Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որն է որակի ապահովման ամենալուրջ խոչընդոտը

Հոկտեմբեր 03,2013 13:48

Հայրենական բուհերում որակի ապահովման հարցը ակտիվորեն սկսեց քննարկվել Բոլոնիայի գործընթացին անդամակցելուց հետո: Մինչ այդ, մեզանում կար ձեւավորված կարծիք, որ կրթական ծառայությունների մատուցման որակը պատշաճ մակարդակի վրա է գտնվում, քանի որ ժառանգել ենք Խորհրդային Միության համալսարանական համակարգը, որը միշտ էլ գնահատվել է միջազգային ասպարեզում: Բայց արի ու տես, որ մի կողմից ժառանգած նախկին համակարգը, որը փայլուն դրսեւորվում էր խորհրդային տարիներին, ներկայումս մի կողմից չի կարողանում արդյունավետ սպասարկել արագ զարգացող մասնագիտական կրթական շուկան,  մյուս կողմից` անծանոթ է  եվրոպացիներին եւ շատ առումներով չի ընդունվում վերջիններիս կողմից` հատկապես որակի ապահովման ոլորտում:

Միջազգային կրթական շուկայում վաղուց ի վեր ձեւավորվել է որակի ապահովման մշակույթ, որում առաջնահերթ դերկատարում ունեն հենց կրթական ծառայությունների պատվիրատուները, այսինքն՝ ուսանողությունը: Նրանք են հիմնականում վճարում համալսարանական կրթության համար, եւ հետագայում, տարիներ շարունակ մարում կրթական ծառայության վարկերը: Ուսանողներն են, որ առաջին հերթին պահանջատիրություն են ցուցաբերում իրենց մատուցվող կրթական ծառայությունների որակի հանդեպ, քանի որ քաջ գիտակցում են՝  առանց պատշաճ որակավորման, աշխատանք չեն գտնի:

Մեզ մոտ, ցավոք սրտի, ճիշտ հակառակ պատկերն է: Ուսանողությունը հիմնականում պահանջատեր չէ կրթության որակի նկատմամբ: Հայազգի ուսանողի կրթավճարի բեռը, որպես կանոն, ծնողների ուսին է, եւ այդ պատճառով սովորողների մոտ «անտարբերություն» է ձեւավորվում դրանց նպատակային օգտագործման գծով: Բացի այդ, արդեն բուհում սովորած տարիներին բոլորին հայտնի է դառնում, որ հայկական իրականությունում աշխատանքի ընդունման առաջնահերթ գրավականը, ցավոք, միշտ մասնագիտական հմտություններն ու կարողությունները չեն, այլ կրթության որակին չառնչվող մի շարք այլ գործոններ: Ուսանողների շրջանում կրթական ծառայությունների որակի նկատմամբ ձեւավորված նման «անտարբերությունը», իմ կարծիքով, ՀՀ բուհերում որակի ապահովման ամենամեծ թշնամին է: Որքան էլ համապատասխան գերատեսչական մարմինները ջանք ու եռանդ չխանայեն զանազան հրահանգներով, վերահսկողական միջոցառումներով բարձրացնել կրթության որակը, միեւնույն է, այն չի կայանա, մինչեւ ուսանողությունը վերջապես չսթափվի եւ պատվիրատուին հարիր պահանջատիրություն չցուցաբերի այս ոլորտում:

Վերջին տարիներին մեր իրականությունում բազմիցս փորձեր արվեցին ուսանողությանը շահադրդելու որակի ապահովման գործընթացում: Կիրառվեց փոխատեղման պրակտիկան, երբ բարձր առաջադիմությամբ ուսանողները սկսեցին մրցութային կարգով անցում կատարել անվճար ուսուցման համակարգ, բայց այն միանգամից խեղաթյուրվեց, որովհետեւ ավելի շատ մրցավազք սկսվեց զարտուղի ճանապարհներով բարձր գնահատականներ կուտակելու, եւ ոչ թե գիտելիքի նկատմամբ պահանջատեր լինելու համար: Կամ՝ բուհի եւ ֆակուլտետների կառավարման խորհուրդներում ուսանողներին էական ձայներ հատկացվեցին, բայց դրանք մինչ օրս էլ ձեւական են եւ լուրջ դերակատարում չունեն որակի կառավարման գործընթացում:

Մնում է միայն հուսալ, որ հայազգի ուսանողը որակի ապահովման գործընթացում կցուցաբերի այն նույն ակտիվությունը, որը վերջերս նկատվեց կրթավճարների բարձրացման ժամանակ: Կարծում եմ՝ ոչ միայն կարեւոր է, թե որքան ես վճարում, այլ առավել մտահոգիչ է, թե ինչ ես ստանում այդ վճարի դիմաց:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր,

պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031