Իսկ վերջիններս ստիպված են «տուգանքներ» մուծել ՌԴ «գաիշնիկներին» եւ նույն մաքսատանը՝ իրենց երկրի օրենքը կոպտորեն «խախտելու» համար
Նորություն չէ, որ վերջին շրջանում զգալիորեն ավելացել է Հայաստանից ՌԴ մեկնողների թիվը: Դրանում համոզվելու համար շատ բան անել պետք չէ, պարզապես կարելի է հետեւել երկրից՝ Մոսկվա գնացող ավտոբուսների կայանատեղիին, տեսնել ուղեւորների հսկայական հերթերը, նրանց ուղեբեռների պարունակությունը՝ ընդհուպ մինչեւ վերմակ-ներքնակ, կահ-կարասի: Հաշվի առնելով, որ ինքնաթիռների տոմսի արժեքը վերջին շրջանում բարձրացել է, իսկ ավտոբուսներինը անհամեմատ էժան է, շատերը գերադասում եմ մեկնել ավտոբուսով: Մինչեւ վերջերս, օրենքի համաձայն, ՌԴ սահմանակետում՝ Վերին Լարսում, ռուսական մաքսատունը հայաստանցի այցելուներին տալիս էր էմիգրացիոն քարտ, որով վերջիններս ժամանակավորապես գրանցվում էին երկրի տարածքում, իսկ երկրից դուրս գալիս այն վերադարձնում էին մաքսատուն: Վերջին շրջանում, սակայն, «ավանդույթը» խախտվում է, մաքսատունը չի տրամադրում նշված էմիգրացիոն քարտերը, իսկ մաքսատան աշխատակիցները, կավային անհաղորդ դեմք ընդունած, որեւէ հարցի չեն էլ պատասխանում, թե ինչու չեն տրամադրում նշված քարտերը, միայն ասում են. «Ձեր հարցերը տեղում կպարզեք»: Տեղում ասելով, հավանաբար, նկատի ունեն այն քաղաքը, որտեղ մեկնում են ուղեւորները: Մեզ միայն հաջողվեց մի ոչ հստակ ինֆորմացիա ստանալ, որ քարտերը Մոսկվան այլեւս չի ուղարկում մաքսատուն: Անորոշության մեջ հայտնված հայաստանցի ուղեւորը, հետեւելով մաքսավորների՝ ոչինչ չասող հորդորին, փորձում է տեղում գտնել եւ պաշտպանել իր` օրինական քաղաքացի-հյուր լինելու կարգավիճակն ու իրավունքը եւ թակում է տեղի ոստիկանության անձնագրային բաժանմունքի դուռը, որտեղ եւս հստակ ոչինչ չեն ասում, այլ միայն միանգամից խոսքը կարճում են, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում, եւ առանց էմիգրացիոն քարտի ոչինչ չենք կարող անել: Այլեւս որեւէ ուղղություն չեն տալիս, թե այցելուն որտեղ եւ ինչպես ստանա իր ժամանակավորապես գրանցման հարցի լուծումը: Իմիջիայլոց, հայերին վերջին շրջանում թյուրիմացության մեջ է գցում նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու գործընթացը, եւ թյուր լուրեր են տարածվել, թե այլեւս նման քարտի եւ գրանցման անհրաժեշտություն չկա: Իսկ երբ հայաստանցի այցելուն փորձում է նույն ուղերթով վերադառնալ Հայաստան, պարզվում է, որ նա «կոպտորեն» խախտել է ՌԴ օրենքը՝ չունենալով համապատասխան քարտն ու համապատասխան գրանցումը, ինչի արդյունքում էլ վերադարձի ճանապարհին ռուս «իրավապահներն» ու «գաիշնիկներն» ուղղակիորեն դատարկում են նրա գրպանները: Լավ իմանալով, որ ՌԴ-ից Հայաստան եկող ավտոբուսների մեջ կան նման «անքարտ-անգրանցում» ուղեւորներ, նրանք գրեթե ամեն քայլափոխի կանգնեցնում են ավտոբուսները եւ մանրակրկիտ ստուգում ուղեւորների փաստաթղթերը: Որքան էլ ուղեւորը բացատրի, որ ինքը որեւէ ապօրինի բան չի արել, այլ փորձել է ամեն ինչ անել կարգ ու կանոնով, բայց պատնեշների առջեւ է կանգնել, դեմքի լուրջ արտահայտություն ընդունած ռուս պետավտոտեսուչին դա չի հետաքրքրում, եւ նա սպառնում է ուղեւորին տանել «բաժին»՝ բացատրություն պահանջելու, անձնագրի մեջ 5 տարվա «դեպորտ» խփելու՝ իրենց երկրի օրենքը կոպտորեն խախտելու պատճառաբանությամբ: Բնականաբար, ոչ մի ուղեւոր, որքան էլ լինի օրինապահ եւ գրագետ, չի ցանկանա իր ուղեւորությունն ու հանգիստն ավարտել ռուսական «քաղմասերում», մի քանի օր անցկացնել այնտեղ եւ վերջում էլ զրկվել 5 տարով այդ երկիր մուտք գործելու իրավունքից: Մնում է հետեւել «գաիշնիկների» հորդորին՝ «Մի տեղից էմիգրացիոն քարտ»՝ ասել է թե՝ ռուսական 1000 ռուբլի ճարել ու նոր մոտենալ իրենց՝ անձնագրերը հետ ստանալու համար: Եվ նման ոստիկաններ ճանապարհին սկսում են այնքան հաճախ բուսնել, շատերն արդեն քաջատեղյակ, թե որ ավտոբուսում քանի «1000 ռուբլիանոց» ուղեւոր կա, որ մնում է հասկանալ, թե ինչպես են նրանք մեկը մյուսին «գործ տալիս» եւ հսկայական գումարներ աշխատոմ հայաստանցի ուղեւորների հաշվին: Իսկ եթե ուղեւորը չունի այդ գումարը, ներում-բեկում չկա, ստիպված ավտոբուսի վարորդն է նրանց տեղը պարտքով մուծում՝ Հայաստանում պարտքը վերադարձնելու պայմանով: Նույն 1000 ռուբլիանոցը պահանջում են նաեւ հենց այն նույն մաքսավորները, որոնք պարտավոր էին էմիգրացիոն քարտ տրամադրել ուղեւորին կամ, հակառակ դեպքում, անձնագրի մեջ նշել, որ չեն տրամադրել: Ստացվում է, որ ռուս մաքսավորներն ու իրավապահները հայաստանցի ուղեւորների գլխին «սարքում են» ու համագործակցված փող աշխատում նրանց հաշվին: Արդյունքում՝ հայաստանցի՝ երկու անձից բաղկացած փոքր ընտանիքը, օրինակ, 14 օր Մոսկվայում հանգստանալու համար մուծում է մոտ 80 հազար դրամին համարժեք ռուսական ռուբլու «տուգանք», ինչը, բնականաբար, քիչ գումար չէ ավտոբուսով ուղեւորությունը նախընտրող ուղեւորների համար:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ