Հոկտեմբերի 1-3-ը Հայաստանում անց է կացվում ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության 11-րդ նիստը, որին մասնակցում էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այսօր նիստի ավարտից հետո նախատեսված էր նրանց ասուլիսը, սակայն նրանց փոխարեն ասուլիս տվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը՝ պատճառաբանելով, թե Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան խիստ զբաղված են:
Նիստի ընթացքում նրանք քննարկել են օրակարգային 14 հարց եւ դրանց վերաբերյալ ընդունել որոշումներ: Հաջորդ՝ 12-րդ նիստը տեղի է ունենալու Բելառուսում:
Հարցին՝ ինչպիսի՞ պայմանավորվածություն է ձեռք բերվել զենք-զինամթերքի հետ կապված, օրինակ, Հայաստանին խոսք էին տվել, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը պետք է վերազինվեն ռուսական զենքով, որեւէ պայմանավորվածություն կա՞ այդ ուղղությամբ՝ Գառնիկ Բադալյանը պատասխանեց. «Ռազմատնտեսական հարցերն էին ընդգրկված օրակարգում: Կա նաեւ առանձին ռազմատեխնիկական համագործակցություն, դա այլ հանձնաժողով է: Այդպիսի հարց այսօրվա օրակարգում չի եղել եւ ստորագրված որոշումների մեջ չի եղել:
Գառնիկ Բադալյանը տեղեկացրեց, որ որոշում են կայացրել բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ ստեղծել, նոր նախաձեռնություններ ունենալ. «Վաղը լինելու է «Կամազ» ավտոմեքենաների վերանորոգման արտադրամասերի բացումը: Համատեղ ձեռնարկություններ ենք ստեղծելու, նաեւ հայ-բելառուսական: Այդ աշխատանքները բավականին երկար ժամանակ են պահանջում, կան բիզնես շահեր, միանգամից այդ հարցերը չեն լուծվում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ