«Ծրագիրը գնալով ձնագնդի պես թափ է առնում ու մեծանում: Առաջին անգամ այն իրականացնելուց հանդիպեցինք բազմաթիվ խոչընդոտների, բայց այս տարի պահանջարկը մեծացավ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ԿԻՆՈԱՇՈՒՆ» ազգային կինոյի ամիս» ծրագրի մասին նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից՝ հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին:
Գեւորգ Գեւորգյանի համոզմամբ՝ բոլոր մարզերի եւ համայնքների համար սա սպասելի տոն է: Այն դառնում է կինոյի տոն ամբողջ հանրապետության համար:
Այս տարի առաջին անգամ, «ԿԻՆՈԱՇՆԱՆ» շրջանակներում, կազմակերպիչները, հայտարարել են կինոմրցույթ՝ «Երեւանն իմ քաղաքն է թեմայով»: Մրցույթը նվիրվում է Երեւանի 2795-րդ տարեդարձին:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի պնդմամբ՝ «ԿԻՆՈԱՇՈՒՆՆ» ընդարձակվում եւ ձեռք է բերում տոնական տրամադրություն: Կինոաշնանը բոլորը մասնակցում են, կինոն ամենամասսայական արվեստն է.
«Այնտեղ, որտեղ կա իրական արվեստ եւ տքնաջան աշխատանք, չի կարող զիջել իր տեղը, արվեստը երբեք իր տեղը չի զիջի: Կինոաշունը բազմաշերտ է, բազմաոլորտ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ