Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԻԾԱՂԵԼԻ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

Հոկտեմբեր 04,2013 10:24

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քսաներկուերորդ

ԾԻԾԱՂԵԼԻ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

Եվ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «աշխատանքային վեցերորդ օրը վարչության պետը կանչեց ու էդ  բանն ասեց», եւ Հայկունին Անանիային հարցրեց՝ «ի՞նչ ասեց», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «ասեց՝ մենք ձեր աշխատանքից շատ գոհ ենք, բայց, ցավոք սրտի, մեր աշխատակիցն արձակուրդից վերադարձել է», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «ի՞նչ արձակուրդ», եւ Անանիան ասաց՝ «իրանց էդ աղջիկը ֆիզարձակուրդ էր գնացել, ու ես պիտի իրան մի տարի փոխարինեի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «ֆիզարձակուրդ գնացածը ո՞նց կարող ա մի շաբաթից վերադառնա» եւ մի քիչ էլ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «կարող ա՞ վիժել էր», եւ Անանիան թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ շատ երկար պատմություն ա, Հայկուն ջան», եւ Հայկունին ժպտալով ինձ հարցրեց՝ «քո վեպից էլ ա՞ երկար», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ վեպից երկար չի, բայց իմ վեպից հետաքրքիր ա», եւ Աբոն  ժպտալով ասաց՝ «էդ երկար պատմությունն Արիկը շատ կարճ ու շատ լավ ա պատմում», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «հնարավոր չի, որ Հայկունն էդ պատմությունը չիմանա», եւ Հայկունին ասաց՝ «ես մենակ էն գիտեմ, որ Անանիան հիսուն անգամ քաղծառայողի քննություն ա հանձնել ու հիսուն անգամն էլ գերազանց ա ստացել», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «քառասունութ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «քառասունութ անգամ գերազանց ա ստացել, բայց ոչ մի անգամ աշխատանքի չեն վերցրել», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «մի անգամ վերցրել են», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «ընդամենը հինգ օրով» եւ մի  քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «վեցերորդ օրը շեֆը կանչեց ու ծառայություններիցս հրաժարվեց» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ասաց՝ «նույնիսկ ընդունման հրամանս չէին տվել», եւ Արիկն ասաց՝ «եթե ընդունման հրամանդ տված ըլնեին, էլ չէին կարա քեզ աշխատանքից ազատեին», եւ Անանիան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ վարիանտը չէր» եւ մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «ֆիզարձակուրդի դեպքում լրիվ ուրիշ օրենքներ են գործում», եւ Հայկունին ապշահար նայեց Անանիային ու զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ֆիզարձակուրդ» եւ Արիկին նայելով ասաց՝ «մարդավարի բան ասեք՝ բան հասկանանք», եւ Աբոն ժպտալով Արիկին ասաց՝ «հիմի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հայկունն էդ պատմությունը լավ էլ գիտի. ուղղակի մեզ ա խոսացնում», եւ Հայկունին Արիկին հարցրեց՝ «էդ ի՞նչ ֆիզարձակուրդ եք ասում», եւ Արիկը կասկածանքով նայեց Հայկունուն եւ քմծիծաղով ասաց՝ «իբր թե չգիտես», եւ Հայկունին վրդովված ասաց՝ «կարող ա՞ երդվեմ, որ հավատաք», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «էդ պատմությունը սաղ քաղաքը գիտի», եւ Հայկունին նեղսրտած ասաց՝ «ես մեղավո՞ր եմ, որ չգիտեմ», եւ Ջավախյանն ասաց՝ «Հայկունը մի տարի կըլնի՝ ինչ խմելը թարգել ա,  վաբշե «Տրիումֆ» չի գալի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ «Տրիումֆ» չի գալի, նորությունները որտեղի՞ց պիտի իմանա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «խմելը թարգելը «Տրիումֆ» գալու հետ ի՞նչ կապ ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «մենք որ  վաբշե չենք խմում, ուրեմն  վաբշե չպիտի «Տրիումֆ» գա՞նք», եւ Աբոն ժպտալով Արիկին ասաց՝ «Հայկունի վարիանտը լրիվ ուրիշ ա», եւ Արիկը հարցրեց՝ «ինչո՞վ ա ուրիշ», եւ Աբոն ասաց՝ «Հայկունը հենց ոտը դնում ա «Տրիումֆ», աֆիցիանտն առանց հարցնելու՝ իրա վիսկին բերում ու դնում ա դեմը», եւ Արիկը հարցրեց՝ «առանց ասելու ա՞ բերում», եւ Աբոն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Արիկը հարցրեց՝ «բա ինչի՞ մեր դեմը չի դնում», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ Հայկունը նախօրոք շատ խիստ զգուշացրել ա», եւ Արիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ինչի՞ էսօր Հայկունի առաջ վիսկի չդրին», եւ Ջավախյանը ժպտալով  Արիկին ասաց՝ «որովհետեւ էս ընթացքում, ինչ Հայկունը «Տրիումֆ» չի գալի, հազար հատ աֆիցիանտ ա փոխվել», եւ Հայկունին հիացած նայեց Ջավախյանին ու ասաց՝ «պարզվում ա՝ արձակագիրներն էլ շատ ուժեղ լոգիկա ունեն», եւ Ջավախյանն Անանիային նայելով ասաց՝ «մենք էլ հո պոետ չենք, որ լոգիկա չունենանք», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Արմենը որ պոետ ա, կարող ա՞ լոգիկա չունի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞ր Արմենը», եւ Հայկունին պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շեկոյան Արմենն արձակագիրներիցս շատ ա արձակ գրել», եւ Արիկը Ջավախյանին ասաց՝ «ճիշտ ես ասում, որ «Տրիումֆում» շատ շուտ են աֆիցիանտները փոխվում», եւ Հայկունին  Արիկին ասաց՝ «թեմայից շեղվում ես, տղա ջան», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ո՞ր թեմայից եմ շեղվում», եւ Հայկունին ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հիմնական», եւ Արիկը հարցրեց՝ «հիմնական թեման ո՞րն ա», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «հիմնական թեման Անանիայի աշխատանքի ընդունվելու պատմությունն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ, Անանիայի՝ աշխատանքի չընդունվելու պատմությունը», եւ Արիկը կասկածանքով նայեց Հայկունուն ու ասաց՝ «էդ պատմությունը լավ էլ գիտես», եւ Հայկունին զարմացած նայեց Արիկին ու քմծիծաղով ասաց՝ «որ իմանայի, ինչի՞ պիտի քեզ  էսքան խնդրեի, տղա ջան», եւ Արիկը կասկածանքով նայեց Հայկունուն ու ժպտալով հարցրեց՝ «որ  չգիտես, բա ինչի՞ ես ծիծաղում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ինչքանը որ գիտեմ, էդքանն արդեն ծիծաղելի ա», եւ Արիկը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչն ա ծիծաղելի», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «մարդը հիսուն անգամ քաղծառայողի քննությունից գերազանց ա ստանում, բայց ոչ մի անգամ աշխատանքի չեն ընդունում», եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «քառասունութ անգամ», եւ Արշակը, որ բավական ժամանակ զարմանալիորեն լուռ էր, Հայկունուն զարմացած հարցրեց՝ «դրա ի՞նչն ա ծիծաղելի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Անանիայի քննությունների էս պատմությունն ավելի շուտ ցավալի ու ողբերգական ա, քան՝ ծիծաղելի» եւ Անանիան թախծոտ ժպտալով ասաց՝ «վերքը տիրոջն ա ցավ տալի, Արշակ ջան», եւ Արշակը մի քիչ մտածեց ու Հայկունուն նայելով ասաց՝ «Անանիայի էս պատմությունն իսկական մարդկային ողբերգություն ա», եւ Արիկն Արշակին նայելով ասաց՝ «որ մի երկրի դեպուտատը Սադոյան Արշակն ըլնի, էդ երկրի վիճակը հազիվ էլ էս ըլնի», եւ Ջավախյանն ասաց՝ «արդեն քանի տարի ա՝ Արշակը դեպուտատ չի, բայց երկրի վիճակն էլի չի դզվում», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «Արշակը հիմքերն էնքան սխալ ա դրել, որ դզել հնարավոր չի», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «էն տելեվիզորի բիձու ասածի պես՝ պիտի քանդենք ու նորը կառուցենք», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեն ա՝ լավ էլ քանդում են», եւ Արիկը քմծիծաղով Արշակին հարցրեց՝ «սիրտդ ցավում ա՞», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի ցավա», եւ Բարդուղը փռթկացնելով ասաց՝ «Արշակի սիրտը ցավում ա, որ առանց իրա են քանդում», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «Արշակը հիմքերն  ընենց ա դրել, որ ոնց էլ անեն՝ քանդվելու ա», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «էդ հիմքերն Արշակը կարող ա՞ մենակ ա դրել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը գլխավորներից մեկն էր», եւ Անանիան միանգամայն լուրջ տոնով ասաց՝  «Արշակի դերը չափից ավելի եք գերագնահատում», եւ Բարդուղն  ասաց՝ «Արշակը չըլներ՝ մի ուրիշն էր ըլնելու», եւ Աբոն փռթկացնելով ասաց՝ «բայց էդ մի ուրիշը կարող ա Արշակի պես լավ չքանդեր», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչն եմ քանդել», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «Սովետը», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սովետն ինքն իրան ա քանդվել», եւ Անանիան մի քիչ  մտածեց ու ասաց՝ «ոչ մի բան ինքն իրան չի քանդվում», եւ Արիկն Արշակին ասաց՝ «հինը քանդեցիք, նորի հիմքերն էլ սխալ դրեցիք», եւ Բարդուղը քմծիծաղով ասաց՝ «էն գլխից ամեն ինչ որոշված էր», եւ Արիկը փռթկացնելով Բարդուղին հարցրեց՝ «մասոններն էի՞ն որոշել», եւ Բարդուղն արհամարհական նայեց Արիկին ու հարցրեց՝ «քո արեւին ձեռ ես առնում, հա՞»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031