«Ընտրությունը անում ենք ստիպված: Լեւոն Անանյանը լինելով՝ նախագահ շուրջ չորս հարյուր հոգու բեռը վերցնելով իր ուսերին, այդ բեռը շարունակվում է մինչեւ այսօր: Նման քանակի մարդկանց ԳՄ չի կարելի ընդունել, ես միշտ եմ սա ասել: Գրելու համար մարդուն սոցիալական, անձնական շարժառիթներ են պետք, որը կբերի արդյունք: Շատերն այնտեղ չեն հասկանում` ինչ է գրականությունը: Սպիտակ թուղթը նրանց գրգռում է, և նրանք էլ սկսում են գրե՞լ, ինչ է»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում զարմանքով ասաց ԳՄ անդամ, բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը:
Բանաստեղծի խոսքով՝ ԳՄ նախագահի ընտրության նախաշեմին Հովիկ Հովեյանն այլևս ծխամորճով է ման գալիս` իմանալով, որ ԳՄ-ում ազատ տեղ կա: «Ինչ վերաբերում է Ռազմիկ Դավոյանին, ապա նա կործանեց Գրողների միությունը, բացի դրանից՝ վերջին քսան տարիներին նա ոչինչ չի գրել: Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ծխամորճատեր է. բոլոր ծանրավիզ ծխամորճները փորձում են ներխուժել հայ գրականության նկուղային հարկ»:
Ըստ Հարությունյանի` ԳՄ նախագահը պետք է լինի կիրթ, մշակութային դեմք և ամենակարևորը` ծխամորճը ձեռքին ման չգա այնպես, ասես ինքն է գրական կենտրոնը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ իսկական գրողը խոսքի ուժով` իր իսկ սենյակից, կարող է պայթեցնել մի ամբողջ հասարակարգ, և բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա հրապարակներում բարձրագոչ հայտարարություններ անի:
«Անկախ նրանից, ով կդառնա ԳՄ նախագահ, ես պահանջում եմ ինքնուրույնություն, գրական բարձր ճաշակ, շփման հմտություն: ԳՄ նախագահը պետք է լինի գրական գործընթացների ակտիվ մասնակից, կազմակերպչական ջիղ ունեցող մարդ»,- ասաց պոետը` այդպես էլ չհայտնելով իր նախընտրած թեկնածուին` համարելով գովազդ:
Կարդացեք նաև
ԳՄ անդամ, գրաքննադատ Սուրիկ Աբրահամյանն էլ իր հերթին նկատեց, որ այսօրվա գրողներն ինքնաբավ են, և այդ ինքնաբավությունից պետք է ազատվել: «Պատեհապաշտին ու իսկական գրողին պետք է միմյանցից զանազանենք»,- նշեց նա:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ