Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն արձագանքում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին

Հոկտեմբեր 03,2013 13:20

«Ազատություն» ռադիոկայանԱդրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Հայաստանի նախագահը «դեռ շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել հարևան երկրներին»:

Պաշտոնական Բաքուն շատ կտրուկ է արձագանքել չորեքշաբթի օրը Ստրասբուրգում Հայաստանի նախագահի արածհայտարարություններին:

 Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, թե «Սերժ Սարգսյանը միջազգային հանրության դիմաց նորից խոստովանեց, որ ագրեսոր երկրի ղեկավար է և դեռ շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել հարևան երկրներին»:

Աբդուլաևը APA լրատվական գործակալությանը ասել է, թե սպառնալով Ադրբեջանին՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը, օգտագործելով միջազգային կազմակերպության ամբիոնը՝ թյուրիմացության մեջ է գցում միջազգային հանրությանը:

«Հայաստանի նախագահը չի հասկանում, որ բանակցային գործընթացի մանիպուլյացիաները, հակամարտության կարգավորման ձգձգումները շատ բացասաբար են անդրադառնում ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա, հատկապես՝ Հայաստանի վրա», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ով հարց էր տվել Հայաստանի նախագահին, հետո լրագրողներին ասել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում հարևան երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային, Վրաստանին, «Ադրբեջանի 20 տոկոսն է գրավել»:

Որպես «ապացույց»՝ Սեիդովն ասել է, թե Հայաստանի զինանշանի վրա Թուրքիայի տարածքում գտնվող «Աղրի դաղն է», ինչպես թուրքերը անվանում են Արարատ լեռը: Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ դա նշանակում է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջ ունի:

Նշենք, որ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի դրոշների վրա Լուսինն է պատկերված:

Չորեքշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի այն դիտարկմանը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, Սերժ Սարգսյանը բավական կոշտ պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում այդ երկիրը ավելի մեծ տարածքներ կարող է կորցնել։

«Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից։ Հիմա էլ Ադրբեջանը մեզ սպառնում է ռազմական գործողություններով, վստահ եմ՝ եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի, այլ 25, 30 տոկոսի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել», – հայտարարեց Հայաստանի նախագահը։

Հրաչ Մելքումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031