Լրահոս
Օրվա լրահոսը

էդվարդ Սանդոյան. Մաքսային միությանն անդամակցության առաջին տարվա ընթացքում կարող ենք մոտ 300 մլն դոլարի կորուստ ունենալ

Հոկտեմբեր 03,2013 12:17
Sandoyan

Հատված Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար էդվարդ Սանդոյանի հարցազրույցից:

Ի՞նչ կփոխի Մաքսային միությանը Հայաստանի միանալը եւ Եվրամիությունից հրաժարվելը:

– Ցանկացած ինտեգրում, բնականաբար, կարող է մեզ բերել կամ լրացուցիչ օգուտներ, կամ լրացուցիչ ռիսկեր՝ կախված ռեժիմներից։ Եթե ինտեգրվում ենք մաքսային գոտի, ապա ՄՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների գծով կունենանք որոշակի հեշտացում, և հաշվի առնելով, որ դրանք անմաքս են լինելու, պետք է որ փոքր-ինչ էժանանան։ Ցավոք, ես չեմ կարող 100% ասել, որ այդպես կլինի, քանի որ ներմուծման բոլոր շուկաները կենտրոնացված ու օլիգոպոլացված են, և գնագոյացումը շուկայական բնույթ չի կրում։ Եթե ներմուծողը 1 սուբյեկտ է, որքան էլ էժանանա ինքնարժեքային գործոնը, ի վերջո, գնային քաղաքականությունը որոշվում է ոչ թե պահանջարկի-առաջարկի սկզբունքով, այլ սուբյեկտի կողմից, որն այստեղ գերիշխող դիրք ունի և որն ունի շուկայական իշխանություն։ Այնպես որ, այստեղ այս պլյուսը կարող է չեզոքացվել։

Մենք մտնում ենք մի նոր ռեժիմի մեջ, որտեղ կարող են լինել հակասություններ մեզանում ներկայումս գործող մաքսային սակագների և ՄՄ ներսում գործող սակագների միջև։ Այս տեսանկյունից մենք մեծ աշխատանք պետք է անենք։ Եթե կառավարությանը հաջողվի, իսկ ես կասկածում եմ, որ այս կառավարությանը կհաջողվի, բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի սակագների, որոնք ի վնաս չեն լինի մեզ, և որոշակի այլ մոտեցումներ ՀՀ– ի նկատմամբ կկիրառվեն, քան ներկայումս գործող, ապա կկարողանանք չեզոքացնել ռիսկերը։ Եթե՝ ոչ, ապա մեր տնտեսության կառուցվածքը խիստ տարբեր է ՄՄ-ի անդամ երկրներից։ Ղազախստանն ու Ռուսաստանն էներգետիկ ռեսուրսների արտահանող են, մենք՝ ներմուծող, նրանց առանձնահատկություններն այլ են։

Եթե միևնույն ռեժիմով նույն դաշտում գործենք, մենք կարող ենք լրջագույն վնասներ կրել։ Անմաքս առևտրի պայմաններում այս ինտեգրումը կարող են բերել պետական եկամուտների հոդվածներում ուղղակի կորստի։ Այժմ մենք խորությամբ ուսումնասիրում ու հաշվարկներ ենք անում Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և շատ մոտավոր հաշվարկներով՝ առաջին տարվա ընթացքում մենք կարող ենք մոտ 300 մլն դոլարի կորուստ ունենալ եկամուտների մասով, որոնք պետք է ինչ-որ աղբյուրներից փոխհատուցվեն։ Գուցե դա կլինի ՌԴ բարի կամքը, գուցե կլինի դրամաշնորհ, դա ժամանակն ու բանակցությունները ցույց կտան։

Մյուս կողմից՝ դասական իմաստով ցանկացած մաքսային միացում բերում է առավել լավ պայմաններ մեր արտահանողների համար։ Մեր գործընկերների շուկաները շատ շահեկան, հսկայական շուկաներ են, որտեղ մեր ապրանքներն ու ծառայությունները կարող են անմաքս ներխուժել և դառնալ առավել մրցակցային։

Բայց այստեղ պետք է հաշվի առնենք մեր տնտեսության առանձնահատկությունները և տնտեսության կառուցվածքը՝ ի՞նչ ենք արտահանելու։ Այսօր ապրանքաշրջանառության 23%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, Ղազախստանին՝ 0.2 %, Բելառուսին՝ 0.7%: Այսինքն, այս պահին այստեղ առանձնահատուկ շուկաներ չունենք, իսկ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության մեծ մասը բաժին է ընկնում ներմուծմանը և ոչ թե արտահանմանը։

Մեր ընդերքի արտահանումը հիմնականում գնում է Եվրոպա, և այստեղ հիմնականում ոչինչ չի փոխվում։ ՌԴ գնացող կոնյակը և մյուս ապրանքներն իրենց նիշան ունեն այդ շուկայում, և որոշակի էժանացումը չի բերի քանակական կտրուկ ավելացման։ Այսինքն՝ կտրուկ աճ չի լինի։ Այլ խնդիր է, որ կարող են առաջանալ նոր արդյունաբերական արտադրություններ, գա ռուսաստանյան կապիտալ, ձևավորվեն, օրինակ՝ ավտոմոբիլային ձեռնարկություններ, և այլն։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031