Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի ԵՄ քաղաքականությունը չի ընդհատվելու»

Հոկտեմբեր 03,2013 15:05

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ

– ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում տեղի ունեցավ բավականին լարված պահի, երբ արդեն հայտարարվել է, որ ՀՀ-ն դեպի Մաքսային միություն է գնում: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ուղերձներ ուներ այս ելույթը:

– ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ լիագումար նիստում, կարծում եմ, պատասխանեց բոլոր հարցերին, որոնք հնչում են արդեն մեկ ամիս՝ ՄՄ-ի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների ապագայի ծիրին մեջ, հարցերը բնական են եւ կարեւոր: Անբնական կլիներ, եթե մարդիկ եւ քաղաքական-հասարակական կառույցները այս հարցերով մտահոգ չլինեին, քանի որ խոսքը մեր երկրի, մեր պետության ապագայի եւ առաջիկա ճանապարհի մասին է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից պարզ, շիտակ, հայավարի անկեղծ եւ քրիստոնեաբար բացահայտ պատասխանեց բոլոր հարցերին եւ ի ցույց դրեց այն տեսլականը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը, որն ունի Արցախը, ունի յուրաքանչյուր հայ, անկախ նրանից՝ այդ հայը իշխանության, թե այլ ճամբարում է: Նախագահը կրկին շեշտեց, որ «Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են: Կարեւոր նախաձեռնություն եմ համարում ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արեւելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը եւ դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքները՝ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի եւ կիբերհանցավորության դեմ պայքարի ուղղություններով»: Ես հատկապես այս հատվածն եմ մեջբերում, որովհետեւ լույս է սփռում բոլոր անհանգիստների եւ մտահոգների կասկածների եւ մտահոգությունների վրա՝ աշխարհին մեկ անգամ եւս բացատրելով, որ մենք դեպի Եվրոպա գնացող երկիր ենք, պարզապես նաեւ պատմականորեն ձեւավորված եւ առկա պայմանավորվածությունները հարգող եւ մեր խոսքի տեր երկիր ենք եւ երբեք մեկ կառույցի կամ մեկ երկրի հետ մեր հարաբերությունները չենք պայմանավորում այլ երկրների եւ գործընկեր այլ կառույցների հետ կապերի հաշվին: Սերժ Սարգսյանը նաեւ փաստեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Արեւելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել եւ շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ եւ ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու: Սրանք խիստ կարեւոր հայտարարություններ են, իսկ առավել կարեւորն այն է, որ նախագահը պարզ ու լսելի ասաց՝ մենք պատրաստ ենք եւ գնալու ենք Վիլնյուս, պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, իսկ ինչու՝ ոչ, հատկապես նկատեք, որ գրեթե բոլոր եվրոպական կառույցների ներկայացուցիչները վերջին մեկ ամսում շարունակ խոսում են այն մասին, որ հարկավոր է ձեւեր եւ հնարավորություններ  որոնել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնությունների եւ համագործակցության համար՝ նոր իրավիճակում եւս:

– Բայց կան գործիչներ ու վերլուծաբաններ, որոնք որեւէ ակնարկ կամ կարեւոր ասելիք չեն տեսնում Սերժ  Սարգսյանի ելույթում:

– Այդ չտեսնելը չտեսնողների խնդիրն է, իսկ ով տեսնելու ցանկություն եւ բավարար տեսողություն ունի, տեսնում է եւ գնահատում: Հնարավո՞ր է «չնկատել»  մյուս կարեւոր մեսիջը, որ վերաբերում է ԼՂՀ-ին. նախագահը հատուկ շեշտեց, եւ ասեմ՝ ելույթի այս հատվածն ինձ առավել դուր եկավ, հետեւյալը. «Ղարաբաղը եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության՝ եվրոպական ընտանիքի մասնիկ է՝ անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ՝ իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել եւս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»:

Սա հենց այն է, ինչի մասին մենք շարունակ խոսում ենք, այսինքն՝ սիրելի Եվրոպա,  թո՛ղ երկակի ստանդարտների պահվածքը, եւ Արցախի անկախությունն ու ինքնորոշումը եւս ընդունիր այնպես, ինչպես ընդունեցիր Կոսովոն եւ այլն:

– Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից մեջբերում կատարեց եւ հնչեցրեց Սոս Սարգսյանի խոսքերը՝ ուղղված ադրբեջանցի մտավորականներին, որն արդեն թեւավոր խոսք է դարձել՝ Արցախը ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք, արդյոք մի քիչ զգացմունքային չէ՞ր ՀՀ նախագահի խոսքի այս հատվածը:

– Կարծում եմ՝ ոչ, բայց եթե անգամ զգացմունքային էր, ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ խուսափել հույզերից, որ նույնքան մարդկային են, որքան տրամաբանությունն ու գիտակցությունը: Ուզում եմ հիշեցնել, որ բառացիորեն երեք օր առաջ ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ Արցախի նախագահը բոլոր արվեստասերների հետ  ոտքով մեկուկես ժամ քայլելով եւ ամբողջ ճանապարհին ծափահարելով մեծ դերասանին ուղեկցեցին Պանթեոն. դուք այստեղ զգացմունքայնությո՞ւն եք տեսնում: Իմ կարծիքով՝ դա մի պահ էր, երբ միասնականությունը կրկին հաղթեց, եւ բոլորս, թեկուզ եւ ցավի դեմ, բայց դարձանք միասնական:

Զրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031