Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս` Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ)` Երևանում կայանալիք գիտաժողովի վերաբերյալ:
Ողջունելով ներկաներին` ՄԱՄ միջազգային գիտական կազմկոմիտեի համանախագահ, տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը հայտնեց, որ հոկտեմբերի 7-11-ը Երևանում կայանալու է Միջազգային աստղագիտական միության գիտաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 165 գիտնականներ աշխարհի 35 երկրներից, ինչը, նրա խոսքերով, ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում երբևէ անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ. «Գրեթե նման քանակի երկրներ ներկայացված են եղել նաև 2007 թ. կայացած Եվրոպական աստղագիտական համագումարում: Այս գիտաժողովը, որը 304-րդն է, նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին և անցկացվում է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջագայություններ և ուսումնասիրություններ» թեմայով»,- ասաց Արեգ Միքայելյանը և նկատեց, որ սա երիտասարդ աստղագետների համար բացառիկ հնարավորություն է` շփվելու ավագ սերնդի աստղագետների հետ:
Կազմկոմիտեի անդամ Հարություն Ծատրյանն ասաց, որ գիտաժողովին առավել շատ մասնակիցներ կլինեն զարգացած աստղագիտական երկրներից` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ինչպես նաև Հայաստանից:
Նշենք, որ միջոցառմանը ներկայացված են նաև Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Բուլղարիան, Թայվանը, Իռլանդիան, Իրանը, Լեհաստանը, Հոլանդիան, Հունաստանը, Ղազախստանը, Մալազիան, Մեքսիկան և այլ երկրներ: Արեգ Միքայելյանի փոխանցմամբ` հինգ մայրցամաքներից էլ մասնակիցներ կան, որոնց թվում են նաև միջազգային կազմակերպությունների և գիտական ծրագրերի ղեկավարներ, աստղադիտարանների և աստղագիտական ինստիտուտների տնօրեններ, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդ աստղագետներ: Կներկայացվեն մոտ 60 բանավոր զեկուցումներ և շուրջ 100 պոստերներ:
Կարդացեք նաև
Կազմկոմիտեի անդամ Սոնա Ֆարմանյանը հայտնեց, որ գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են նաև ուսանողական խմբեր: Նա մասնավորապես ասաց. «Ընդգրկված են մոտ երեսուն ուսանողներ ԵՊՀ Ֆիզիկայի, Միջազգային հարաբերությունների, Ռոմանագերմանական բանասիրության, Արևելագիտության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներից, ինչպես նաև Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից և Հայկական տուրիզմի ինստիտուտից»:
Կազմկոմիտեի անդամներից Լիլիթ Սարիբեկյանն էլ տեղեկացրեց, որ գիտաժողովի մասնակիցների հետ պատրաստվում են այցելել նաև Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Նորավանք, Բյուրականի աստղադիտարան, Էրեբունի թանգարան, Մատենադարան, Ազգային պատկերասրահ և այլն:
Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 և 2001թթ.: 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 6-րդը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ