«Փառատոնը նոր սկիզբ է, որտեղ կա սեր, գործողություն, գաղափար, անսահմանափակություն: Սրանք հաջողված փառատոնի բաղադրամասերն են, որոնք մենք ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայֆեստ» թատերական փառատոնի մասին նշեց դերասան, պրոդյուսեր Արթուր Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ այս տարի փառատոնի ժամանակ կանցկացվեն վարպետության դասընթացներ, բազմաթիվ մասնագետներ կգան արտասահմանից.
«Յուրաքանչյուր փառատոն նորամուծություն պետք է մտցնի, որովհետեւ դա է զարգացնում արվեստը: Որեւիցե նոր բան պետք է մտցնել հասարակության մեջ: Յուրաքանչյուր փառատոնի առաքելությունն է խթանել թատերական գործիչներին: Աշխարհագրությունն անսահմանափակ է՝ սովորել, սովորել, սովորել»:
Արթուր Ղուկասյանի համոզմամբ՝ ուսումնական թատրոններից զատ՝ մենք տարածք չունենք, որպեսզի թատերականի ուսանողները աշխատեն ու զարգանան: Ամեն տարի բազմաթիվ տաղանդավոր ռեժիսորներ են հայտնվում, բայց տարածքի բացակայության պատճառով չեն կարող ստեղծագործել:
Արգենտինայի ներկայացուցիչ, բեմադրիչ Հերմինե Ջանթզյանը առաջին անգամ է մասնակցում փառատոնին, նա հիացած է ու զարմացած: Նրա խոսքով՝ բազմաթիվ երիտասարդներ են մասնակցում, ինչը գովելի է: Փառատոնն օգտակար է՝ նորություն է մտցնում.
«Թատրոնը մարդկային է, մենք՝ դերասաններս, խանդավառվում ենք շատ քչով: Այս ճանապարհորդությունն ու փառատոնը մեծ նշանակություն ունի մեզ համար, այն հրաշալի համագործակցություն է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ