Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությունից թույլտվություն է խնդրում սոցիալական ապահովության պետական ծառայության համար գնել 22 միլիոն 225 հազար 800 դրամ արժողությամբ հատուկ տեսակի թուղթ`էվկալիպտե թուղթ պրեմիում դասի A4 ֆորմատի:
Ինչպես ներկայացված է կառավարության նիստի օրակարգում, այս հատուկ թուղթը նախատեսված գրելու, տպագրելու եւ գրասենյակային աշխատանքների համար. «Թելիկներ չպարունակող առանց հավելյալ բաղադրիչների: Քաշը 80 գր/մ2, տուփի մեջ 500 հատ, սպիտակությունը 171%GIE համակարգով-ուլտրա սպիտակ, համապատասխանում է ISO9001-Quality Management System»: 10.337 տուփ թուղթը կառավարությանը կարժենա 22.225.800 դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը թանկարժեք թղթի անհրաժեշտությունն այսպես է հիմնավորում. «Ներկայումս նախատեսվում է կենսաթոշակների և նպաստների վճարումների իրականացման համար անհրաժեշտ ցուցակների (յուրաքանչյուր ամիս տպագրվում է ավելի 400 հազար կենսաթոշակառուների եւ նպաստառուների ցուցակներ) բարձր որակի եւ չխամրող տպագրական թղթի գնման գործընթացը: Ծառայության կողմից առայսօր ձեռք բերված A4 ֆորմատի թուղթը իր տեխնիկական բնութագրով տարբերվում է ՀՀ կառավարության հաստատված թղթի որակից, իսկ կենսաթոշակների եւ նպաստների վճարման ցուցակների տպագրության համար պահանջվող A4 ֆորմատի թուղթն իր որակական հատկանիշներով ոչ միայն պետք է պիտանի լինի երկարատեւ պահպանության՝ արխիվացման (վճարումների ցուցակները ըստ սահմանված կարգի վճարում իրականացնող կազմակերպությունները պետք է պահպանվեն առնվազն 10 տարի և հանձնվեն պետական արխիվ) այլեւ ապահովի ծառայությունում շահագործվող տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքը»:
Վաղը կառավարության նիստի օրակարգում դեռ պետք է քննարկվի, արժե արդյո՞ք 22 միլիոն դրամից ավելի գումար հատկացնել թուղթ գնելու համար, եւ եթե հաշվի առնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամիսներ առաջ դիտողություն էր արել նախարարություններին, որ թղթի վրա ավելորդ գումարներ են ծախսվում, հնարավոր է նաեւ նախարարության առաջարկը չընդունվի: Ֆինանսների նախարարությունը թանկարժեք էվկալիպտե թղթի գնման առաջարկը մերժել է: Կառավարություն ներկայացրած փաստաթղթում ֆիննախը նշել է`«Որոշման 1-ին կետով հաստատված «Թուղթ» ապրանքախմբում ներառված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերից տարբերվող ապրանքատեսակ չի կարող ձեռքբերվել»:
Կարդացեք նաև
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար համակարգչային եւ կրկին թանկարժեք սարքավորումներ գնելու մեկ այլ առաջարկ ֆիննախն առարկություններ չի ներկայացրել: Այսպես` սոցապահովության ծառայության համար առաջարկվում է գնել 75 հազար դրամանոց կրիչներ` «արտաքին կոշտ սկավառակ 1 ՏԲ հիշողության ծավալով USB-3.0, 2.5”, տվյալների փոխանակման արագությունը.- USB-3.0` 5 Գբիտ/վ, – USB-2.0` 480 Մբիտ/վ, առանց սնուցման աղբյուրի (սնուցումը USB պորտից)»: 5 հատ այս սարքավորումները, ինչպես ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը`ընդհանուր առմամբ կարժենա` 375 հազար դրամ, իսկ եւս 5 հատ, բայց ավելի քիչ հիշողությամբ կրիչները` 500 ԳԲ USB-2.0, 2.5”, eSATA, տվյալների փոխանակման արագությամբ, eSATA` 3 Գբիտ/վ, – USB-2.0` 480 Մբիտ/վ առանց սնուցման աղբյուրի (սնուցումը USB պորտից), կարժենա 325 հազար դրամ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն առաջարկում է գնել նաեւ 52 հատ մարտկոցներ, որոնց արժեքը, ինչպես նշված է փաստաթղթում` 3 միլիոն 380 հազար դրամ է, իսկ 200 հատ էլ այլ տեսակի մարտկոցների գինը նախարարությունը նշել է 1 միլիոն 500 հազար դրամ: Այսինքն` սոցապահովության ծառայության` կենսաթոշակառուների ցուցակները կազմելու թղթերը մի քանի անգամ ավելի թանկ են, քան համակարգչային սարքավորումները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ