«Ես նկատի ունեմ, որ մարդիկ եւ ազգերը չեն միմյանց հետ պատերազմում: Պատերազմում են պետությունները եւ քաղաքական գործիչները: Ես ընկերներ ունեմ եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում, դուք գիտեք, որ ես Հայաստանում աշխատում եմ եւ բազմաթիվ ընկերներ ունեմ այնտեղ եւ երբ հանդիպում ես հասարակ մարդկանց հետ նրանք բավականին հետաքրքիր բաներ են պատմում: Մի ադրբեջանցի ինձ պատմեց, որ գնացել է Ղարաբաղ: Ես զարմացա, հարցրեցի`ո՞նց Ղարաբաղ ես գնացել, այնտեղ գլուխդ չկտրեցի՞ն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը:
Հիշեցնենք, որ երեկ հունական Հռոդոս կղզում սկսվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» 11-րդ համաժողովը, որի նպատակն է քննարկել աշխարհի ու մարդկության առջեւ ծառացած խնդիրները, դրանց ռացիոնալ լուծումներ առաջարկել: Համաժողովի օրակարգային խնդիրներից են նաեւ սիրիական ճգնաժամն ու Եվրասիական միության ստեղծումը:
Առավոտյան, լրագրողների հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ խոսելով քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտության մասին՝ պարոն Յակունինը բերեց ԼՂՀ հակամարտության օրինակը:
Ավելի ուշ «Առավոտը» խնդրեց մի փոքր հստակեցնել`ի՞նչ նկատի ուներ ինքը, բերելով հենց այդ օրինակը: Պարոն Յակունինը շարունակեց իր ադրբեջանցի ծանոթի պատմությունը, որը փոխանցել էր, թե Ղարաբաղում եղել է այն փողոցում, որտեղ ինքն ապրել է, հայ հարեւանների հետ նստել, զրուցել են, կարոտով հիշել համատեղ անցած կյանքի տարիները ու եզրակացրեց. «Հասկանում եք, մարդկային հարաբերություններում խնդիր չկա, կա քաղաքական խնդիր, որը հենց այնպես չի վերանա: Դա նույնն է, որ մինչ այժմ ՌԴ-ն Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր չունի: Դրանից որեւէ դրական բան չի ստացվում: Դա, իհարկե, քաղաքական գործիչների, պետությունների եւ դրանց ղեկավարների հարցն է, որոնք պետք է ջանան գտնել ոչ տրիվիալ քայլեր, քանի որ այնտեղ, որտեղ արյուն է թափվել տասնամյակներով, եթե ոչ հարյուրամյակներով՝ ցավի հետքը չի անցնում: Քաղաքական գործիչների խնդիրը պետք է լինի նպաստել, որպեսզի սովորական մարդիկ խաղաղ ապրեն, հարեւանություն անեն, նեղանան միմյանցից, հաշտվեն, մի բաժակ օղի խմեն, ամուսնանան, միլիոնավոր խառնամուսնություններ ունենք»:
Կարդացեք նաև
Այս համատեքստում արձագանքելով ռիգացի լրագրող Կարեն Վարդանյանի դիտարկմանը եւ անդրադառնալով ռուս-ուկրաինական վերջին շրջանի մեղմ ասած կնճռոտ հարաբերություններին, պարոն Յակունինը նկատեց, որ դրանք ընդհանրապես որեւէ տրամաբանության չեն ենթարկվում. «Դոմինանտ հանդիսացող տնտեսական հարաբերությունները չեն կարող եւ չպետք է լինեն քաղաքակրթությունների հարաբերությունների հիմքում»:
Արձագանքելով հարցին`իսկ Ռուսաստանին հաջողվե՞ց Սիրիայի հարցում հաջողության հասնել, մեր զրուցակիցն ասաց, որ դա քաղաքական խնդիր է եւ իր մեկնաբանելու հարցը չէ. «Այն որ հաջողվեց կանգնեցնել հրետակոծումը եւ զինվորական միջամտությունն արդեն ինքնին ձեռքբերում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հռոդոս