Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը՝ «սառը գլխով»

Հոկտեմբեր 03,2013 13:40

1659 թվականին՝ Անգլիայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելի մահվանից մեկ տարի անց, նրա դիակը հանեցին գերեզմանից, կախեցին, իսկ այնուհետեւ քառատեցին: Այդպես էին Անգլիայում ավանդաբար պատժում հայրենիքի դավաճաններին: Նրանից առաջ Բրիտանիան ղեկավարում էր թագավոր Կարլ Առաջինը, որին, սակայն, 1649 թվականին Կրոմվելի կողմնակիցները դատեցին՝ գտնելով, որ նա դավաճան է եւ հայրենիքի թշնամի, եւ գլխատեցին: Ճիշտ է, դրանից հետո գլուխը կարեցին մարմնին (ինչը արգելված էր օրենքով), որպեսզի մարդավարի թաղեն: Կրոմվելի դիակի նկատմամբ անգլիացիներն այդքան բարյացակամ չգտնվեցին եւ օրենքի տառին համապատասխան՝ մարմինը թաղեցին առանց գլխի, իսկ գլուխը ցուցադրում էին՝ որպես դավաճանության նմուշ: Միայն 1960 թվականին թաղեցին նաեւ գլուխը:

Այսօր թե Կարլ Առաջինին, թե Կրոմվելին անգլիացիները հարգում եւ մեծարում են որպես պատմական դեմքերի: Մի քանի դար պահանջվեց, որպեսզի նրանք հասկանան՝ պետք չէ շտապել եւ այսօրվա քաղաքական կոնյունկտուրայի կամ անձնական նեղվածության տեսանկյունից գնահատել այս կամ այն գործչի արարքները, պատմական անցքերը: Պետք չէ շտապել՝ շատ ավելի խելամիտ է սպասել, մինչեւ անձնական հարաբերությունների ու աթոռակռվի ամբողջ տիղմը նստի, եւ հետո կմնա միայն մերկ փաստերի շարանը (համենայնդեպս, ցանկալի է, որ մնա): Անգլիացիները դարեր անընդմեջ պետություն են ունեցել, եւ այդ առումով նրանց գործը հեշտ է: Մենք մեծ ընդմիջումից հետո պետություն  ունեցանք միայն 20-րդ դարում՝ ուրեմն պիտի հաշվի առնենք թե եվրոպացիների եւ թե մեր համեստ փորձը:

Երբ մեզ մոտ որեւէ մեկին բռնելու, պատժելու, գլխատելու եւ քառատելու կոչեր եմ լսում, հիշում եմ եվրոպացիների այդ ժամանակաշրջանը: Ավելին՝ երբ փորձում են առանց հիմնավոր փաստերի նսեմացնել առաջին դեմքերի պատմական դերը (ինչպիսին էլ այդ դեմքերը լինեն), դա նույնպես խոհեմ չեմ համարում: Օրինակ՝ երբ ասում են, որ Արցախյան պատերազմում մեր հաջողությունները տեղի են ունեցել ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Հիմա էլ մի տեղ կարդացի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ պատերազմին չեն մասնակցել: Իհարկե, երեքն էլ թույլ են տվել բազմաթիվ սխալներ, բայց տարածել այդ սխալները  պատմության վրա, նշանակում է այսօր արդեն վերաձեւակերպել պատմությունը եւ նրա տեղը առասպելաբանություն կերտել: 1992-94 թվականների պատերազմը եւ մեր ձեռքբերումներն այդ ոլորտում պատմական փաստ են: Թե ով ինչ լումա ունի այդ ձեռքբերումներում՝ կարելի է գնահատել միայն «սառը գլխով»՝ ոչ շուտ, քան 30-40 տարի հետո:

…«Պատմությունը սարսափ է, որից ես փորձում եմ արթնանալ»՝ ասել է Ջեյմս Ջոյսի հերոսներից մեկը: Եվս մի ճնշված ազգի ներկայացուցիչ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Կարող էի, ընդհանուր առմամբ, համաձայնել հոդվածի հետ: ՈՒղղակի, կամ անուղղակի, Ս. Սարգսյանին ու Ոլիվեր Կրոմվելի մեջ զուգահեռ անցկացնելը համարում եմ սխալ: Որպեսզի չխորանամ վերլուծաբանության մեջ, բերեմ երկու սկզբունքային տարբերություն` Կրոմվելը, ըստ տարբեր պատմական աղբյուրների, չափազանց պոպուլյար և սիրված էր ժողովրդի կողմից; Կրոմվելը հանրահայտ էր իր անշահախնդրության, իսկ ավելի ճիշտ իր “incorruptibility”-ի համար (կներեք, հայերեն հոմանիշը չգտա):

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, Կրոմվելը` որպես մոլեռանդ բողոքական անկաշառ էր: Նրա հաստատված ռեժիմը, սակայն, բավականին կոշտ բռնապետություն էր: Իսկ ժողովրդական սերը, ինչպես հայտնի է, փոփոխական կատեգորիա է:

  2. Ruben says:

    Бог не может изменить прошлое, но историки могут. И, должно быть, как раз потому, что иногда они оказывают эту услугу. Бог терпит их существование.
    Сэмюэль Батлер

  3. Ալեքսանդր says:

    Բայց մարդու կյանքը այնքան կարճ է…

  4. Կարո Մելիքյան says:

    Մարտի 1-ի՝ տասը մարդու սպանության մեղավորների բացահայտումը՝իշխանությունները թաղեցին, ինչ՞ է , սպասենք 30-40 տարի, դա առնվազը անհեթեթություն է։ Փաստը՝, հնարավոր է որ արձանագրեն, բայց մեզավորները՝ փաստորեն մնացին անպատիժ…եւ այսպես, շատ ու շատ բաներ։

  5. Արսեն says:

    Կարդացի ձեր հոդվածը, մեկնաբանությունը 30-40 տարուց…)))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031