Երեկ ուշ երեկոյան հունական Հռոդոս կղզում բացվեց «Քաղաքակրթությունների երկխոսություն» ամենամյա համաժողովը: Թվով 11-րդ հավաքը «Աշխարհի պատկերի ժամանակը» խորագիրն է կրում: Մտքի հեղինակը անցյալ դարի գերմանացի փիլիսոփա է, որը նկատի է ունեցել այն, թե մարդկությունը կապրի հաշտ ու համերաշխ, մարդասիրական դրսեւորումներն ընկալելի եւ արժեքավոր կլինեն, երբ աշխարհում տեղի ունեցող բոլոր ցավոտ գործընթացների շուրջ մարդիկ համատեղ պայքար մղեն:
Ու ինչպես իր խոսքում նկատեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության սեփականատեր, համաժողովի կազմակերպիչ Վլադիմիր Յակունինը`համաժողովի քննարկման նյութ կդառնան աշխարհի «պատերազմի եւ խաղաղության հարցերը, որոնք ազդեցություն են ունենում յուրաքանչյուր մարդու ճակատագրի վրա`անկախ նրա բնակության վայրից»:
Քառօրյա համաժողովի ժամանակ, որին մասնակցում են մոտ 60 երկրներից 400-ից ավելի պատվիրակներ, քննարկվող հիմնական հարցերը կլինեն սիրիական ճգնաժամը եւ դրա հնարավոր զարգացումներն ու ազդեցությունները աշխարհաքաղաքական գործընթացների վրա, Եվրասիական միության ստեղծումը:
Համաժողովին մասնակից աշխարհիկ եւ հոգեւոր դասի ներկայացուցիչները, տարբեր ոլորտներ ներկայացնող գիտնականներն ու փորձագետները կքննարկեն նաեւ միգրացիայի արդեն լուրջ խնդիրներ առաջացնող, մշակութային ճգնաժամին, ազգապահպանմանը, ազգային ինքնությանը վերաբերվող եւ մի շարք այլ հարցեր:
Կարդացեք նաև
Համաժողովի մասնակիցների համոզմամբ, երկխոսությունը եղել եւ մնում է տարատեսակ արժեքների պահպանման հիմքը ու կարեւոր խնդիրը, որն այսօր կանգնած է երկիր մոլորակի առջեւ`մարդուն, իբրեւ արժեք չկորցնելն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ