90 տոկոս կազմող հասարակության պահանջարկը: Իսկ եթե պահանջարկ չկա՝ առաջարկ չի ձեւավորվի: Ուստի այդ ճանապարհից շեղված պետություններն անպայման աղքատության շեմին են կանգնելու»: Բանախոսն իր համոզմունքը հիմնավորեց նաեւ տնտեսական հաշվարկներով:

Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում, համաժողովին մասնակցող հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նկատեց, որ Ալֆրեդ Գուզենբաուերի նկարագրած իրավիճակն իր հայելային արտացոլումն է ստացել նաեւ մեր երկրում ու, որպեսզի հնարավոր լինի առաջ գնալ, պետք է կարողանանք գործընթացները ճիշտ գնահատել, ճիշտ որոշումներ կայացնել: Ցավոք, առայժմ, հուսադրող հեռանկար այդ առումով, մեր զրուցակիցը չի տեսնում:

«Ինչո՞ւ եք ուզում, որ ես ենթարկվեմ ձեր պատկերացումներին: Ես իմ ինքնությունն ունեմ, որը ցանկանում եմ պաշտպանել, պահպանել ու զարգացնել»,- իր ելույթում նման հարցեր հնչեցրեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության սեփականատեր, ֆորումի համանախագահ Վլադիմիր Յակունինը:

Բանախոսին զարմացնում է այն, որ պետությունների ղեկավարներն ամեն ինչ ուզում են վերադարձնել այն կետին, ինչպես որ կար մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Նա անհասկանալի է համարում այն, որ պետությունների ղեկավարները չեն ցանկանում հրաժարվել մտքից, որ բոլորը պետք է լինեն մեկ ստանդարտին համապատասխան: «Եթե ցանկանում են բոլորին copy-paste անել, հասարակական զարգացումը կանգ է առնելու»,- կարծում է բանախոսը`վստահ, որ ձեւավորվելիք քաղաքական, տեսական, կառավարման համակարգերը հենց վերոնշյալ հիմնաքարից պետք է բխեն:

Այսօրվա քննարկումներում կարեւորվեցին նաեւ մարդու ու բնության փոխհարաբերությունները: Բանախոսներից մեկի կարծիքով՝ մարդկությունը բնությանը սկսել է վերաբերվել, ինչպես հումքի մի տոպրակի ու փորձում է հնարավորինս շատ բան հանել այդ տոպրակից, բայց բնությունը հոգնել է այս իրավիճակից եւ օրգանական շարժումներ է անում իր վրա կուտակված աղբը դեն նետելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հռոդոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031