Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի միջազգային դպրոցում աշխատող հավաքարարները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ իմանան անգլերեն

Հոկտեմբեր 03,2013 11:49

Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։ Որքան էլ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամները բողոքի ձայն բարձրացրին նշված դպրոցի ստեղծման առիթով, այդուհանդերձ, արդեն 2014 թվականի սեպտեմբերից միջազգային դպրոցն իր դռները կբացի աշակերտների առաջ։

Այս ծրագիրն, ինչպես հայտնի է, իրականացվում է ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի բարեգործական հիմնադրամի կողմից, որն էլ դպրոցի շինարարության համար ներդրել է 150 միլիոն դոլար։

Գեղատեսիլ Դիլիջան քաղաքում 88 հեկտար տարածք զբաղեցնող էլիտար կրթահամալիրը մի շարք տարբեր մասնաշենքեր է ունենալու։ Ինչպես տեղեկացանք Տավուշի մարզի այդ քաղաք կատարած մեր այցելության ժամանակ, ուսումնական տարածքից բացի այստեղ լինելու են, օրինակ, մարզադահլիճ, հանրակացարաններ, այդ թվում՝ աշակերտների ծնողների համար, որոնք պետք է այցելեն նրանց։

Առանձին մի քոթեջ էլ կառուցվելու է տնօրեն Ջոն Փադըֆութի համար։ Մոտակա սարի հսկայական մի տարածք վարձակալության է առնվել, որպեսզի դպրոցում սովորողների համար ծառայեցվի որպես հանգստի գոտի։ Դիլիջանում մեզ ասում էին, որ չգիտեն՝ աշակերտների եւ նրանց դասավանդող ուսուցիչների ընդունելություն արդեն կազմակերպվո՞ւմ է, թե ոչ, սակայն տեղյակ էին, որ օրինակ՝ դպրոցում աշխատել հավակնող հավաքարարներին մեծամեծ պահանջներ են ներկայացվում, այն է՝ բարձրագույն կրթություն եւ անգլերենի պարտադիր իմացություն։

Ավելի ուշ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ոչ աշակերտների, ոչ էլ ուսուցիչների ընդունելություն դեռեւս չի իրականացվել։ «Աշակերտների հավաքագրումը մեկնարկելու է ս.թ. հոկտեմբերից, երբ դպրոցը կդառնա Աշխարհի միացյալ քոլեջներ (ԱՄՔ) կրթական ցանցի անդամ։ ԱՄՔ ցանցին անդամակցում են 12 դպրոցներ՝ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, ԱԱՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Հնդկաստանում, Սինգապուրում, Կոստա-Ռիկայում եւ Սվազիլենդում։ ԱՄՔ ցանցին անդամակցող բոլոր դպրոցների աշակերտների ընտրությամբ զբաղվում են 140 երկրներում գործող ԱՄՔ ազգային կոմիտեները»,- հայտնում են մամուլի ծառայությունից։

Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների ընտրությամբ եւս զբաղվելու են ԱՄՔ ազգային կոմիտեները։ Հայաստանցի աշակերտների դեպքում որոշողը լինելու է Հայաստանի ազգային կոմիտեն, որը գտնվում է կազմավորման փուլում։ Ակնհայտ է, սակայն, որ այս դպրոցում ուսանելը հայաստանցիների համար մատչելի չի լինելու։ Բացի այն, որ նրանց համար հատկացված տեղերն են սահմանափակ՝ ընդամենը 10 տոկոս, նաեւ տարեկան վարձավճարն է անչափ բարձր՝ 30 հազար դոլար։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031