Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրիտանացի լրագրող. «Սկանդալից հետո լրագրողների վարկանիշն ընկել էր» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2013 15:33

Բրիտանական դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում խոսեց 30 տարիների ընթացքում բրիտանական մամուլի զարգացման մասին:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը   Փրայսին ներկայացրեց որպես փորձառու մեկը եւ լսարանից ակտիվ հարցեր ակնկալեց: Բրիտանացի լրագրողն ասաց, որ իր կարիերան սկսել է BBC-ից եւ այժմ էլ պարբերաբար հանդես է գալիս մի շարք ԶԼՄ-ներում, այդ թվում՝ The Guardian-ում, Daily Telegraph-ում, The Times-ում, BBC-ում:

«Երբ ես սկսեցի աշխատել, այն ժամանակ դեռ առցանց մեդիա չկար, ո՞ւմ մտքով կանցներ, այսքան արագություն կլինի, էլ չեմ խոսում սոցցանցերի մասին»,-ասաց լրագրողը, որ 2000-2001թթ. եղել է անգլիական Լեյբորիստական կուսակցության հաղորդակցության բաժնի ղեկավարը, նաեւ վարչապետ Թոնի Բլեերի հատուկ խորհրդականը՝ 1998-2000թթ.:

Փրայսը զանազան դրվագներ պատմեց իր պրակտիկայից, օրինակ, թե ինչպես է մի անգամ Հայոց ցեղասպանության մասին ցույց լուսաբանել, որից հետո BBC-ն թուրքական դեսպանատան կողմից բողոք է ստացել, ու ինքը մի քանի օր շարունակ իր ղեկավարին համոզել է, որ լուսաբանումն օբյեկտիվ էր: Նա այն կարծիքին է, որ այսօր մամուլն ավելի բաց է, առողջ: Խոսելով Թոնի Բլեերի վարչապետության շրջանի մասին, բրիտանացի լրագրողն ասաց, որ այդ ժամանակ ցանկացած միջոցառում, հանդիպում եւ ասուլիս նաեւ ուղիղ հեռարձակվել է, որպեսզի ամեն ինչ ավելի «թափանցիկ» լինի: Փրայսը ԶԼՄ-ներից զատ կարեւորեց նաեւ սոցիալական մեդիան, ասաց, որ, օրինակ, երբ որեւէ հրավեր է ունենում, անպայման այցելում է Twitter ու ծանոթանում «իրավիճակին»:

Նա նաեւ հավելեց, որ Բլեերի վարչապետության շրջանում, երբ ինքը նրա հատուկ խորհրդականն էր, վարչապետի կողմից կարեւորվում էր ԶԼՄ-ների դերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, նրա խոսքով, նույնիսկ այդ թեմայով մեծ զեկույց ուներ, որտեղ խոսվում էր մեդիայի վտանգավորության մասին՝ այն չէ՞ որ կարող է մի քանի րոպեում ավերել այս կամ այն գործչի համբավը:

Լրագրողը հիշեց, վարչապետը հակվածություն ուներ դեպի Եվրոպան, ու այդ պատճառով «դեղին» մամուլում սենսացիոն վերնագրերով ծաղրական նյութեր էին տպագրվում, թե ինչու է Բլեերը «սիրում» ֆունտը:

Լանս Փրայսը պատմեց, որ մի անգամ էլ The Sun-ի հրապարակման պատճառով էր մեծ սկանդալ ծագել՝ ԼԳԲՏ համայնքի հետ կապված: The Sun-ը գրել էր, որ նախարարներից մի քանիսը միասեռական են, ու վարչապետը գեյ-կառավարություն է ղեկավարում, Բլեերն էլ հայտարարել է, որ ինքը նախարարներին գնահատում է ոչ թե սեռական կողմնորոշմամբ, այլ կատարած աշխատանքով:

Լանս Փրայսը անդրադարձավ նաեւ գաղտնալսումների ու անձնական տիրույթ մտնելու հայտնի սկանդալին եւ հայտնեց, որ դրանից հետո Մեծ Բրիտանիայում ընկել էր լրատվամիջոցների վարկանիշը, եւ սոցհարցումների արդյունքներով լրագրողները եւ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվողները ստորին հորիզոնականներւմ էին: Ըստ բրիտանացի լրագրողի, եթե 2006-ին իր երկրում մարդկանց 50%-ը նախընտրում էր տպագիր մամուլ, ապա այսօր առցանց մամուլն է առաջատարը: «Ավելի քիչ են հետեւում TV-ին, ինչպես հասկանում եմ՝ Հայաստանում նույն վիճակն է: Մեր երիտասարդները միայն Ֆեյսբուքի share-ներն են կարդում: Եվ հասկանալի է, թե հուզումների ժամանակ ինչու են, դիցուք, Չինաստանում կամ Իրանում փորձում արգելափակել համացանցը»,-նշեց նա:

Նաեւ հավելեց, որ Մեծ Բրիտանիայում լրագրությունն այսօր արդեն ավելի շատ երկխոսության, քան դասախոսության ձեւաչափն ունի: Նա հասցրել է նկատել, որ Հայաստանում շատ են կին լրագրողները, բայց հենց մի քիչ հասնում ես «վերեւ», ղեկավարը տղամարդ է:

Հանդիպման վերջում դահլիճից հարց հնչեց, թե ինչու բրիտանացիները լուսաբանումներում Հոլոքոստին իբրեւ փաստ են վերաբերվում, իսկ եթե հարցը Հայոց ցեղասպանությանն է առնչվում, ստիպված են լինում «մանեւրել»: Լանս Փրայսը դիվանագիտորեն պատասխանեց, որ բրիտանացիները ամեն դեպքում փորձում են հավասարակշռված ներկայացնել իրողությունները, իհարկե իրենք կարդում են, տեղեկացված են, թե ինչ է պատահել նախկինում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    տո ասա այ աղվես… էկել էս ստեղ որ քյանդրբազություն անես՞

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031