Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը` ԵԽԽՎ-ում. «Եթե Հալեպը անկում ապրի, Հայաստանը մարդասիրական աղետի առջև կկանգնի»

Հոկտեմբեր 03,2013 14:25

Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվում է Սիրիայում տիրող իրավիճակի հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ սիրիական ճգնաժամին և Սիրիայի հայ համայնքի խնդիրներին:

Նա հարցին անդրադարձավ քիմիական զենքի վերաբերյալ համաձայնության կյանքի կոչվելու համատեքստում և միևնույն ժամանակ ահազանգեց, որ սպանությունները դեռևս շարունակվում են:

Հիշեցնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը` Ա. Հովհաննիսյանը հայտարարեց. «1915 թվականի հայկական Եղեռնի ժամանակ հազարավոր հայեր ապաստան են գտել Սիրիայի գյուղական բնակավայրերում, որոնք Օսմանյան կայսրության մասն էին կազմում: Փրկվածները հիմնականում բնակեցվել են Հալեպի տարածքում: Այժմ Հալեպը գտնվում է ավերակներում և իր՝ նախկինում բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիները և մասնավորապես հայերը շրջափակման մեջ են՝ գտնվելով դիպուկահարների փամփուշտների և նպատակային հարձակումների ներքո, ենթարկվելով առևանգումների, բռնաբարությունների և ոչնչացման: Չարագործներն ամենևին իշխանական զորքերը չեն: Հանցագործները այսպես կոչված ընդդիմությունն է` «վատ տղաները», Ալ Նուսրան և այսպես կոչված «լավ տղաները»` չափավոր ընդդիմությունը` Ազատ սիրիական բանակը: Մինչ կառավարությունը հոգ է տանում էթնիկ փոքրամասնությունների և մասնավորապես քրիստոնյաների մասին, որպես Սիրիայի հասարակության բազմաթիվ նախկին ձեռքբերումների շարժիչ ուժ, ծայրահեղական ապստամբները փորձում են ազատվել ոչ մուսուլման, ոչ սուննի փոքրամասնություններից: Մաալուլա քաղաքի հայտնի դեպքին հաջորդել է անցած շաբաթ տեղի ունեցած ավելի փոքր մի միջադեպ, երբ Ռաքքայում ընդդիմությունը գրավեց Հայկական եկեղեցին, կողոպտեց այն, հանեց խաչը և դրա փոխարեն տեղադրեց հայտնի սև դրոշը»:

Փոխանցելով Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների տեղեկությունները` Ա. Հովհաննիսյանն ասաց. «Հատկապես Հալեպում ապստամբները որոշակի հետաքրքրություն են դրսևորում հայերի նկատմամբ: Այն որսորդի հետաքրքրություն է իր զոհի նկատմամբ: Կան շատ լուրջ կասկածներ, որ այդ հետաքրքրությունը կարող է հրահրվել ազդեցիկ հարևանի կողմից, որը սահմանակից է Հալեպի տարածաշրջանին: Իր հերթին Հայաստանը, որն այժմ ընդունում է հազարավոր սիրիահայ փախստականներ և առաջարկում է քաղաքացիություն ձեռք բերելու գերարագ ճանապարհ, շուտով մարդասիրական աղետի առջև կկանգնի, եթե Հալեպը անկում ապրի: Անկասկած տեղի կունենա ևս մեկ ցեղասպանություն և այն հայերը, որոնց բախտ կվիճակվի փախչել, կհեղեղեն Հայաստանը: Ծանրաբեռնված լինելով Սիրիայի փախստականներով` մենք կհանդիպենք նոր մարտահրավերների, սակայն փոքր երկիրը ունի իր տնտեսական սահմանները: Ճնշումը սոցիալական համակարգի վրա չափազանց մեծ է, և թեև մենք կարողանում ենք պատշաճ կերպով հաղթահարել ստեղծված իրավիճակը»:

Հայ պատվիրակը նկատեց, թե մենք մոռանում ենք աջակցել կամ գոնե ապահովել գոյատևման որոշ միջոցներով` ոչ մահաբեր կամ, այո, անգամ մահաբեր, նրանց, ովքեր իրական կրողներն են մեր արժեքների, միասնական պատմության և կրոնի: Հետո շարունակեց. «Մենք պետք է բացենք մեր աչքերը և տեսնենք, որ այնտեղ, որտեղ հասնում են Վահաբի Սուննիի ուսմունքները, հանդուրժողականությունն և մարդու իրավունքները չեն կարող գոյատևել: Ժամանակն է ընդունել, որ Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքները, այս դեպքում Սիրիայի հայկական համայնքը քաղաքակիրթ աշխարհի լքված որբերն են, մոռացված և թողնված վարձկանների ողորմությանը: Եթե մենք չընդունենք մեր պատասխանատվությունը Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ, մենք շուտով կտեսնենք այլ Մերձավոր Արևելք` Մերձավոր Արևելք առանց քաղաքակրթության, մարդու իրավունքների և առանց ապագայի որևէ հույսի: Դրա արդյունքում մենք կունենանք էապես այլ Եվրոպա, հետևաբար և այլ աշխարհ: Մի աշխարհ, որ ոչ Ռոբերտ Շումանը և ոչ էլ մեզանից որևէ մեկը երբևիցե չէին կարող պատկերացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031