Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հիշում որևէ պաշտոնյա, որ տղամարդավարի գյումրեցիներից ներողություն խնդրի` խաբելու համար». Լևոն Բարսեղյան

Հոկտեմբեր 02,2013 20:05

Այսօր Գյումրու «Սթիլ» պատկերասրահում, ուր այս պահին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ներկայացված է «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» մուլտիմեդիա ցուցահանդեսը, կազմակերպվել էր քննարկում «Գյումրի. երկրաշարժից 25 տարի անց» թեմայով: Ելույթ ունեցողները քաղաքի ճանաչված, ակտիվ հասարակական գործիչներն էին `անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքաշինության բաժնի պատասխանատուները, ինչպես նաև մուլտիմեդիա ցուցահանդեսի համակարգող, ծննդով գյումրեցի Վահրամ Մարտիրոսյանը: Վերջիններս խոսում էին այն մասին, թե այսքան տարիների ընթացքում ինչ է արվել ու ինչ չի արվել երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բավականին խիստ ելույթ ունեցավ, մի քանի խոսուն փաստեր ներկայացրեց` ցուցադրելով, որ գյումրեցի անօթևաններին մշտապես խաբել են` նրա առջև որևէ պատասխանատվություն չկրելով: «Ես մի քանի թվեր բերեմ, տարբեր տվյալներով երկրաշարժից առաջ Գյումրի քաղաքում բնակչությունը եղել է 221-234 հազար, 2011 թվականի հոկտեմբերի մարդահամարի պաշտոնական տվյալներով` 121 հազար 500 կարգի է, մենք գիտենք, որ թիվը իրականում դրանից էլ պակաս է: Աշակերտների թիվը երկրաշարժից առաջ բոլոր դպրոցներում, տարբեր տվյալներով, 52-56 հազար է եղել, մեկ ամիս առաջ մարզպետարանից իմ ստացած պաշտոնական տվյալներով Գյումրու բոլոր դպրոցներում աշակերտների թիվը 14 հազար 500-ի կարգի է: Այս երկու համեմատությունները բոլորիդ միանգամից հասկացնել է տալիս, թե Գյումրիին ուր է իջել: Պաթետիկ ելույթները, ռոմանտիզմը, մշակութային մայրաքաղաքի լո-լո-ները ցըմպա-պաները դրանք իրական մարդկանց կյանքում ոչինչ չեն փոխում» ,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նա նաև հիշեցրեց, որ հենց այս օրը ինքը խոստացել էր դարձյալ այցելել Գյումրու Մուշ և Անի թաղամասերի շինհրապարակ` ճշտելու, թե կառավարությունը նախաձեռնե՞լ է արդյոք այն լրացուցիչ 420 բնակարանների կառուցումը, որը խոստացել էր շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: «Այսօր, ինչպես գիտեք, սեպտեմբերի 32-ն է, դուք հիշում եք, երբ որ մենք օգոստոսի 31-ին, երբ այցելեցինք շինհրապարակ, հիշում էինք, որ իշխանությունը խոստացել էր սեպտեմբերին շահագործման հանձնել 420 բնակարան: Ես էլ խոստացա, որ սեպտեմբերի 30-ին չէ, 31-ին չէ, գոնե 32-ին կգնանք նայելու, եթե էդ բնակարանները լինեն, ես անունս փոխում- դնում եմ Գյուլչիտայ կամ Սերժ Սարգսյան: Բարեբախտաբար կառավարությունը ինձ էդ հնարավորությունը չտվեց անուն փոխելու և ցույց տվեց, որ ինքը ինստիտուցիոնալ իմաստով բացարձակ անպատասխանատու է: Երկու շաբաթ առաջ եկան, խոստացան, որ լավ դե մյուս սեպտեմբերին կհանձնենք էդ բնակարանները: Ուզում եմ մի քիչ էլ ետ գնանք, ուրեմն 98 թվականին քարոզարշավի շրջանակներում Քոչարյան Ռոբերտը խոստացավ աղետի գոտին վերականգնել, 2001-ին ավարտել: 2000-ին խոստացավ հետաձգել այդ ժամկետը մեկ տարով, 2002-ին ավարտել, 2001-ին խոստացավ ավարտել 2003 թվականին, 2003-2004-ին Քըրք Քրքորյանի «Լինսի» հիմնադրամի շնորհքներով մոտավորապես 2400 բնակարան հանձնվեց Գյումրիում , նաև մյուս բնակավայրերում և հայտարարվեց, որ աղետի գոտին վերականգնվել է, սա այլևս զարգացման գոտի է, չունենք մենք անօթևաններ: Պարոն Մարգարյանը (ի նկատի ունի Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին) այսօր ասաց, որ մենք ունենք դեռ 432 անօթևան ընտանիք, մոտ 9 տարի առաջ որևէ պաշտոնյա, որևէ իշխանավոր չէր ասում, թե ախպեր ջան` էս ո՞նց ես ավարտել, որ 4000 ընտանիք անօթևան է դեռ, որտեղից գոյացան էս անօթևանները, երբ 9 տարի առաջ աղետի գոտին վերականգնվել էր», -ասաց բանախոսը: Ըստ նրա, Գյումրիում դեռ անօթևաններ ունենալու պատճառներից մեկը կառավարության` 1998 թվականին ընդունված 432 խայտառակ որոշումն է, որը նախատեսում է անօթևան ընտանիքին փոխհատուցել երկրաշարժի ժամանակ կորցրած սենյակների քանակով բնակարան:Լևոն Բարսեղյանի տվյալներով, մոտ 1900 ընտանիքիներ, բազմացել ու կիսվել են, ընտանիքի մի կեսը նորակառույց շենք է տեղափոխվել, իսկ մյուս կեսը մնացել է տնակում, քանի որ այդքանով հնարավոր չէ ապրել փոքր բնակարանում: Օրինակ ասենք`երկրաշարժին այդ ընտանիքը 5 հոգանոց է եղել, հիմա բազմացել, դարձել է 15 հոգանոց: Ըստ Լևոն Բարսեղյանի, պետությունը այս մարդկանց փոխհատուցման արժանի չի համարում:

«Պետությունը այս մարդկանց փոխհատուցման ենթակա, փոխհատուցման արժանի չի համարում, չի ճանաչում, կա մոտ 600 ընտանիք, որոնք ժամանակին պատշաճ փոխհատուցվել են, վաճառել են իրենց բնակարանները կարիքից դրդված, գնացել են տնակ, փաստացի անօթևան են այս մարդիկ, մենք չենք ասում, թե էս մարդկանց բնակարաններ պետք է տրվի: Կան ներգաղթյալներ`300-400 ընտանիք, եկել Գյումրիում են ապրում և հայտնվել են տնակների մեջ, այս մարդկանց առաջ պետությունը իսկապես բնակարան փոխհատուցելու պարտավորություն չունի, այս խմբերի համար մենք առաջարկել են, առաջարկում ենք և պնդում ենք, որ պետությունը պարտավոր է սոցիալական բնակարանների հարց լուծել, որակյալ, մարդավայել, արժանապատիվ հանրակացարաններ ապահովել, որոնք կմնան պետության կամ համայնքնի սեփականությունը կամ եթե մասնավոր հովանավոր կներգրավվի, նրա սեփականությունը:Մարդիկ կապրեն, կվճարեն իրենց կոմունալ ծախսերը: Այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, ովքեր վաղը չէ մյուս օրը զինվոր են տալու հայոց բանակին կամ արտագաղթելու են: Մի խոսքով, էս անպատասխանատվության շքերթը շարունակվում է մինչև հիմա, որևէ մեկը` ոչ Քոչարյանը Ռոբերտի, ոչ էլ այժմյան գործող ռեժիմից որևէ մեկը ներողություն չի խնդրել պաշտոնական խաբեությունների համար: Ծրագրերի ձախողման համար մի պաշտոնյա չեմ հիշում, որ ելնի մարդավարի, տղամարդավարի ասի` ժողովուրդ, կներեք չի ստացվել, էս էս պատճառներով չի ստացվել, հետաձգել ենք»-ասաց Լևոն Բարսեղյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031