Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ պաշտպանությո՞ւն, թե՞ ինքնադատաստան

Հոկտեմբեր 03,2013 14:06

Պաշտպանվողն է որոշում՝ պայքարի մեջ մտնել հարձակվողի հետ, փախչել, թե դիմել օգնության

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք (ՀՀ սահմանադրության 18-րդ հոդված):

Անհրաժեշտ պաշտպանությունը համարվում է այդ օրինական միջոցներից մեկը, ըստ որի՝ իրեն եւ մերձավորներին հանցավոր ոտնձգությունից պաշտպանելը, այսինքն՝  անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը ճանաչվել է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Իմիջիայլոց, որպեսզի պաշտպանությունը չվերածվի արյունոտ հաշվեհարդարի կամ ինքնադատաստանի, նաեւ օրենքը սահմանել է  այդ պաշտպանությունը կիրառելու կանոնները, ինչպես նաեւ թույլատրելիության  սահմանները: ՀՀ քրեական օրենսգրքի 42  հոդվածի բովանդակությունից նկատվում է, որ պաշտպանել կարելի է ոչ միայն իրեն իրավունքներն ու շահերը, այլեւ այլոց, ինչպես նաեւ հանրության եւ պետության շահերը, ըստ որում, պաշտպանությունը կարող է արտահայտվել հանրության համար վտանգավոր  ոտնձգություն կատարող անձին ֆիզիկական վնաս պատճառելու միջոցով, իսկ որոշակի դեպքերում վնաս պատճառելու միջոցով պաշտպանությունը չպետք է անցնի անհրաժեշտ պաշտպանության սահմանները:

Նկատենք, որ անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության տարբերումը փոխկապակցված է հանցավոր հարձակման բնույթի եւ պաշտպանական միջոցների հետ: Ըստ այդմ.

1. Ոտնձգությունը, ինչից թույլատրվում է անհրաժեշտ պաշտպանությունը, պետք է լինի հասարակական վտանգավոր եւ առկա: Սա կարեւոր պայման է, ինչը թույլ չի տալիս վնաս պատճառել ենթադրյալ հարձակումների պարագայում: Անհրաժեշտ պաշտպանությունը թույլատրելի է նաեւ, երբ ոտնձգության իրական սպառնալիք է առաջանում: Այսպիսով, անհրաժեշտ պաշտպանության վիճակը եւ ոտնձգողին վնաս պատճառելու իրավունքը առաջանում է հարձակումը սկսվելու, կամ հասարակական վտանգավոր հարձակման իրական սպառնալիքն առաջանալու պահից, օրինակ՝ դանակի, զենքի կամ այլ առարկայի գործադրմամբ անձը հարձակվում է:

Անհրաժեշտ  պաշտպանության պարագայում չափազանց կարեւոր է ավարտման պահի ճշգրտումը: Այն ավարտվում է, երբ հանցավոր հարձակումը ետ է մղվել, կամ դադարել է: Օրինակ, հանցագործը զինաթափվել է, փախուստի է դիմել, վերջնականապես դադարեցրել է իր հանցավոր գործողությունները: Ի դեպ, երբ ոտնձգությունը դադարելուց  հետո պաշտպանվողը շարունակում է բռնությունները, ապա անհրաժեշտ պաշտպանության վիճակը բացակայում է եւ արարքը գնահատվում է դիտավորյալ գործողություն, այսինքն՝ ինքնադատաստան: Օրինակ, հարձակվողը հանդիպելով հակադիմադրության, պատճառված վնասից անգիտակից վայր է ընկել, դիմել է փախուստի եւ այլն:

Հարձակման ավարտելու պահի ճշգրտումը եւ այդ փաստի հաստատումը դժվարին խնդիր է, քանզի սուբյեկտն ամեն դեպքում չէ, որ կարող է ճիշտ գնահատել իրադրությունը եւ անհրաժեշտ պաշտպանության վիճակի օբյեկտիվ հատկանիշների առկայությունը, ըստ այդմ՝ տվյալ հանգամանքը գնահատելիս անպայման հաշվի է առնվում պաշտպանվողի սուբյեկտիվ մոտեցումը՝ ընկալումը: Եթե սուբյեկտը չի գիտակցել, որ սպառնալիքը կամ վտանգը, որից պաշտպանվում է, դադարել է եւ հարձակվողի նկատմամբ շարունակում է բռնի գործողությունները, ապա հանցագործություն կատարելու դիտավորությունը բացակայում է, իսկ եթե գիտակցել է, որ սպառնալիքը ավարտվել է եւ բռնությունը շարունակել է, արարքը դիտվում է դիտավորյալ հանցագործություն, այսինքն՝ հաշվեհարդար:

2. Կապված պաշտպանության հետ, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափությունը բնութագրվում է՝

ա) անհրաժեշտ պաշտպանության պարագայում վնասը պատճառվում է հարձակվողին, այսինքն՝ այն անձին, ումից ծագել է ոտնձգությունը:

Գորիսում տեղի ունեցած արյունալի դեպքով Ավետիք Բուդաղյանին մահ պատճառելու առնչությամբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, զինդատախազ Գեւորգ Կոստանյանը արտաբերել է. «23.08.04-ին, երբ Ավետիք Բուդաղյանը հետեւելով փոքր խմբին, որոնց մեջ էին Տիգրանը եւ Զարզանդը, շարժվում է մի ուղղությամբ, ապա ժամանում է Արտակ Բուդաղյանը, որը զենքը ձեռքին դուրս է գալիս մեքենայից եւ Ավետիքը ու մնացածները ուղղվում են դեպի Արտակը: Այդ պահից սկսած՝ բոլորն իրենց գործողությունները համապատասխանեցնում են զենքով եկած Արտակ Բուդաղյանի գործողություններին, օրինակ՝ Տիգրանը եւ Զարզանդը վազում են իրենց զենքերի հետեւից եւ վերադառնում զենքերով» (Aravot.am, 30.09.2013):

Խոսքը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանության վիճակի եւ ոտնձգողին վնաս պատճառելու իրավունքի առաջացմանը: Տվյալ իրադրությունում  հասարակական վտանգավոր   հարձակման իրական սպառնալիքը առկա է, մինչդեռ ոտնձգողին, այսինքն՝ Արտակ Բուդաղյանին, ումից ծագել է հարձակումը, վնաս պատճառելուց բացի, երբ պաշտպանական կողմը հրազենի գործադրմամբ կյանքից զրկել է նաեւ նրա եղբորը՝ անզեն Ավետիք Բուդաղյանին, ում նկատմամբ միջադեպից առաջ իրենք են բռնարարքներ գործադրել, իմ պատկերացմամբ, գործողություններն անհամատեղելի են պաշտպանական իրավաչափությանը (անհրաժեշտ պաշտպանություն, թե ինքնադատաստան, րՈՎՏրցՊ):

բ) Ոտնձգողին պատճառված վնասը պետք է համարժեք լինի ոտնձգության բնույթին եւ հասարակական վտանգավորության աստիճանին: Նկատենք, որ քրեական իրավունքի տեսությունը եւ քրեական օրենքը հարձակման եւ պաշտպանության ճշգրիտ համարժեքություն չի պահանջում, այլ խնդիրը գնահատվում է ստեղծված իրավիճակով: Ուստի այն դեպքերում, երբ օրենքով պաշտպանվող շահերին ուղղված ոտնձգությունը զուգորդվել է պաշտպանվողի կամ այլոց կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելուն կամ դրա անմիջական սպառնալիքով, ապա հարձակվողին ամեն մի վնաս պատճառելը համարվում է իրավաչափ եւ այս պարագայում հարձակման եւ պաշտպանության միջոցների համարժեքությունը հաշվի չի առնվում, քանզի իր եւ ուրիշ անձի կյանքը պաշտպանելիս պաշտպանողը իրավունք ունի ձեռնարկելու պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաեւ գտնվել հոգեկան հուզված վիճակում եւ ժամանակ չունենալով իրադրությունը գնահատելու, նա չի կարող ընկալել՝ ինչն է բավարար հարձակումը ետ մղելու համար:

Այս հանգամանքը ՌԴ քրեական օրենսդրությամբ հստակ ամրագրված է: Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում պաշտպանվողի այն գործողությունները, եթե այդ անձը ոտնձգության հանկարծակիության հետեւանքով չի կարողացել օբյեկտիվորեն գնահատել հարձակման վտանգավոր բնույթը եւ աստիճանը (ՌԴ քրեական օրենսգրքի 37 հոդվածի 2-րդ մաս, պրիմ): Մնացած դեպքերում, եթե պաշտպանությունը ակնհայտ գերազանցել է ոտնձգությանը եւ ոտնձգողին պատճառվել է ակնհայտ անհամարժեք վնաս, ապա առկա է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը, ինչը դիտվում է դիտավորյալ գործողություն (ՀՀ քրեական օրենսգրքի 42 հոդվածի 4-րդ մաս):

Պարզաբանենք, որ անհրաժեշտ պաշտպանության հասարակական վտանգավորության բնույթը որոշվում է որոշակի օբյեկտի դեմ հանցավոր ոտնձգության ուղղվածությամբ, այսինքն՝ թե ինչ հանցագործություն է կատարվել եւ սպառնալիքը ինչպիսին է եղել: Օրինակ, զգալի տարբերություն կա հրազենի գործադրմամբ անձին կյանքից զրկելու եւ ծեծ հանցագործությունների միջեւ, հետեւաբար, որքան արարքը վտանգավոր է, որքան էլ պաշտպանությունը կոշտ լինի, համարվում է իրավաչափ եւ համարժեք: Հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը բնորոշվում է ոտնձգության լարվածությամբ կամ ուժգնությամբ: Օրինակ, մի խումբ անձանց կողմից զինված ավազակային հարձակումը իրենից ներկայացնում է ավելի մեծ հասարակական վտանգավորություն, քան ավազակային հարձակումը մեկ անձի կողմից, առանց զենքի գործադրման:

Պաշտպանության ժամանակ թույլատրելի է նաեւ  պատճառել ավելի մեծ վնաս, քան պաշտպանվող բարիքն է, օրինակ՝ եթե կինը պաշտպանվելով բռնաբարողից՝ սպանում է բռնացողին, նրա գործունեությունը դիտվում է անհրաժեշտ պաշտպանություն, չնայած մարդու կյանքն ավելի մեծ արժեք է, քան սեռական ազատությունը եւ անձեռնմխելիությունը: Նկատենք, քանի որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը համարվում է դիտավորյալ գործողություն, ապա հանցավորը գիտակցում է, որ իր գործողությամբ կարող է ոտնձգողին պատճառել կյանքի համար վտանգավոր վնաս կամ մահ: Անհրաժեշտ պաշտպանության վիճակում անզգուշությամբ վնաս պատճառելը քրեական պատասխանատվություն չի առաջացնում, նույնիսկ, եթե վնասը մեծ է եղել, քան անհրաժեշտ էր:

Քրեական օրենսդրությամբ հստակեցված է նաեւ առանց վնաս պատճառելու ոտնձգությունից խույս տալու հնարավորության խնդիրը, ինչը անցյալում հանգեցրել է դատական սխալների: 27.07.2006թ. ՌԴ Դաշնային օրենքում շեշտադրված է, որ անհրաժեշտ պաշտպանության իրավունքը պատկանում է հարձակման ենթարկվածին, անկախ ոտնձգությունից խույս տալու կամ այլ անձանց կամ պետական մարմիններից օգնություն հայցելու հնարավորությունից, այսինքն՝ պաշտպանվողն է որոշում՝ պայքարի մեջ մտնել հարձակվողի հետ, փախչել, թե դիմել օգնության:

Քանի որ հաճախ քաղաքական բողոքների առնչությամբ իշխանության ներկայացուցիչների եւ քաղաքացիների միջեւ ծագում են բռնություններով զուգորդված միջադեպեր, քննարկենք նաեւ անհրաժեշտ պաշտպանության թույլատրելիությունը այս պարագայում:

Նկատենք, որ իշխանության ներկայացուցիչները (ոստիկանություն, զինված ուժեր եւ այլն), իրավասու են  իրենց օրինական ծառայական պարտականությունների կատարման դեմ ոտնձգություն կատարողի նկատմամբ կիրառել ուժ, հատուկ միջոցներ, իսկ առանձին իրավիճակներում՝ նաեւ զենք: Իսկ օրինական գործողություն իրականացնող իշխանության ներկայացուցչի նկատմամբ, եթե գործադրվում է բռնություն, ապա արարքը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն (Քրեական օրենսգրքի 316 հոդված):  Քրեական օրենսգրքի 42 նորմի 3-րդ մասի դրույթներից հետեւում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, բոլոր քաղաքացիների նման, առանց որեւէ սահմանափակման՝ օգտվում են անհրաժեշտ պաշտպանության իրավունքից: Իշխանության ներկայացուցիչների անօրինական գործողությունները, որը ուղեկցվել է բռնություն գործադրելով, զենք կիրառելով եւ այլ ծանր հետեւանքներ պատճառելու հետ, դիտվում են պաշտոնական լիազորությունների անցման հատուկ վտանգավոր ձեւ եւ առաջացնում են քրեական պատասխանատվություն (Քրեական օրենսգրքի 308, 309 հոդված): Ըստ այդմ՝ եթե իրավապահ մարմինների ծառայողները ծեծում են ձերբակալվածին, մեղադրյալին կամ այլ իրավախախտի, կտտանքների են ենթարկում եւ անձի կյանքը դնում վտանգի տակ, անձը ունի անհրաժեշտ պաշտպանության իրավունք (օրինակ, շան դնչկալի պատմության միջադեպով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հակադարձել է իր կյանքը վտանգի տակ դնող իշխանության ներկայացուցչի ապօրինությանը եւ երկու տարի է՝ տառապում է բանտում): Պետք է նկատել, որ անհրաժեշտ պաշտպանությունը թույլատրվում է պաշտոնատար անձի  հանցավոր գործողությունների դեմ, հետեւաբար,  եթե պաշտոնատար անձը իր պաշտոնական լիազորությունների սահմաններից գործում է ֆորմալ եւ թույլ է տալիս անօրինականություն, ասենք՝ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անմեղ անձ է ձերբակալում կամ անձին անհիմն բերման ենթարկում եւ այլն, այս պարագայում անձը չպետք է դիմադրություն ցույց տա կամ բռնություն գործադրի, այլ կարող է օգտվել պաշտպանության օրինական միջոցներից՝ փաստաբան պահանջել, բողոքել պաշտոնատար անձի անհիմն եւ անօրինական գործողությունները:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031