Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի «սիրունիկ» երկուշաբթիները

Հոկտեմբեր 03,2013 14:03

Արդեն երկու ամիս է՝ դերասան Վարդան Պետրոսյանը խաղում է «Ամեն երկուշաբթի» ներկայացումը՝ «սթենդ ափ» ժանրում: Ինչպես նրա բոլոր ներկայացումները, այս մեկի նյութն էլ քաղված է մեր իրականությունից, դերասանն այդ ամենը ոչ թե սարկազմով, այլ բարեհոգի հումորով  է «հրամցնում» հանդիսատեսին ու հաստատ ցանկությունն այն է, որ  բոլոր մերժելի երեւույթները վերանան Հայաստանից: Վարդանն ափսոսում է, որ պատկերավոր ասած՝  մի դահլիճ մարդ է մնացել Հայաստանում, շատերն արտագաղթել են: Չնայած սրան, ներկայացման հերոսի խոսքով,  իշխանությունները ուրախ են, ժողովուրդը՝ տխուր, միայն Սերժ Սարգսյանն է լուրջ՝ «երեւի մի բան ջոկել ա»: «Վերեւները»  «Բելաջիոյում» ողջ թափով  «պայքարում» են կոռուպցիայի դեմ, վարչապետը մտքի հեղափոխություն է հայտարարում, իսկ նորանշանակ դատախազն այնքան ուշադիր է քննում ամեն ինչ, որ «իր վրա է դուրս գալիս»:

Դերասանն անդրադառնում է Մաքսային միությանը,  free car ակցիային, երթուղայինների ուղեվարձերի բարձրացման դեմ պայքարին, ու գլուխ է խոնարհում այն երիտասարդների առաջ, ովքեր անկաշառ միացան դրան:

Նա  համոզում է, որ քաղաքը  ոչ թե «խառոշիներինն» է,  այլ երիտասարդներինը, բոլորինը: Կոչ է անում սիրել քաղաքը, հայրենիքը, միմյանց:

Վարդան Պետրոսյանն ամեն երկուշաբթի նույն տեքստով չի խաղում, անընդհատ իմպրովիզների է դիմում, ինքնաբուխ բաներ անում:

Օրինակ՝ վերջին անգամ նա համեմատեց Ռուսական ժամանակավոր կառավարության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Կերենսկուն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, զուգահեռ տարավ Փետրվարյան հեղափոխության ու մեր օրերի միջեւ, անգամ հումորով հաշվարկեց, որ կոռուպցիան  ներկայիս Հայաստանում 8 անգամ նվազել է, դա էլ «փաստեց» նրանով, որ Երեւանի այսօրվա քաղաքապետն ութ անգամ ավելի քիչ փող ունի, քան նախկին վարչապետը:

Վարդան Պետրոսյանը զվարճալի ստուգաբանումներ է անում, օրինակ, ասում է, երբ առաջին անգամ Թումանյանի մոտ կարդացել է՝ «Մի բոզ նապաստակ, ականջները ցից, Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ…», անհարմար է զգացել, չնայած «նապաստակը բարոյականությամբ չի փայլում, տարին 4 անգամ էլ հղիանում է»: Հետո հասկացել է, որ «բոզը» գույն է նշանակում՝ բաց  մոխրագույն, այնպես որ,  «բաց մոխրագույնի տղա արտահայտությունը չպետք է վիրավորական համարել»… Նույնը բոզբաշի պարագայում է, ինչը չես կարող ասել բաշիբոզուկի դեպքում…

Ներկայացման մեջ շոշափվում է նաեւ գազի գնի թանկացման փաստը, եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անունը. «Ադիբեկյանը գազի գնի թանկացման հետ կապված՝  առաջարկում է սուրճը սառը խմել, թեյը սառը խմել, բոզբաշը սառը ուտել, չնայած բոզբաշը սառը հնարավոր չէ ուտել, մեջը միս կա»:

«Ամեն երկուշաբթին» ավարտվում է նրանով, որ իր ներկայացման վերջում բոլորը ձեռք ձեռքի տված, միասին երգում են՝ «Երազ իմ երկիր հայրենի» եւ «Ով սիրուն, սիրուն» երգերը:

Հիշեցնենք, որ մի ասուլիսում Վարդան Պետրոսյանն ասել էր, որ երջանիկ է իր այդ փոքրիկ էքսպերիմենտի հաջողության համար: «Հայ մարդուն դժվար է երգացնելը, այսինքն՝ դա հոգեփոխության, հոգենորոգման նման մի բան է… Ներկայացման մեջ ես տասը րոպե պատրաստում եմ հանդիսատեսին երգելուն, նույնիսկ առաջին ներկայացման ժամանակ պատրաստ էի ծունկի

գալ եւ խնդրել, որ երգեն: Մենք մի տեսակ իրար չենք սիրում, հայերս իրար հետ չենք երգում: Անգամ համերգների ժամանակ երգիչը երգում է, դահլիճը՝ ոչ, հայ մարդը խուսափում է իրեն ցույց տալ, չգիտեմ՝ պատմությունի՞ց է դառնացած, թե՞ ուրիշ բանից: Ըստ իս, էս դառնացած օրերին կարողանալ մարդկանց ցնծության բերել, մեծ բան է»,- ասել էր նա:

Իսկ ինչու է ներկայացումը կոչվում «Ամեն երկուշաբթի»: Բանն այն է, որ բոլորն ատում են երկուշաբթին՝ որպես ծանր օր, իրականում դա շաբաթվա մի օր է, որ պետք է ապրել բոլոր օրերի պես՝ առանց տրտնջալու: Ըստ դերասանի, երկուշաբթին նորի սկիզբ է: Ավելին, նա նույնիսկ մի երգ է երգում՝ «Իմ սիրունիկ երկուշաբթի»: Շաբաթվա այդ օրվան նա դիմում է այնպես մտերմիկ, ինչպես սիրած կնոջը կգովեն ու կփաղաքշեն՝ անկախ նրա թերություններից:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝

դերասանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031