Գյումրու «Սթիլ» պատկերասրահում «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ծնունդով գյումրեցի՝ հայտնի գրող, լրագրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն այս քաղաքի մտավորականներին ու պաշտոնյաներին խնդրեց ուշադրություն դարձնել մի անդառնալի կորստի վրա: «Դա գյումրեցու տեսակն է , որը կորստի եզրին է, որովհետև գյումրեցիները հյուրասեր, հպարտ, այսպես ասեմ՝ լոպազ մի քիչ, այո, բայց դա մեր ազգային կոլորտի մի կարևոր ու թանկ մասն էր…Տարիներ շարունակ այս թշվառ վիճակի մեջ մենք կորցնում ենք այդ տեսակը , և այն կարևոր բառերը, որ շաղ են տրվում` մշակութային մայրաքաղաք, տեխնոքաղաք, դրանք թող աշխատատեղերով արտահայտվեն, որոշակի ռեալ աշխատատեղերով, աշխատավարձերով, որովհետև էն օլիգարխները, որոնք որ կան, որոնք որ իշխանության օլիգարխներն են և ամեն օր սուպերմարկետ են բացում, հետո սուպեր-սուպերմարկետ, հետո հիպերմարկետ , դրա փոխարեն էդ փողը ուղղեն էս քաղաքին, որ մարդիկ հնարավորություն ունենան արժանապատիվ ապրելու:
Իսկ ի՞նչ է էդ արժանապատիվ կյանքը, թող էդ իշխանավորները գան, 10 օր ապրեն էն կյանքով, ինչ կյանքով ապրում են տնակներում բնակվող գյումրեցիները կամ ասենք՝ 25 հազար դրամով երաժշտական դպրոցում դասավանդող ուսուցչուհին», -վրդովված ասաց Վահրամ Մարտիրոսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ