Սեպտեմբերի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզում: Նա մասնակցեց Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացնում է նախագահի ինտերնետային կայքը, անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում, որի արժեքը 60.6 միլիոն եվրո է: Անցակետը կառուցվում է դրամաշնորհով եւ վարկային միջոցներով:
Իր այցի ընթացքում Սերժ Սարգսյանը տեսա՞վ, որ երկրի մուտք հանդիսացող կամրջի տակ, Դեբեդի ձախ ափին աղբակույտ է: Հայաստանի սահմանին այդ աղբակույտն առկա է ավելի քան 2 տարի: Նշենք, որ նախագահի այցի կապակցությամբ, նախագահի մեքենայի եւ նրան ուղեկցող ավտոշարասյան կայանման համար ասֆալտապատ հարթակ է կառուցվել, որն այժմ քանդվել է: Սահմանային անցակետի շինարարական աշխատանքները կատարում է ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ