Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե հրաժեշտ, այլ՝ երեկո

Հոկտեմբեր 03,2013 13:50

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 6-ին կնշվի պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանի բեմական-ստեղծագործական գործունեության 20-ամյակը:

«Առավոտի» հետ զրույցում պարուհին տեղեկացրեց, որ երեկոն երկմասանի է, առաջին բաժնում պրեմիերա է՝ Էդուարդ Համբարձումյանի «Երազը»՝ իր լիբրետոյով ու խորեոգրաֆիայով, իսկ երկրորդում հանդես կգա հատվածներով Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտից (բալետմայստեր՝ Արմեն Գրիգորյան), Խաչատրյանի «Սպարտակ» (Վիլեն Գալստյան), Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետներից (Ռուդոլֆ Խառատյան), ինչպես նաեւ Տիգրան Մանսուրյանի «Գարուն» (Աշոտ Ասատրյան) խորեոգրաֆիկ պատկերով: Արվեստագետը հատկապես նշեց մանսուրյանական երաժշտությունը, ասելով՝ «Այս ստեղծագործությունը ինձ մոտ տպավորվել է ժամանակին հայկական բալետի երախտավորներ Էլվիրա Մնացականյանի եւ Սերգեյ Բարանովի հիանալի մատուցմամբ: Դեռեւս լինելով պարարվեստի  ուսումնարանի սան, մշտապես երազել եմ հանդես գալ հենց այս հնչյունների ուղեկցությամբ ու  խորեոգրաֆիայով: Փաստորեն, հիմա էր ժամանակը, իսկ պարընկերս է ապագա ամուսինս՝ «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանը: Ընդ որում, հենց Կարենի հետ եմ ուսումնարանում ծանոթացել պարարվեստի այբուբենին»:

Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ երեկոյի ընթացքում իրեն կողջունեն ճանաչված պարողներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Սոնա Առուստամյանը, Մարիա Դիվանյանը, Զավեն Հարությունյանը, Մերի Հովհաննիսյանը, մի խոսքով՝ թատրոնի բալետային խումբը՝ ներկայացնելով համաշխարհային եւ հայկական բալետային գրականության սիրված էջեր:

Զրույցի ընթացքում Ժակլին Սարխոշյանը,  հիշելով դիպվածներ այս կամ այն բեմադրությունից, հատուկ նշեց փորձավարներին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանին, վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանին, Էմմա Նահապետյանին եւ մյուսներին: Քանի որ պարուհին թատրոնում աշխատանքը զուգահեռում է պարարվեստի քոլեջում դասավանդելով՝ մոդեռն բալետ եւ դերասանի վարպետություն, հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է հայկական բալետի ապագան: «Հրաշալի երեխաներ ունենք…   Հաճույքով եմ դասավանդում եւ ուրախ եմ ինձ ընձեռած հնարավորության համար, որ կարողանում եմ տարիների կուտակած գիտելիքներս ու փորձս փոխանցել նրանց»,- ասաց մեր զրուցակիցը:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե դեռ ինչքա՜ն կհիանանք իր արվեստով, այսինքն՝ ինչքան կմնա բեմում, Ժակլինի պատասխանը հետեւյալն էր. «Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, նախաձեռնելով կայանալիք միջոցառումը, ժպտալով ինձ ասաց. «Գիտես, չէ՞, սա հրաժեշտ չէ, այլ՝ ընդամենը երեկո»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031