Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր պետք է շարունակեր Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական արտագնա նիստը:
Անցյալ դատական նիստին դատարանը բերման ենթարկվելիք 11 վկաներից բացի, որոշում էր կայացրել բերման ենթարկել եւս 20 վկայի:
Սակայն, ըստ էության, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ չէին կատարել դատարանի որոշումը՝ տարբեր պատճառաբանություններով:
Առավել ուշագրավ պատասխաններից մեկը ստացվել էր ոստիկանության Էրեբունու բաժնից. «Դատարանին քանիցս հիշեցվել էր, որ հեռախոսագրությամբ պատասխանվել է»: Թե ում կապակցությամբ է բերման ենթարկելու մասին որոշումը, թե ինչ հեռախոսագրություն է ուղարկվել, ինչ բովանդակությամբ, արդյոք հեռախոսագրությունը բերման ենթարկելու ընթացակարգի մեջ մտնում է, ոստիկանությունն ավելին չէր մանրամասնել:
Դատավորը տեղեկացրեց, որ բերման ենթարկելու որոշումը վերաբերել է վկա Տիգրան Ասլանյանին:
Կային վկաներ, որոնք չէին հայտնաբերվել ոստիկանության բաժինների կողմից, մի քանիսի հասցեներն էին սխալ եղել, եւ մեղադրող Հովհաննիսյանը խոստացավ ճշտել եւ հայտնել դատարանին:
Կար մի վկա էլ, ով գտնվում էր ԱՄՆ-ում: Դատարանը որոնման համակարգի միջոցով կպարզի՝ արդյոք, անձն իսկապես գտնվո՞ւմ է հանրապետությունից դուրս, թե՞ ոչ:
Դատարանը հրապարակեց վկա Մանուշակ Մեսրոպյանի հարցաքննության արձանագրությունը:
Պարզվեց, որ նա մինչ Հայաստանից դուրս գալը թոշակ է ստացել 25 300 դրամի չափով:
Վկան ամուսնու հետ բացակայել է հանրապետությունից 2006-2010թթ.-ին, երբ վերադարձել է, դիմել է տարածքային սոցիալական ծառայություն, ստացել է 900 000 ՀՀ դրամ: Քննիչի հարցին, թե հաշվարկ կատարե՞լ է ստացված գումարի կապակցությամբ, վկան ասել էր, որ չի կատարել, մտածելով, որ ճիշտ է:
Հաջորդ հարցին էլ, թե բացակայելու ժամանակ որեւէ մեկին լիազորե՞լ է, որպեսզի ստանա իր կենսաթոշակը, վկան հայտնել էր՝ ոչ:
Իսկ թե ինչու էր նրա տվյալները հայտնվել ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի մոտ, վկան չէր կարողացել պատասխանել:
Վկան չէր ճանաչել ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին, որի մասին նույնպես նախաքննության մարմինը հարցրել էր:
2010թ. մարտի համար վկայի անվան դիմաց արձանագրվել էր, թե ստացել է 293 000 դրամից ավելի գումար, սակայն Մանուշակ Մեսրոպյանն ասել է, թե դրանից նույնպես տեղյակ չէ:
Վկաների բերման ենթարկելու որոշման հետ կապված՝ դատարանը հաջորդ նիստը հետաձգեց երկու շաբաթով:
Ի դեպ, ոստիկանության կողմից բերման ենթարկելու գործողություններն ամենաքիչ ուսումնասիրվածն են, այստեղ կոռուպցիոն ռիսկը ամենամեծն է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ