Մի քանի օրից ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կմարի ռուսական 500 միլիոն դոլար վարկը վերջերս թողարկված եվրոպարտատոմսերի հաշվին, այս պարտատոմսերից ստացված գումարի մի մասն էլ ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ` եվրոբոնդերի թողարկումը մի քանի պատճառ ուներ. նախ` Հայաստանն առաջիկայում կզրկվի միջազգային ֆինանսական շուկայից արտոնյալ վարկեր ստանալուց, քանի որ, ինչպես նախարարն ասաց՝ մեր երկիրն այլեւս չի դիտարկվում որպես աղքատ երկիր. միջազգային կառույցների գնահատականով մենք արդեն միջին եկամուտ ստացող երկիր ենք, ուստի արտոնյալ վարկավորում մեզ չի հասնում:
Ֆինանսների նախարարի խոսքերով` առաջիկա 3-5 տարում վերջնականապես կդադարեցվի Հայաստանին արտոնյալ վարկեր տրամադրելը:
Եվրոբոնդերի թողարկման հաջորդ պատճառն, ըստ Դավիթ Սարգսյանի, հայաստանյան գործարարներն էլ չէին կարողանում միջազգային ֆինանսական շուկայից ձեռնտու վարկավորում ստանալ, քանի որ մեր երկիրը մասնակցություն չուներ միջազգային ֆինանսական շուկայում:
Կարդացեք նաև
Մյուս պատճառն՝ ըստ նախարարի, եվրոպարտատոմսերով երկրի ֆինանսավորումն է դիվերսիֆիկացվում:
Մանրամասն` տեսանյութում
Դավիթ Սարգսյանի հավաստմամբ` կառավարության թողարկած պարտատոմսերը մի քիչ ավելի ձեռնտու են, քան ռուսական վարկը:
Ռուսական վարկի վաղաժամկետ մարման վերաբերյալ էլ հարցին` թե այն պաշտոնապես ստորագրվել է սեպտեմբերի 3-ից (ՀՀ նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարության օրը) առա՞ջ, թե` հետո, ֆինանսների նախարարն ասաց, որ առաջին անգամ փաստաթուղթը, որում ֆիքսվել է, որ կարելի է գումարն ուղղել արտաքին պարտքի մարմանը, եղել է մայիսին կամ հունիսին. «Լավ չեմ հիշում, բայց փաստաթուղթը վերջին փուլով ստորագրվել է սեպտեմբերի 24-ին, սեպտեմբերի 3-ը չի ազդել պարտատոմսերից գոյացած գումարների ծախսման մեր որոշման վրա»:
Մանրամասն` տեսանյութում
Մեր պետական պարտքը վտանգավոր չէ, մենք չենք համարվում բարձր պարտքի բեռ ունեցող երկիր, այսօր մեր արտաքին պետական պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 37%-ը, իսկ մեր ամբողջ պետական պարտքը, նաեւ ներքին շուկայից վերցրած, կազմում է 44%:
Ֆինանսների նախարարը չբացառեց, որ եվրոբոնդերից ստացված 700 միլիոն դոլարի մարման ժամկետին, այն դառնա մոտ 1 միլիարդ, եւ չբացառեց նաեւ, որ որոշ ժամանակ հետո, նորից պարտատոմսեր թողարկվեն, այս պարտքը մարելու համար:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ