Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Գյումրու ավագանու բոլոր անդամներն ու քաղաքապետը սրբեր լինեն, 3,2 միլիարդով ի՞նչ անեն». Լևոն Բարսեղյան

Հոկտեմբեր 02,2013 23:05

Այսօր Գյումրու «Սթիլ» պատկերասրահում երկրաշարժից 25 տարի անց  ավերակ դարձած այս քաղաքի  խնդիրների մասին խոսելիս, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն  ասաց. «Պաշտոնական  տվյալներով Շիրակի մարզի աղքատությունը 47,7 տոկոս է, միջին ցուցանիշն է սա, Գյումրու մասին առանձին չունենք, ամեն երկրորդին պետությունը ճանաչել է որպես աղքատ: Արտագաղթի թվերը ոչ ոք ճշգրիտ չունի` ինչպես են գաղթում, ինչպես են գնում: Գործազրկությունը զարհուրելի մասշտաբներ ունի:

Գյումրի քաղաքում եղած փողոցային բարենորոգումները, ներառյալ` Գյումրի քաղաքի բոլոր փողոցների 80-85 տոկոսը մնում են ավերակ, 25 տարի էդ փողոցներին կպնող չի եղել: Դա մոտավորապես 350 գծամետր փողոց է, սրանց վերականգման համար հարկավոր է առնվազն 60 միլիարդ դրամ: 60 միլիարդ դրամի կողքին համեմատեք Գյումրու բյուջեն` 3,2 միլիարդ դրամ: Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե բոլոր ավագանու անդամներն ու քաղաքապետը սրբեր լինեն Գյումրու բյուջեով,  էս գումարով հնարավոր չէ վերականգնել Գյումրին կապիտալ կերպով: Օդի մեջ փոշու քանակությունը առաջին տեղն է Գյումրիում` Հայաստանի մնացած համայնքների հետ համեմատ, մենք  մրցում ենք ցեմենետ արտադրող Արարատ և Հրազդան քաղաքների հետ: Պաշտոնական թվեր  ենք սրանք: Մենք իսկապես հումանիտար ճգնաժամի ու աղետի մեջ ենք: Այն, ինչ, որ դուք տեսաք ու տեղի է ունեցել 41 վայրկյանում (ի նկատի ունի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը), մենք այդ  նույն 41 վայրկյանը  25 տարի շարունակ ջարդած ունենք  մինչև հիմա…արտագաղթ, մահացություն, զոհեր… Ինչքան  մարդ է մահացել էս պայմաններում ապրելու համար: Չկա նման հետազոտություն և չկա նման վիճակագրություն, էդ պատճառով մահացածների մասին է խոսքը », -ասաց Լևոն Բարսեղյանը:

Նրա հաշվարկներով,  Գյումրու 4000 անօթևաններին բնակարաններով ապահովելու համար հարկավոր է 80- 100 միլիոն դոլար: «Ես վստահ եմ, որ եթե  իշխանությունը ցանկություն ունենա և բյուջեի միջից կգտնի, լիքը տողեր կան,  կարող ենք բացել, ցույց տալ, թե որ տողից պիտի հանի, դնի էս նպատակի համար ,  և Սփյուռքից կարող է ճարել և միջազգային դոնոր կազմակերպություններից: Չի անում իր համար շատ հարմար է  170 հազար դոլար ծախսել մեկ զուգարանի համար: Ճապոնիայի հետ համեմատելու մասին է խոսք գնում, ճիշտ է, մենք ոչ մի կերպ չենք կարող համեմատվել Ճապոնիայի հետ. Ճապոնիան նման պրոբլեմի մեջ լինի, 170 հազար դոլար ծախսի   մեկ զուգարանի համար, որը երբեք չի աշխատելու, կտան էդ իշխանության գլուխը կցրեն: Իմ ասածը, միգուցե ծայրահեղ ձախական կամ սոցիալիստական մտքեր են թվում , բայց, կներեք,  էսպիսի ճգնաժամի մեջ գտնվելու ժամանակ մենք հավես չունենք 134 հազար դոլարով Նունե Եսայանի համերգ կազմակերպելու, մեկ միլիոն եվրոյանոց  ֆանտաններ դնելու Երևանում: Եղբայր, բերեք մնացածիս հավասարեցրեք իրար, հետո նոր համերգին կգանք էլի: Հարկային, վարկային, կենսաթոշակային արտոնությունների մասին 14 տարի խոսել ենք հրապարակավ, Քոչարյան Ռոբերտի ժամանակվանից ասուլիսներում հարցրել ենք ուղիղ, չենք կարող Գյումրուն արտոնություն տալ, կներեք,  գործարարն ինչո՞ւ պիտի գա Գյումրիում գործ դնի, կգնա Զվարթոնցի կողքը կդնի: Խաղողի այգիներ կբանա, Գյումրիից որմնանկարներն էլ կտանի, իր պալատները կզարդարի… որպես ի՞նչ պիտի գա չարչարվի, որ գործազրկության հարցը կարգավորվի », -ասաց Լևոն Բարսեղյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031