Ըստ այսօր ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացված «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի՝ «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունից ազատ կամ կենսանվտանգ տարածք: Օրենքով նախատեսվում է, որ ԳՁՕ-ները կարող են Հայաստանում գործածվել «միայն մեկուսացված համակարգերում՝ հետազոտությունների համար»:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց օրենքի նախագիծը եւ դրան առնչվող օրենսդրական փաթեթը: Հիշեցնենք, որ աշխարհի շատ երկրներում ԳՁՕ-ների գործածությունը խիստ սահմանափակված է: Հայաստանում առայժմ ԳՁՕ-ները կիրառվում են անկառավարելի ձեւով: Որեւէ հսկողություն, որեւէ մեխանիզմ՝ հայտնաբերելու կամ սահմանափակելու դրանց գործածությունը, առայժմ չկա: Եթե այս ոլորտը չկարգավորվի, դա կարող է հանգեցնել բնապահպանական աղետի, քանի որ մեծ են ռիսկերը՝ մարդկային կյանքի եւ առողջության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից:
Թեեւ դեռեւս լավ հայտնի չեն բոլոր այն վնասներն ու վտանգները, որ իրենց մեջ կրում են ԳՁՕ-ները եւ դրանց կիրառումը, սակայն արդեն իսկ հայտնի են դրանց հետեւյալ բացասական ազդեցությունները՝ գեների անկառավարելի փոխանցումը, բույսերի եւ կենդանիների տեսակային բազմազանության աղքատացումը, ավանդական բույսերի սորտերի եւ կենդանիների ցեղերի բազմազանության նվազումը, հողերի բնական բերրիության խախտումը եւ անկումը: Այս հիմնավորմամբ էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռ մի քանի տարի առաջ սկսել է նախաձեռնել էր այս օրինագիծը, որը վերջապես բերվել է Ազգային ժողով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին հետաքրքրում, թե արդյոք մենք ունե՞նք բավարար քանակի լաբորատորիաներ, որոնք կդրվեն սահմաններին եւ կստուգեն ու կկարգավորեն ԳՁՕ պարունակող արտադրանքի ներմուծումը:
Կարդացեք նաև
Նմանատիպ մի հարց էլ տվեց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որին հետաքրքրում էր, թե որտե՞ղ են դրվելու այդ լաբորատորիաները եւ ի՞նչ կարգի գումար հարկավոր կլինի համապատասխան լաբորատորիաներ ձեռքբերելու եւ տեղադրելու համար:
Նախարարը ասաց, որ իհարկե, կարելի է այնպես անել, որ անընդհատ թարմացվեն լաբորատորիաները կամ ունենանք լավագույնները, որտեղ հնարավոր կլինի անել լավագույն անալիզները, սակայն առայժմ մենք ունենք ոչ բավարար քանակի եւ որակի որոշ լաբորատորիաներ: Բայց նաեւ նկատեց, որ դեռեւս ոչ մի հաշվարկներ չկան, չկան նաեւ ենթաօրենսդրական ակտեր՝ «հենց օրենքը ընդունվի, մնացած հարցերը կպարզաբանենք»:
Պատգամավոր Կորյուն Առաքելյանը համարում էր, որ վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությամբ, որն առնչվում է այս օրենքի նախագծին, օրենքը խախտողների համար նախատեսված «տուգանքները ահռելի չափերի են, չի կարելի նման ահռելի մեծ տուգանքներ սահմանել»:
Նկատենք, որ ըստ օրենքի նախագծի՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ապօրինաբար ստանալը, փորձարկելը, բազմացնելը, պահելը, ոչնչացնելը կամ վնասազերծելը, ինչպես նաեւ ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 35 000-ապատիկից մինչեւ 45 000-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 55 000-պատիկից մինչեւ 65 000-ապատիկի չափով»:
Նախարարը գտնում էր, որ դրանք «ահռելի չեն», եւ պետք են, որպեսզի խախտումները հնարավորինս բացառվեն:
Պատգամավորները մի քանի անգամ հետաքրքրվեցին, թե ինչպես են իրականացվելու սահմանային ստուգումները, եթե չունենք լաբորատորիաներ, պարոն նախարարը միայն ասում էր, որ պետք է օրենքն ընդունվի, որ հետո ենթաօրենսդրական ակտերով մնացած հարցերը կարգավորվեն:
Ի վերջո, որոշվեց առաջիկա ամսվա ընթացքում կազմակերպել լսումներ՝ այս օրենքի նախագծի շուրջ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ