Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկվող գյուղերով Սյունիքը՝ լավագո՞ւյն

Հոկտեմբեր 03,2013 14:29
syuniq

Մարզպետների ստացած գնահատականներն ու իրականությունը քիչ այլ են

Դեռեւս 2009 թվականի մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» հրապարակմամբ  «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մշակել եւ հաստատել է մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ՝ մարզի համայնքների բյուջեների կատարում, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքություն, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակ, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալ եւ այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող են հավաքել՝ մինչեւ 60 միավորը գնահատվում է անբավարար, 60-85-ը՝ բավարար, 85-ից բարձրը՝ լավ: Գնահատողներն են ՀՀ մի շարք նախարարություններ՝ տարածքային կառավարման, ֆինանսների, քաղաքաշինության, գյուղատնտեսության եւ այլն:

Հանրապետական վարչապետով կառավարությունը գնահատում է իր իսկ մշակած քաղաքականությունն իրականացնող մարզպետին: Մինչ օրս Հայաստանում ոչ մի մարզպետ չի փոխվել վատ աշխատանքի համար: 2010-ի ապրիլին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ համայնքապետերը մի բան խնդրեցին՝ կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը: Մարզպետը շարունակեց պաշտոնավարել, եւ նույն տարի առավելագույն միավոր` 96,080  հավաքելով ճանաչվեց լավագույնը: Տարածքային կառավարման նախարարությունը «Առավոտին» է տրամադրել մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ 2009, 2010, 2011, 2012 թվականների համար: 2009-ին առաջատարը Տավուշն էր՝ 93,51, վերջինը՝ Արարատը՝ 81,2: 2010 թվականին 96,080 միավորով առաջինը Սյունիքն էր, վերջին՝ 10-րդ տեղում՝ Շիրակը՝ 91,61: 2011 թվականին առաջատարը կրկին Սյունիքն է եղել՝ 96,8, վերջինը՝ Արագածոտնը՝ 94,1: Անցած՝ 2012 թվականին առաջին տեղում դարձյալ Սյունիքն էր՝ 97,51, վերջին տեղում՝ Գեղարքունիքը՝ 94,17: Թե ինչպես է ստացվում, որ դատարկվող գյուղերով մարզի ղեկավարը առավելագույն միավորներ է հավաքում՝ այլ հարց է, սակայն մարզպետների գործունեության գնահատման առանձին չափորոշիչների գծով պատկերը հետաքրքիր է: Օրինակ՝ մշակույթի, առողջապահության ոլորտի հաստատությունների մասով 2009-ին ոչ մի մարզպետ առավելագույն 2 միավոր չի ստացել՝ 1 կամ 0,5: 2012-ին էլ «Մշակույթի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» բաղկացուցիչից բոլորը առավելագույն 3 միավորից ստացել են 2,7-3 միավոր: Հայտնի է, որ մարզերում մշակութային կյանքը առանձնապես ակտիվ չէ:

Կամ՝ «Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» չափանիշով 2009-ին առավելագույն 5 միավորի դեպքում մարզպետները 3,2-4,6 են ստացել, իսկ 2012-ին՝ «Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» դարձյալ 5 առավելագույնի դեպքում՝ 4,8-5: Հայտնի է, որ բնության անխնա շահագործման մասին բազմաթիվ ահազանգեր կան:

2009-ին մարզպետները առավելագույն 7-ին մոտ գնահատական են ստացել «Մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը» եւ առավելագույն 2-ին մոտ՝ «Մասնավոր ներդրումների ներգրավման աշխատանքներ եւ նոր աշխատատեղերի ստեղծում» չափորոշիչներից: 2012-ին էլ առավելագույն 10-ի մոտ են գնահատվել «Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն» չափորոշիչից: Հայտնի է, որ Հայաստանից արտագաղթը չի դադարում, ու մարդիկ հեռանում են առաջինը սոցիալ-տնտեսական վատ պայմանների արդյունքում:

Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարող է միջինից բարձր գնահատվել, ասենք, Արմավիրի մարզպետի աշխատանքը, երբ կարկուտից տուժած քաղաքացին իր ձայնը լսելի դարձնելու համար փակում է Արմավիր-Երեւան մայրուղին: Կամ՝ ինչպես է միջինից բարձր գնահատվում Արագածոտնի մարզպետի աշխատանքը, երբ ժամանակին ավելի քան 7000 բնակիչ ունեցած Արտենի գյուղն այժմ ունի դրա կեսից էլ քիչ բնակիչ:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե եթե Սյունիքի նախկին մարզպետի որդին ինքնապաշտպանվող է, ապա նրա հայրն էլ` լավագույնն է` անկախ գյուղերի վիճակից: Մի խոսքով` եթե փիլիսոփան դարձել է դագաղագործ, ապա ինչու դագաղագործը չդառնա կինոքննադատ…վատ իմաստով….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031