Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն եպիսկոպոսաց ժողովի եւ «սուրբ Սամվելի»

Հոկտեմբեր 03,2013 15:11

Եվ եղեւ, որ աշխարհում մերոյ եպիսկոպոսաց ժողով էր…

Երեւի այսպես կսկսեր իր տարեգրությունը միջնադարյան մի հոգեւորական գրիչ, եթե պատմելու լիներ Մայր աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 24-ից 27-ը կայացած եպիսկոպոսաց ժողովի մասին:

Անկեղծ՝ ինձ առանձնապես չեն հետաքրքրում դավանաբանական այն խրթին հարցերը, որոնք, հավանաբար, քննարկել են հոգեւոր հայրերը: Մեծ հաշվով՝ չեմ խորացել նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդրի մեջ: Եվ ես՝ ոչ թե միջնադարյան, այլ ժամանակակից համեստ մի գրիչ, ընդհանրապես չէի անդրադառնա այդ ժողովին, եթե նրան անմիջապես չհաջորդեր եկեղեցու կյանքում այնպիսի մի խոշորագույն ու դարակազմիկ իրադարձություն, ինչպիսին «Հիսուսից հետո երկրորդ մարդ», «մեծ մարդասեր», «եկեղեցասեր» եւ «բարերար» Սամվել Ալեքսանյանի զավակների մկրտության արարողությունն էր Սուրբ երրորդություն եկեղեցում… Իսկ պատճառը՝ հոգեւոր ժողովում հնչած հայտարարությունների եւ իրականության շշմեցնող համապատասխանությունն է. եպիսկոպոսաց ժողովի բացմանը Գարեգին Բ-ն ասում է (մեջբերված է ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության). «Դարի հոգեզուրկ ընթացքներին, աշխարհայնացման, համահարթեցման վտանգներին պիտի կարողանանք դիմագրավել մեր ժողովրդի եւ հատկապես՝ երիտասարդության հոգում քաջարթուն պահելով սերը, վստահությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, նախանձախնդրությունը հանդեպ մեր հայրերի սուրբ հավատքը եւ ազգային ավանդները», իսկ դրան անմիջապես հաջորդում է եկեղեցին մեկ առանձին վերցրած օլիգարխի երեխաների մկրտության արարողության համար հատուկ զարդարելն ու այդ զարդարված եկեղեցին հավատացյալների, այդ թվում՝ երիտասարդների համար փակելը: Պարզ է, չէ՞, որ սա հենց նրա համար էր արված, որ երիտասարդության հոգում «քաջարթուն մնա սերը, վստահությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին»: Որովհետեւ եթե եկեղեցին չփակվեր, երիտասարդությունը ո՞նց կվստահեր «Սուրբ Սամվելին»… Չէ՞ որ այս երիտասարդությունը գիտի, որ հայրենի օլիգարխները սովոր են փակելուն. նրանք ռեստորան են փակում, երբ իրենք «մի բերան հաց են ուտում», ճանապարհ են փակում, երբ պետք է «էրեխուն» ավտոմեքենայով տանել հինգ մետր այն կողմ գտնվող դպրոցը եւ այլն: «Սուրբ Սամվելն» էլ բացառություն չէ, իհարկե: Եվ ահա նա, սովորույթի ուժով, փակում է նաեւ եկեղեցին, եթե չփակեր, երիտասարդությունը պարզապես չէր հասկանա ո՛չ նրան, ո՛չ եկեղեցուն… Եվ հիմա ես զարմանում եմ, որ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը (տե՛ս tert.am-ին տված նրա հարցազրույցը ) ժխտում է եկեղեցին փակելը: Պետք չի, Տեր հայր, մի հերքեք, ախր Դուք դրանով ընտրողների աչքում վարկաբեկում եք իրենց իդեալ «Սուրբ Սամվելին»: Ի՞նչ կմտածեն նրա մասին ջահելները եւ գրանտակերների կողմից նրա ոտնահարվող իրավունքների համար պայքարող կանայք: Բա չե՞ն ասի՝ սա ի՞նչ օլիգարխ է, որ սեփական երեխեքի կնունքի համար մի եկեղեցի էլ չի կարողանում փակել: Այ, որ «…պարզապես լրագրողները մի քիչ սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերել», ճիշտ եք ասում. իհարկե, այդ շանտաժիստ լրագրողներն են մեղավոր: Ամեն ինչում: Դիտմամբ մարդ էին կանգնեցրել եկեղեցու դռան մոտ, էդ մարդը արգելել է մուտքը եկեղեցի, որ նկարեն, ցույց տան  ու… վարկաբեկեն: Ախ, այդ սրիկա լրագրողները…

Իսկապես, մենք ենք մեղավոր՝ լրագրողներս, մի բան է եղել, մի դրվագ, լավ՝ մի բացթողում, իսկույն մատի փաթաթան ենք դարձրել: Մինչդեռ հարկ էր, ընդհակառակը՝ արձանագրել դրական տեղաշարժերը: Օրինակ՝ այն, որ. «Եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձավ նաեւ մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական եւ տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ՝ եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ Առաքելական Եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որոշեց հաստատել հիմնադրամ՝ Հայաստանի ու Արցախի եւ սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատ

վեց երկու միլիոն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ» (տե՛ս Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի կայքում :

Այո, ազգային եկեղեցական կյանքում առկա մարտահրավերներին դիմագրավելու համար այլ խոչընդոտ չկա. մի պստլիկ բան է պակասում՝ փող: Դե, դա էլ կհավաքվի հիշյալ հիմնադրամում: Այ, հենց որ այդ հիմնադրամի երկու միլիոնը դարձավ 5-6 կամ 10 միլիոն, եպիսկոպոսները հրաժարվելու են իրենց Բենթլիներից, օլիգարխների համար եկեղեցի չեն փակելու, սկսելու են ապրել ժուժկալ կյանքով, ընդվզելու են անարդարությունների դեմ, հայտարարություններ են անելու, երբ հանուն պետական գերակա շահի մարդկանց տնազուրկ դարձնեն, դատապարտելու են ոստիկանական բռնությունները… Եվ, իհարկե, այլեւս տարբերակում չեն դնելու «Սուրբ Սամվելի» եւ հասարակ մահկանացուների միջեւ ու բոլորին կնքելու, մկրտելու կամ պսակելու են հավասարության հիմունքներով…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Այ եթե գարեգին բ-ն 20 մլն դոլլար չխոստանար Վազգեն Սարգսյանին, չէր ընտրվի կաթողիկոս, բայց դե ինչ արած, հիմա էլ թող ինքն էդ 20 մլնը հետ բերի կամ հավաքի իր սիրելի օլիգարխներից կամ էլ իր ու բենթլի կռճոյանի հափշտակածներից բաժին հանի սիրիահայերին օգնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031