Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարուհի Փոստանջյանը մեր ժամանակների Վասակն է». Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի առաջնորդ

Հոկտեմբեր 03,2013 18:42

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի առաջնորդ Սահակ Մինասյանը, գնահատելով երեկ ԵԽԽՎ նիստի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ՀՀ նախագահին ուղղված կազինոյում խաղալու ու 70 միլոն եվրո տանուլ տալու մասին հարցադրումը՝ ասաց. «Նախ ասեմ, որ օրվա սկզբից խուսափել եմ բոլոր լրագրողների նմանատիպ հարցադրումներին պատասխանել, խուսափել եմ սոսկ այն պատճառով, որ ես դա որպես քաղաքականություն չեմ դիտում, ընդհակառակը հարցադրողը փորձ է արել ընդամենը քաղաքական ինչ-որ խառնաշփոթ ստեղծել և այլն, և այլն: Բայց դա քաղաքականություն չէ, բացառապես:

Եվ ցավով նշեմ, որ առանձին պարբերականներ, կայքեր շարունակում են անդրադառնալ, վերլուծել, սակայն դրանք հազիվ թե դիտումների նվազագույն քանակ արդեն իսկ օրվա երկրորդ կեսին ունենան:

Ինքնին ասածս փաստում է, որ սա քաղաքականություն չէ, բայց երևույթը չեմ կարող չգնահատել հետևյալ տեսանկյունից. երբ ես նոր էի մանկավարժությունում, մի հետաքրքիր առիթի ժամանակ հիշում եմ, ասել եմ, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերը, որոնցով ուսուցանում են դպրոցներում, շատ կարևոր մի բացթողում ու թերացում ունեն. առանձնացված ներկայացվում են վասակների կերպարները, վերլուծում են և այլն, և հետո փոքր ներբողներով նորից ներկայացնում են, թե գիտեք նրանց մտքում էլ է եղել հայրենասիրության գաղափար և այլ և այլն: Ես ընդհակառակը միշտ դեմ եմ եղել, որ նման կերպարը նույնիսկ ցանկացած տարեգրության տեսքով լուսաբանվի և մեկնաբանվի, ինքան քիչ են մեկնաբանվում, սերունդները նույնքան հազվադեպ ու անընդունելի են համարում նման վերաբերմունքը, պա՞րզ է:

Ազգի, պետության նկարագրին առնչվող խնդիր, իմ կարծիքով, իմ համոզմամբ և դա միայն իմ կարծիքը չէ, հասու չէ նույնիսկ ցանկացած պատգամավորի հնչեցնելու , թող ինձ ներեն ինձ բոլոր պատգամավորները… Մենք միջադեպը նույնիսկ հրապարակելով ենք վատ առումով ազդում մեր սերունդների դաստիարակության վրա: Սրանից ավելի գնահատական ես չեմ կարող տալ»:

Մեր ճշգրտող այն հարցին` թե ո՞րն է Զարուհի Փոստանջյանի «վասակությունը» այստեղ` Եվրախորհրդարանից նման հարց հնչեցնե՞լն` այլ ազգերի, այդ թվում ադրբեջանական պատվիրակության ներկայությամբ, թե՞ որ տիկինը համարձակվել է կազինոյի ու խաղամոլության մասին հարց տալ ՀՀԿ առաջնորդին: «Ես նորից եմ ասում, չեմ ընդունում նրա արարքը, կարդացել եմ պարբերականները և կարծիքներ են եղել, թե այս կամ այն քաղաքական ուժի դրդմամբ կամ համաձայնությամբ է հարցը հնչել և այլն: Եվ էդ կարդալու պահին մտածել եմ, որ տա Աստված, որ դա պատգամավորի` էդ պահի ինչ-որ չարակամության միանձնյա դրսևորումը լիներ ընդամենը: Եվ ես կարծում, որ էդ կերպ նույն պահին մտածեց նախագահը»:

Իսկ ի՞նչը կարող էր դրդել պատգամավորին այդ հարցը հնչեցնել հենց Եվրախորհրդարանում` հայ ժողովրդի շահերի մասին մտածե՞լը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ չդառնա՞լը, կամ միգուցե այլ դրդապատճառ կա: «Գիտեք ինչ, բոլորը խնդիրներ ունեն կյանքում, ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում, ցանկացած բանական, աշխատող, ստեղծագործող  մարդ ունի բազմաթիվ, բազմատեսակ, իրենց բարդություններով խիստ տարբեր խնդիրներ: Բանականությունը պայմանավորում է խնդիրների նախ դասավորում, տարբերակում առաջնայինը երկրորդականից և միանշանակ միայն համարժեք վերաբերմունք ցանկացած խնդրի: Ինչպիսի խնդիր էլ ուզում էր ունենար պատգամավորը, ես արդեն իմ նախորդող խոսքում մեկնաբանեցի` նման արտահայտություն նման դահլիճում, նման անհեթեթ վերաբերմունք , ես կարծում եմ, ոչ թե  կարծում եմ, համոզված եմ, որ անթույլատրելի էր: Բայց հիմա եկեք փոխենք թեման, ես ինքս խոսում եմ մի այնպիսի թեմայից, որը բացարձակ ուշադրության արժանի չէ, եկեք դիտենք որպես սեփական, անձնական չարակամության դրսևորման երևույթ հայ կնոջ կողմից, մոռանանք ու անցնենք», -ասաց ՀՀԿ կառույցի ղեկավարը:

Մեր այն հարցին էլ, թե խոսք է գնում Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության կազմից հանելու մասին, Սահակ Մինասյանն ասաց. « Սա արդեն Ազգային ժողովի ղեկավարության լիազորություններն են, իրենց քննարկման խնդիրն է, թող իրենք որոշեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Ի գիտություն Սահակ Մինասյանի ասեմ, որ ժամանակակից մեծ քաղաքագետներից մեկը, ցավոք սրտի չեմ կարողանում հիշել, թե ով, ասել է`”մեր ժամանակներում ամեն ինչն է քաղաքականություն”:

  2. Srap says:

    Իսկ դուք՝ պարոն Մինասյան և այն բոլոր մարդիք ովքեր հանրապետականի կրծքանշանը կրում են մերօրյա Թաելաթներն եք և խմում եք Ձեր հայրենակիցների այրունը:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նախ՝Վասակ Սյունին ԲՈԼՈՐ ժամանակների ամենախորաթափանց ու ամենահայրենասեր քաղաքական գործիչն էր:

    Երկրորդ՝ Զարուհի Փոստանջյանը ՄԵԾ հայուհի է և արի-հայրենասեր քաղաքական գործիչ:Հե՛նց ինքն է իսկական նժդեհականը,այլ ո՛չ քո ՀՀԿ-ական օլիգարխների խմբակը: ՀՀԿ-ն ՀՈՇՈՏԵԼ է Սյունիքը՝ ամեն սարի ու քոլի տակ մի մասնավոր «նժդեհական» հանք փորփրելով:

    Զարուհի Փոստանջյանի հարցը ԼՐԻՎՈՒԹՅԱՄԲ օրենքի (ազատ խոսքի իրավունքի) սահմաններում էր: Երկրի դե ֆակտո նախագահի կազինոներում հնարավոր խաղամոլությամբ զբաղվելը երկրին ուղղակիորեն վերաբերող ԿԱՐԵՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ խնդիր է:

  4. Maxim says:

    Մեր ազգը դեռ սովոր չէ, իր քաղաքացուն տեսնել,՝ ազնիվ, անվախ, համարձակ և իմաստուն, առավել
    ևս, երբ այդ դերում՝ կին է: Բայց չէ՞ որ նման արժանիքներով մարդիք արյան գնով՝ ԼՂ-ը ետ բերեցին,
    այլ ոչ թալանչիները: Այնպես որ պայքարը սկսվել է և կանգնեցնելը՝ անհնար է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031