Այն, որ տեղի ունեցածը նախօրոք մշակված ու կանխորոշված գործառույթ էր, կասկածից վեր է. բավական է նշել, որ դեռ օգոստոսի 3-ին Զարուհի Փոստանջյանը, լինելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության փոխարինող կազմում, արդեն իսկ հերթագրվել էր Հանրապետության նախագահին հարց տալու համար: Մինչդեռ մենք գիտենք, որ հարց տալու իրավունք վերապահված է ԵԽ ԽՎ-ի անդամ երկրների հիմնական կազմի պատվիրակներին: Զարմանալի զուգադիպություն…
Հարկ է նաեւ նկատել, որ ժողովրդավարության անգամ իսկ ամենամոլեռանդ ջատագովները պատշաճ առիթ ունեցան համոզվելու, թե նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք մեր երկիրը ժողովրդավարության ինչ բարձունքների է հասել, երբ իշխող Հանրապետական կուսակցության պատվիրակները ԵԽԽՎ-ի այդ հույժ պատասխանատու նիստի ժամանակ հոժարակամ իրենց ձայնի իրավունքը զիջում են ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցչին:
Ավելին՝ եվրոպացի պատգամավորներն էլ հնարավորություն են ունենում անկողմնակալ պատկերացում կազմել մեր երկրի նախագահին ընդդիմադիրների նկարագրի վերաբերյալ, նաեւ Սերժ Սարգսյանի հավասարակշռության ու լայնախոհության մասին: Չի կարելի բացառել, որ Զարուհի Փոստանջյանին դրդել էին նման գռեհիկ ձեւակերպումներով դիմել նախագահին, ի թիվս այլ խնդիրների լուծման, ակնկալելով, որ նախագահը տրված հարցին դրա մակարդակի հարթության վրա կպատասխանի:
Հիասթափեցնենք, այստեղ էլ տիկին Փոստանջյանի եւ նրա թիկունքում կանգնածների հաշվարկները ձախողվեցին: Ես չեմ բացառում, որ «Ժառանգության» տիկնիկավարներն ակնկալում էին, որ նման վարքագիծ դրսեւորելուց հետո տիկին Փոստանջյանը իշխանությունների կողմից կենթարկվի «հետապնդումների» ու «հալածանքների»: Եվ, կարծես թե, Ազգային ժողովում հարգարժան Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարությունը՝ վերանայել ԵԽ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմը, կարող է Հայոց պետականությանն ընդդիմադիրների համար հետագայում դառնալ Հայաստանի իշխանություններին շանտաժի ենթարկելու առարկա:
Թվում է, թե ավելի արդարացված կլիներ ռուսաց ցար Պետրոս Մեծի դեռ 1703թ. հոկտեմբերի 4-ին արձակած հայտնի հրամանագրի ոգուն համահունչ գործել՝ «Հրամայում եմ բոյարներին Դումայում խոսել բանավոր, որպեսզի յուրաքանչյուրի հիմարությունը տեսանելի դառնա», այն է՝ չզրկել մեր պետությանն ընդդիմադիրներին միջազգային կառույցներում ինքնաբացահայտվելու միջոցից:
Տողերիս հեղինակը 7 տարի եղել է ԵԽ ԽՎ-ում Ազգային ժողովի հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմում: Մեր երկրի ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ-ից պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված Հերմինե Նաղդալյանը, նաեւ ՀՅԴ պատվիրակության հիմնական անդամ Արմեն Ռուստամյանը քանիցս ինձ են զիջել իրենց իրավունքը եւ հնարավորություն տվել ելույթ ունենալ ԵԽ ԽՎ-ի նստաշրջաններում:
Ադրբեջանական պատվիրակության այն ժամանակվա եւ ներկայիս ղեկավար Սամաթ Սեիդովի հարցին, որ իր տեղեկությամբ Արտաշես Գեղամյանը Հայաստանում անողոք քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին, իսկ Ստրասբուրգում, չգիտես ինչու, լռում է, գործընկերներս պատասխանել էին. Գեղամյանը դեմ է իշխանությունների վարած քաղաքականությանը, բայց ոչ երբեք Հայոց պետականությանը:
Կարծում եմ, հիմա ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ճիշտ այդ նույն ղեկավարն այլեւս դժգոհելու առիթ չի ունենա, քանի որ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր առանձին պատվիրակներ այսօր ընդդիմադիր են ոչ թե ՀՀ իշխանություններին, այլ Հայաստանի Հանրապետությանը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ
Հ.Գ.- Հոկտեմբերի 2-ին ԵԽ ԽՎ-ի նստաշրջանում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի հարցերին, ըստ իս, պետք է գնահատական տա նախեւառաջ «Ժառանգություն» կուսակցությունը:
Մեր երկրի քաղաքացիներն իրավունք ունեն հասկանալու, թե Ստրասբուրգում հնչեցվածը «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի անձնական կարծիքն ու տեսակե՞տն է, թե՞ կուսակցության որդեգրած քաղաքական գիծը: Դրանից հետո, կարծում եմ, անհրաժեշտություն կլինի որոշակի ճշտումներ մտցնել այդ կառույցի ֆինանսավորման աղբյուրների մասին եւ պարզել դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը: Եվ սա հռետորական հարցադրում չէ, այլ պահանջ՝ մեր երկրի ազգային անվտանգության շահերից բխող:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Ազգային նվագարան….. դատարկ դհոլ որակումը ստացած եւ դրա դեմ ոչինչ չարածին ինչ ասես?????
Տանելով տանել չեմ կարողանում Գեղամյանին, բայց լրիվ համամիտ եմ իր հետ: