Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ երկրում քաղաքական բոլոր ձախողումները և խայտառակությունները ունեն մեկ աղբյուր՝ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունը:
– ՀԱԿ-ը միայն վերջին ժամանակներս, եթե սխալվում եմ, խնդրում եմ՝ ուղղեք, սկսեց ակտիվորեն զբաղվել Տիգրան Առաքելյանի հարցով` տալով դրան ավելի լայն հանրային հնչեղություն: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ինչո՞ւ ոչ երկու-երեք ամիս առաջ:
– Կուղղեմ ձեզ, որովհետև իսկապես սխալվում եք: Մենք մշտապես ակտիվ ենք եղել: Այլ բան է, որ ամռանը փողոցային առերևույթ ակտիվությունը մի փոքր նվազել էր մի պարզ պատճառով, որովհետև դատավարություններ չէին լինում, դատավարությունների ժամանակ, գիտեք, մենք պիկետներ ենք կազմակերպում և այլն: Բայց Տիգրան Առաքելյանի և մյուս երեք տղաների դատը մշտապես եղել է ՀԱԿ-ի առաջնահերթություններից մեկը մի քանի պատճառով. նախ` զուտ մարդկային` տղաները մեղադրվում են հանիրավի, և սա քաղաքական հետապնդում է, երկրորդ` Տիգրանը բանտարկված է, և երրորդ՝ սա Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական օրակարգի կարևորագույն մասն է այն իմաստով, որ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում լրջագույն խոչընդոտ է ժողովրդավարական գործընթացները ավելի արագ տանելու համար: Ես կարծում եմ, որ մեր գործողությունների համեմատությունը դուք կարող եք դիտել ակտիվ և ավելի ակտիվ և ոչ թե՝ պասիվ և ակտիվ համեմատությամբ:
-Ինչո՞ւ վերջին ժամանակներս սկսվեց երաշխավորագրերի այս ակցիան, որը պետք է փոխի Տիգրանի կալանքի ձևը: Ինչո՞ւ սկզբից չարվեց դա:
Կարդացեք նաև
-Ամենասկզբում, երբ, դուք երևի չեք հիշում, ես հիշեցնեմ` այդ պրովոկացիոն միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը և գործող ռեժիմը երկխոսության մեջ էին, և նույնիսկ այդ ժամանակ ՀԱԿ-ը հանդես եկավ առաջարկությամբ, որպեսզի երկու բանակցող պատվիրակությունների երաշխավորությամբ տղաները մնան ազատության մեջ, անաչառ կերպով հետաքննությունը շարունակվի և ովքեր, որ մեղավոր են` պատասխան տան: Նույնիսկ այդ ժամանակ` հենց ամենասկզբում, մենք այդ երաշխավորության ինստիտուտը մտցրեցինք: Ավելին` դեռ հետագայում էլ, երբ ՀԱԿ-ը անցավ խորհրդարան, այդ ժամանակ էլ եղան նման փորձեր, այլ բան է, որ իշխանությունները որևէ իրավական հիմնավորում չունենալով` ուղղակի քաղաքական որոշում են կայացնում Տիգրանին բանտում թողնելու: Սա իշխանությունների վաղուց հայտնի ձեռագիրն է` ունենալ պատանդ և փորձել դրա վրա սակարկել ընդդիմության` տվյալ պարագայում ՀԱԿ-ի հետ:
-Ի՞նչ են Ձեզ հետ սակարկում: Իմիջիայլոց, կա տեսակետ, որ ՀԱԿ-ին նույնպես ձեռնտու է ունենալ քաղբանտարկյալ:
– Դե իհարկե աշխարհում կան տեսակետներ, որ Երկրագունդը տափակ է: Որևէ մեկ բանական մարդու մտքով չի կարող անցնել, որ կարող է լինել քաղաքական ուժ, որին ձեռք կտա, որ իր համակիրը լինի բանտում, որի պատճառով ինքը ամեն ուրբաթ ակցիաներ անի, հսկայական ջանքեր գործադրի` իրավական, մարդկային, ինչու չէ՝ նաև նյութական ռեսուրսներ ծախսի, որպեսզի կարողանա կազմակերպի Տիգրան Առաքելյանի պաշտպանությունը` և՛ իրավական, և՛ քաղաքական բոլոր առումներով: Եվ սրանից հետո ասել, որ ՀԱԿ-ին ձեռնտու է, ես կարծում եմ, ներեցեք, նման անորակ մտքերին անդրադառնալ պետք չէ:
Զրուցել է Արփի Մախսուդյանը
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում