Դատապարտյալն իրենց ամսագրում ասել էր, թե չգիտեին իր «նստած» լինելու մասին
Լույս է տեսել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների «Արգելված գոտի» ամսագրի հերթական՝ 9-րդ համարը:
Պարբերաբար մեր լրատվամիջոցը ներկայացնում է անազատության մեջ գտնվողների խոսքը: Այս ամսագրի մասին, տարօրինակ է, որ հատկապես իրավապաշտպաններից շատերը չգիտեն:
«Արգելված գոտում» ամենաընթերցվող խորագրերը կրկին պահպանվել են. «Քրեական խճանկար», «Զավեշտալի օրենքներ», «Մեր երանելիները», «Ժպիտները»:
Կարդացեք նաև
Շարքային ընթերցողի համար հատկապես ուշագրավ են դատապարտյալների հարցազրույցները:
Ամսագրում այս անգամ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող՝ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ալվարդ Ազարյանի եւ 5 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Արմեն Մոսինյանի հետ հարցազրույցներ են:
Վերջինը խոստովանում է, որ. «Շատերը նույնիսկ չգիտեն, որ դատապարտվել եմ»:
Մոսինյանի աշխատանքները Սանահինի եկեղեցու բակում էին մի ժամանակ վաճառվում, նա փորագրություններ է անում, խաչքարերի վարպետ է:
«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսներին, որը նույնպես մեր լրատվամիջոցը ներկայացնում է, նրա աշխատանքներն ուրույն տեղ ունեին, տարբերվում էին:
Ալվարդ Ազարյանն առաջին անգամ հայտնվել է կալանավայրում գրքի գողության համար. «Իմ ընկերոջ մեղքով հայտնվեցի գաղութում: Միասին մտանք գրախանութ, նա գիրք գողացավ ու դրեց իմ պայուսակի մեջ»:
Լրագրողի հարցին էլ՝ թանկարժե՞ք գիրք էր, նա պատասխանում է՝ 3000 դրամ արժեր:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վիրաբուժության բաժանմունքի պետ, արդարադատության մայոր Հովսեփ Հովսեփյանն էլ, պատասխանելով դատապարտյալների ինքնավնասման դեպքերին, հայտնել էր, որ դրանք որակական եւ քանակական առումով նվազում են. «Նույնիսկ կարող եմ ասել, որ շատ վաղ անցյալում եմ կատարել որովայնահատում՝ օտար մարմին հեռացնելու համար»:
Ամենաուշագրավ իրերի ցանկում, որոնք կուլ են տվել դատապարտյալները, բժիշկը նշել է ջերմաչափը, ատամի խոզանակը, դոմինոյի քարերը, գդալի պոչն ու պատառաքաղը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ